Գրքեր

Տնտեսի կիրակի

«Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկաս 16:9, 13):

 

Հոգևոր եղբայրներ և պատվարժան հայորդիք,

Վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե այս կիրակին մեզ դարձյալ հրավիրում է ապաշխարողական կյանքի, Ղուկասու Ավետարանում պատմվող Տնտեսի առակի խորհրդով, որի համար Մեծի Պահոց այս կիրակին կոչվում է նաև Տնտեսի կիրակի:

Առակում ասվում է, որ մեծահարուստ մի մարդ մի տնտես ուներ, որի մասին գանգատներ են հասնում իր ականջին, թե կչարաշահեր իր պաշտոնը: Մեծատունը կկանչե իր տնտեսին և կհրահանգե, որ հաշիվ տա: Հանցավոր լինելը զգալով, տնտեսը տագնապի կմատնվի և ինքն իրեն հարց կտա՝ «Ի՞նչ պիտի անեմ, երբ տնտեսի պաշտոնիցս զրկվեմ: Ո՛չ արհեստ գիտեմ, ո՛չ էլ մի բան եմ խնայել հետագա կյանքիս համար»: Բայց ճարպիկ և հնարամիտ անձ լինելով, ասում է՝ «Գիտեմ, ի՛նչ պիտի անեմ»: Անմիջապես գնում է և կանչում իր տիրոջ պարտապաններին և հարցնում.

- Ի՞նչ ես պարտք իմ տիրոջը:

Երբ նա պատասխանում է՝ հարյուր տակառ ձեթ, հրահանգում է, որ պարտամուրհակ պատրաստեն և գրեն հիսուն, իսկ 100 պարկ պարտք ունեցողի պարտքը դարձնում է 80:

Անկասկած այս բոլորն էլ հասնում է մեծահարուստի ականջին. այդպես են այս աշխարհի տերերը, թույլ չեն տալիս, որ իրենց ստացվածների և կալվածքների մեջ որևէ բան կատարվի առանց իրենց գիտության: Առակն ասում է, թե տերը որքան զայրացավ, նույնքան էլ համակրանքով վերաբերվեց տնտեսի արածին, որովհետև «իմաստութեամբ արար»: Շահեց պարտապանների համակրանքը՝ հուսալով, որ նեղության օրերին նրանք էլ բարյացակամությամբ կվերաբերվեն իրեն:

Առակի վերջում Հիսուս երկու կարևոր և հստակ պատվերներ է տալիս հավաքվածներին.

Առաջին՝ անիրավ մամոնան (մամոնան միշտ էլ անիրավ է) այնպես օգտագործեցեք, որ բարեկամներ շահեք, որպեսզի երբ այն ձեզ պակասի՝ դուք  կարողանաք հավիտենական հարկերու տակ ընդունվել:

Երկրորդ՝ չեք կարող թե՛ Տեր Աստծուն և թե՛ մամոնային միաժամանակ ծառայել:

Սիրելիք, մեր Փրկչի պատմած առակները հեքիաթներ չեն, որոնց կարելի է մի պահ ականջ դնել, տպավորվել, բարոյական մի դաս առնել և վերջ: Դրանք մեզ լինելու կամ չլինելու, փրկվելու կամ կորստյան դատապարտվելու ճանապարհը ցույց տալուն կոչված պատգամներ են: Ըստ Ս. Գրոց մասնագետներու, Փրկիչ ինք չէր հորինել այս պատմությունները, այլ կքաղեր իր օրերում պատահած դեպքերից, որոնք այսպիսով կյանքից վերցված օրինակներ էին:

Կարևորը, սակայն, առակը ճիշտ մեկնաբանելն է: Պետք է ընդունել, որ, իրավամբ, դժվար է այս առակին ճիշտ մեկնաբանություն տալը: Վերջիվերջո գործ ունենք մի խարդախ և ստախոս անձի հետ, որ իր տիրոջն է խաբում և չարաշահում, իսկ տերը փոխանակ նրան սաստելու և պատժելու՝ գովում է:

Մամոնան ոչ միայն փող-դրամ հասկացությունն է, այլ նաև ընդգրկում է նյութական այն բոլոր բարիքները, որոնցով մենք կարողանում ենք լավ կյանք ապահովել: Սուրբ Գրքի կարգ մը մեկնաբաններ այս առակի իմաստը խտացնում են բարոյական այն հորդորի մեջ, համաձայն որի մենք պարտավոր ենք մեր նյութական բարիքները օգտագործել այնպես, որ շահենք մարդկանց բարեկամությունը, որպեսզի նրանք մեզ օգնեն մեր դժվարին օրերին: Ուրիշներ ենթադրում են, որ մեր Տիրոջ մեզ փոխանցած ճշմարտությունն այն է, թե մենք ոչ թե տնտեսներ ենք, այլ՝ ժամանակավոր տնտեսներ: Մեր կյանքը, մեր նյութական գոյությունը և բարիքները տեր ունեն, մերը չեն: Մենք նրանց ժամանակավոր պատասխանատուներն ենք, նրանց համար հաշիվ պիտի տանք, երբ զանոնք վերադարձնենք մեր Տիրոջը կամ նրանք մեզանից պահանջվեն Տիրոջ կողմից հարմար նկատված ժամանակին:

Ըստ մեզ, սակայն, Փրկիչն ավելի կարևոր մի հարցադրում է կատարում. ի՞նչ պիտի պատահի, երբ մամոնան մեզ պակասի: Ի՞նչ պիտի անենք մենք, երբ նյութական աշխարհը, նրա բարիքները մեզ պակասեն:

Կկարծեք՝ պարզ հռետորական հա՞րց է սա. մամոնան չի՞ պակասում: Ոչ միայն մեզ մոտ, Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մամոնան միշտ պակասում է: Բոլոր պատերազմները, աշխարհի մեջ ծագած բոլոր դժվարություններն ու տագնապները մամոնայի մսխվածության կամ պակասության արդյունք են: Երբ մեր հույսը դրել ենք նրա վրա, ինչպե՞ս պիտի կարողանանք բարեկամներ շահել, կամ մեզ համար հավիտենական հարկեր ապահովել:

Տեսեք, երբ մոռանում ենք մեր ժամանակավոր տնտեսներ լինելու իրողությունը, երբ անտեսում ենք հաշվետու լինելու մեր պատրաստակամությունը, ի՜նչ ճակատագրական սխալներ ենք գործում: Ոչ միայն մեր սեփական կորստյան, այլև միլիոնավոր ուրիշ մարդկանց ճակատագրի հետ ենք խաղում: Ի՜նչ պիտի անեն այն մարդիկ, ովքեր մամոնա չունեն: Ի՜նչ պիտի անենք մենք, երբ մամոնան պակասի մեզ: Մեր տերերի բարեկամությունը շահելու կարողությունից պիտի զրկվե՞նք: Հավիտենական հարկերի ներքո ընդունվելու պատեհություն պիտի չընծայվի՞ մեզի:

Բայց չէ՞ որ մամոնան միշտ պակասում է և պիտի պակասի: Ե՞րբ են հարուստները հագենում, որ աղքատները մի օր կարողանան հագենալ: Տակավին կա ավելի ահավոր այն պահը, երբ մահվան օրը մեր ունեցած և՛ նյութական կյանքը, և՛ ամբողջ մամոնան մեզանից պիտի առնվեն և վերացվեն: Մեր Տիրոջ առաջ պիտի հայտնվենք մերկ և մեր ձեռքում նյութական ոչինչ պիտի չունենանք մենք մեզ արդարացնելու: Նյութապաշտ կյանքի ահավոր վախճանի մասին այս հարազատ պատկերը մեզ ուսուցանում է ուշադիր լինելու մեր Փրկչի տված հետևյալ ազդարարությանը.

Մարդիկ, լինելով ժամանակավոր տնտեսներ, իրավունք չունեն և չեն փրկվի միայն ժամանակավոր բարեկամություններ ամրապնդելով և նյութական կարիքների գոհացման միջոցներ ապահովելով: Դրանք ժամանակավոր հարկեր են, որոնցից ամեն վայրկյան դուրս վտարվելու վտանգին ենթակա ենք: Պաշտոնից հեռացվելու վտանգը և անապահովությունը նույնքան իրական են, որքան մեր պաշտոններն ու մեր ժամանակավոր տնտեսի հետ մեր բարեկամությունը: Պատճառը մեկն է. մարդիկ սխալական են, անվստահելի, նույնքան խաբեբա՝ որքան հավատարիմ, այնքան բարի՝ որքան չար, որչափ արտադրող՝ նույնքան և մսխող: Չի կարելի միայն մամոնային ծառայելով ապահովություն գտնել, որովհետև մամոնան միշտ պիտի պակասի: Իսկ մամոնային ծառայելով՝ արդեն ծառայում ենք ժամանակավոր տերերին և մոռանում մեր կյանքի իսկական հավատարիմ, մշտարթուն և ճշմարտապես սիրող իսկական Տիրոջը՝ Աստծուն: Մենք մեզ խաբում ենք, երբ ասում ենք, թե այս աշխարհում գտնված ժամանակամիջոցում պետք է ծառայել մամոնային, իսկ անդենականի մեջ Աստծո հետ մի կերպ լեզու կգտնենք: Կարելի չէ երկու տիրոջ ծառայել: Մամոնան մեզ գերում է, ստրկացնում և չի թողնում, որ մենք մերձենանք, հնազանդվենք և ծառայենք մեզ ազատագրող, փրկող և հավիտենական հարկեր մեզ համար պատրաստող Աստծուն:

Չի կարելի ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային:

Իրապես, որքան դժվար է հասկանալ և մեկնաբանել այս առակի տարողությունը և իմաստը: Առանց մեր կյանքի հավիտենական տարողության ընկալման և չափանիշներին՝ որքա՜ն շուտ և որքա՜ն շատ ենք սխալվում և շփոթվում: Բայց մեր Եկեղեցու Հայրերը, տեսե՛ք, մեզ օգնում են, որ ուղիղ ընկալենք աստվածաշնչական դասերը: Այսօրվա մեր աղոթքների և շարականների մեջ ի՜նչ ներշնչիչ և իմաստուն հորդորների ենք հանդիպում: Պիտի փափագեի, որ բոլորիս ուշադրությունը մի պահ կենտրոնանար շարականի հետևյալ տողերի վրա. «Որ շինեցեր բարձրագոյն զեկեղեցի քո խորհրդեամբ եւ ի սմա կարգեալ տնտես զքարոզ բանին ճշմարտութեան, օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ»:

Աշխարհի և տիեզեքի Ճարտարապետն իր ստեղծագործության ծրագրի մեջ միայն նյութական, տեսանելի այս աշխարհը չէ, որ արարել է. կա ավելի մեծ և հզոր ճարտարապետական ոգեղեն կառույց, որ Եկեղեցին է՝ Աստծո խորհրդական Մարմինն այս աշխարհի և տիեզերքի մեջ Իր ներկայությունն իրականացնող և ամրապնդող մի Աստվածամարդկային հաստատություն, որ մեր ուշադրությունը սևեռում է մարդու և մարդկային կյանքի հավիտենական չափանիշների և արժեքների վրա:

Այս առակը ճիշտ հասկանալու և մեկնաբանելու համար մի շատ կարևոր բառի վրա պետք է սևեռենք մեր ուշադրությունը՝ յաւիտենական յարկեր: Մարդը հավիտենական արժեք է, մեր կյանքը հավիտենությանն է սահմանված: Ճիշտ է, այս աշխարհում մենք ապրում ենք ժամանակի մեջ և ժամանակավոր, անցողական արժեքներով ու խնդիրներով ենք զբաղվում, բայց մեր տունը և հանգիստը մենք  գտնում ենք հավիտենական հարկերի տակ և հավիտենական արժեքների մեջ: Խաբվեցի՞նք և տարվեցի՞նք ժամանակավոր և խաբուսիկ երևույթներով կամ վարձատրությամբ, այն ժամանակ կդառնանք անիրավ տնտեսներ և կորստյան կմատնըվենք: Իսկ եթե հավատարի՛մ մնացինք մեր հավիտենության տենչին և առավել կյանքին. այդ ժամանակ է, որ կդառնանք բարի ծառա, ազնիվ և հավատարիմ: Փոքր բաների մեջ հավատարիմ մնալով Աստծուն, արժանի կլինենք ավելի մեծ վարձատրության:

Մեծի Պահոց այս օրերին, երբ բոլորս գիտակցական ճիգով փորձում ենք ավելի մերձենալ Աստծուն և Աստվածայինին, իմ աղոթքն ու մաղթանքն է, որ մենք հետամուտ չլինենք միայն ու միայն նյութական և մամոնայի մեզ տված ժամանակավոր և խաբուսիկ ապահովություններին ու ժամանակավոր ապավեններին: Փնտրենք նաև հոգևոր սխրանքը, բարոյական հզորությունն ու տոկունությունը: Իրավամբ, քանի որ մարդն Աստծո համար հավիտենական արժեք է, Աստված վարձատրել է նրան հավիտենական կյանքով, ուստի չգոհանանք այն փոքրով և փոքրոգի չափանիշներով, որոնց միջոցով նյութապաշտ, ընչաքաղց և աշխարհիկ կենցաղը մեզ կաշկանդում ու պարտավորեցնում է: Մենք ազատ Հայաստանի և ամեն օր մեզ ազատագրող Աստծո հարազատ զավակներն ենք: Մենք ազատ ենք ընտրելու մեր կյանքի ուղին, մենք ազատ ենք ընտրելու մեր ցանկացած չափանիշները:

Երանի չշփոթվենք, չդառնանք անիրավ տնտեսներ, մանավանդ մեր Հայրենիքի և ժողովրդի համար ճակատագրական այս օրերին:

Դարերով մենք հավատացինք, որ Հայաստանը և Հայոց Եկեղեցին մեր ժողովրդի ամենեն ապահով և հարազատ հավիտենական հարկերն են, որոնք կոչեցինք մայր, որովհետև նրանց տված սնունդով մենք հավատացինք, որ հավիտյան կապրենք և հավիտենության համար կապրենք:

Համոզված եմ, որ այդ հավատով է, որ մենք տակավին երկար կապրենք և կկառուցենք մեր նոր կյանքը, որ բոլորիս համար Աստծուց մեզ պարգևված մեծագույն շնորհն է:

 

Տ. Տաթև արք. Սարգսյան

(Քարոզը խոսվել է Մայր Տաճարում՝ տնտեսի կիրակիին, 3 մարտի 2002 թ.)

 

04.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․