Գրքեր

Տնտեսի կիրակի

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի: Այս օրն ընթերցվում է Անիրավ տնտեսի մասին առակը (Ղուկ. 1-8):

Քրիստոս հաճախ մարդկանց ուսուցանում էր առակներով: Երբ առաքյալները Տիրոջը հարցրեցին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ», Քրիստոս պատասխանեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ Երկնքի Արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ» (Մատթ. 13.10-11): Իր քարոզչության սկզբում Քրիստոս խոսում էր ավելի պարզ, առանց առակների, ինչպես օրինակ Լեռան քարոզը (Մատթ. 5-7), որտեղ պարզությամբ ու հստակությամբ ասված է խոսքը: Բայց դրանից հետո Քրիստոս սկսեց առակներով խոսել, որպեսզի նաև կատարվի մարգարեի խոսքը, ինչպես Քրիստոս Ինքն է նշում. «Եվ նրանց վրա կատարվում է Եսայու մարգարեությունը, որ ասում է` պիտի լսեք, պիտի լսեք ու պիտի չիմանաք, պիտի նայեք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք. որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր են լսում. և փակեցին իրենց աչքերը, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն և սրտով չիմանան և դարձի չգան, ու Ես նրանց չբժշկեմ» (Մատթ. 13.14-16, Եսայի 6.9): Քրիստոս նաև ասում էր. «Նրանց հետ առակներով եմ խոսում նրա համար, որ նայում են և չեն տեսնում, լսում են և չեն իմանում ու չեն հասկանում» (Մատթ. 13.13): Պատճառն այն էր, որ շատ մարդիկ անտեսում էին ուսուցումը` առավել հետաքրքրված հրաշքներով կամ արտասովոր իրադարձություններով: Օրինակ` երբ Քրիստոս պատմեց վերջացրեց Սերմնացանի առակը, միայն առաքյալները մոտեցան և հարցրին, թե որն է առակի իմաստը, մինչդեռ ժողովրդից ոչ ոք չմոտեցավ (Մատթ. 13.36):

Անիրավ տնտեսի առակը պատմում է մի տնտեսի մասին, որի անիրավությանը տեղյակ դառնալով` նրան աշխատանքից ազատելուց առաջ տերը հաշիվ է պահանջում: Իսկ տնտեսը մարդկանց բարեհաճությանն արժանանալու և նրանց հարկերի տակ ընդունելություն գտնելու համար տիրոջ պարտապաններին զիջում է նրանց պարտքի մի մասը, որի համար տերը տնտեսին գովում է: Զարմանալի է, որ մեծահարուստ մարդը գովեց իր տնտեսին, որովհետև նա կրկին մի քանի մեղքեր գործեց` խաբեց իր տիրոջը, կեղծեց պարտամուրհակները, ուրիշների հաշվին հետագայում ապրելու ծրագրեր ունեցավ:

Ըստ արտահայտված կարծիքների` տնտեսը պարտատերերին զիջեց միայն գործարքից իրեն հասանելիք դրամը, այսինքն` նա նաև ի բարին փոխեց իր մտքերը: Նախկինում անիրավ տնտեսի համար մարդը միջոց էր դրամի, իսկ հիմա հակառակը, նա գործածում է նյութականը` մարդկանց բարիք անելով: Դրա համար է, որ տերը գովում է տնտեսին: Առակի խորհուրդն այն է, որ մարդը տնտես է այս աշխարհում, Աստված աշխարհի բարիքները տվել է մարդուն, և մարդն իր ձեռքի տակ եղածից պետք է օգնի նաև ընկերոջը, մարդկանց բաժին հանի իր ունեցվածքից և ողորմություն անի: Քրիստոս խոսում է մամոնայի, այսինքն` դրամի, նյութականի խելացի օգտագործման մասին և շեշտելու համար առակի բուն իմաստը, այն պատմելուց հետո ասում է. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16.9): Իսկ մեկ այլ տեղ ասում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և` մամոնային» (Մատթ. 6.24, Ղուկ. 16.13): Ժողովրդական խոսքն ասում է. «Ավելի լավ է ունենալ հարյուր բարեկամ, քան հարյուր դահեկան»: Բայց մեկը, հեգնելով այս խոսքը, ասել է, որ եթե ունենաս հարյուր դահեկան, կունենաս նաև հարյուր բարեկամ, որոնք, իհարկե, կեղծ բարեկամներ կլինեն` շահ քաղելու նպատակով: Մենք պետք է հստակ գիտակցենք միջոցի և նպատակի տարբերությունը, որպեսզի նաև նյութական հարցերում դրամը լինի ոչ թե նպատակ, այլ միջոց բարեգործության: Մինչդեռ ոմանք նույնիսկ բարեգործությունը դարձյալ միջոց են դարձնում դրամի ձեռքբերման նպատակի համար: Առակին հաջորդող տերունական խոսքերն են. «Այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկ. 16.8): Լույսի որդիներ են կոչվում փարիսեցիները, ովքեր իրենց մասին կարծում էին, թե արդարությամբ լուսավորյալ են: Իսկ աշխարհի որդիներն են մաքսավորներն ու մեղավորները, հեթանոսները, սակայն նրանք ավելի հնարամիտ գտնվեցին` ընդունելով քրիստոնեությունը: Կարծեցյալ լուսավորյալների սերնդի մասին խոսքով Քրիստոս ակնարկում է նաև այն տեսակի մարդկանց, ովքեր փարիսեցիաբար իրենց արդար են կարծում, բայց իրականում չեն ապրում ճշմարիտ քրիստոնեական կյանքով:

Առակի խորհուրդները մեր կյանքում գործադրելով` ողորմությամբ, բարեգործությամբ, ներելով, կապրենք ոչ թե որպես անիրավ տնտեսներ, այլ Տիրոջ հավատարիմ տնտեսներ` արժանի հավիտենական հարկերի տակ ընդունվելու:

Անիրավ տնտեսի առակը

Շատ հետաքրքիր և առաջին հայացքից ինչ-որ առումով նույնիսկ տարօրինակ է Քրիստոսի պատմած առակը անիրավ տնտեսի մասին: Տերն իմանում է, որ իր տնտեսը վատնում է իր ունեցվածքը և նրանից տնտեսության հաշիվն է պահանջում: Իսկ տնտեսը մտածում է այնպես անել, որ աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ իրեն ընդունեն իրենց տները, և ինքը նրանց հաշվին ապրի, քանի որ նա այլ աշխատանք անել չէր կարող, իսկ մուրալ ամաչում էր: Եվ նա Տիրոջ պարտապաններին կանչում է իր մոտ և նրանց մուրհակներից պարտքի կեսը ջնջում է և այդ պարտքը նրանց շնորհում: Եվ ահա հենց այստեղ է ամենազարմանալին: Քրիստոս ասում է, որ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց: Սակայն մեզ համար զարմանալի է այս գովեստը: Մաղաքիա Պատրիարք Օրմանյանը, այս առակին անդրադառնալով, հետևյալ իրավացի հարցն է տալիս. «Տիրոջ ունեցվածքի դեմ խարդախելը մեկ հանցանք, մուրհակներ փոխել տալը մեկ այլ հանցանք, անիրավ շահ պատրաստելը ևս հանցանք և հետագայում ուրիշների հաշվին ապրելու մտադրությունը մեկ ուրիշ հանցանք: Ուրեմն ինչի՞ համար տերը գովեց նրան»: Այս ամենը պարզ է դառնում առակի բացատրությունից: Մեծահարուստը Աստված է, իսկ տնտեսը` մարդը, որն իրեն տրված կյանքը հաճախ Աստծո պատվիրաններին հակառակ ապրելով մեղանչում է Տիրոջ դեմ: Տիրոջ պարտապաններին ներելը մարդու ներելն է իր դեմ մեղանչածներին: Երբ որևէ մեկը մեղք է գործում մեր դեմ, նա առաջին հերթին մեղք է գործում Աստծո դեմ, ինչպես որ որևէ մեկի դստեր դեմ ուղղված վիրավորանքը առաջին հերթին վիրավորանք է նրա հոր հանդեպ: Եվ հետևաբար, եթե մարդը ներում է իր դեմ մեղք գործածներին, ներում է առաջին հերթին Աստծո դեմ մեղանչածներին: Եվ մարդկանց ներելու Աստծո պատվիրանն իրագործելով` մարդն իր համար տեղ է պատրաստում Երկնքի Արքայության մեջ` արժանանալով նաև Աստծո հավանությանը:

Աստծո արդարությունը բոլորովին նման չէ մեր մարդկային արդարությանը: Օրինակ` եթե ավետարանական մեկ այլ առակում հիշվող փարիսեցին և մաքսավորը (Ղուկ. 18.9-14) տաճարի փոխարեն դատարան գնային, և ամեն մեկն ասեր այն, ինչ ասացին տաճարում, ապա անկասկած փարիսեցուն պատվով կճանապարհեին դատարանից, իսկ մաքսավորին կդատապարտեին տարիների ազատազրկման: Մինչդեռ Քրիստոս ասում է, որ մաքսավո՛րը իր տուն գնաց արդարացած և ոչ թե փարիսեցին (Ղուկ. 18.14): Այսինքն` Աստծո արդարությունը վեր է մարդկային արդարությունից: Եկեղեցու մեծ դեմքերից Իսահակ Ասորին ասում է` Աստծուն չի կարելի արդար կոչել, որովհետև մեզ դատում է ոչ թե արդարության օրենքներով, այլ` գթության: Եկեղեցական մեկ այլ հեղինակ նշում է` Աստված միայն մի ցանկություն ունի ներել և ներել: Ահեղ դատաստանի ժամանակ ևս չի ցանկանալու դատել, այլ արդարացնել բոլորին: Եվ կարդարացնի բոլորին, միայն թե մի փոքր հնարավորություն լինի: Շատերս մեր հոգուն ծանրացած այնպիսի մեղքեր ունենք, որոնք հաճախ բարձրաձայն ասելու դեպքում մեծ և ահավոր ամոթ ենք զգում: Սակայն մենք էլ, իբրև անիրավ տնտեսներ, ներենք մեր պարտապաններին, մեր դեմ մեղանչածներին, որպեսզի Աստված էլ մեզ արդարացնի և արժանացնի Երկնքի հավիտենական Արքայության:

Կրկին անրիավ տնտեսի առակի մասին

Առակում գործող գլխավոր անձը` տնտեսը, իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է. «Հարյուր տակառիկ ձեթ»: Եվ տնտեսը նրան ասում է. «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր` հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքա՞ն պարտք ունես». և սա ասաց. «Հինգ հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր` չորս հարյուր»: Երբ Տերն իմանում է տնտեսի արածը, ոչ թե զայրանում է, այլ ընդհակառակը, գովում է տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց (Ղուկ. 16.5-8): Առակի իմաստը հաճախ անհասկանալի է, երբ այն դիտարկում ենք իբրև պատմություն մարդկանց միջև հարաբերությունների մասին, սակայն ըմբռնելի է դառնում, երբ այն դիտում ենք իբրև հարաբերություններ մարդկանց և Աստծո միջև: Առակում հիշվող տերը Աստված է, տնտեսը` մարդը, տնտեսությունը` այս աշխարհի բարիքները: Մարդն իր ձեռքի տակ եղող բարիքներից ուրիշներին բաժին հանելով գովեստի է արժանանում:

Առակի մեջ Տիրոջ և նրա պարտապանի պարտքի ներման գործում առկա է մեկ այլ մարդ: Ելնելով առակի ենթատեքստից` մեղքերի ներման գործում էլ հոգևորականն է միջնորդ Աստծո և մարդու միջև: Աղանդավորները, բողոքականները-ավետարանականները սա ընդունելի չեն համարում` շեշտելով, թե միայն զղջումը բավական է Աստծո կողմից ներման արժանանալու համար: Հայ ավետարանչականների վերնախավը, իրենց հետևորդներին անհիմն կերպով սովորեցնում է, թե նույն եկեղեցին են, ինչ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, սակայն նույնիսկ այս հարցում էլ նմանություն չեն դրսևորում: Իրականում մարդը մեղք է գործում մի քանի ուղղություններով: Եթե մարդը միայն Աստծուց ներում հայցի և չգնա ու ներողություն չխնդրի այն անձից, ում վիրավորել է կամ այլ վնաս պատճառել, ինչքան էլ զղջա, Աստված նրա ներումը չի ընդունի, ինչպես որ Տերունական աղոթքում է ասվում. «Ներիր մեզ, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին»: Մարդը մեղք է գործում հիմնականում երեք ուղղություններով` Աստծո, Եկեղեցու և մարդու դեմ: Հետևաբար, նրա զղջումն էլ պետք է լինի այս երեք ուղղությունների նկատառումով: Եկեղեցու դեմ մեղքը Եկեղեցու կողմից կարգված կանոնների խախտումով է նաև ընկալվում, և բացի Աստծո առջև զղջումից ներվում է հոգևորականի առջև խոստովանումով: Իսկ այլ մարդու դեմ մեղքը ներվում է նրանից ներում խնդրելով և արած չարիքի փոխարեն բարիք հատուցելով: Սակայն, բացի այդ, հոգևորականի միջոցով մեղքերի թողությունը հիմնված է Քրիստոսի խոսքերի վրա, և սա անտեսող մյուսներն են շեղվում Ավետարանից: Քրիստոս առաքյալներին ասաց. «Ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ. 18.18): Ոմանք կարող են ասել, որ կապելն ու արձակելը փոխաբերական իմաստ ունի: Բայց Հովհաննես Ավետարանիչը, մեղքերի թողության մասին խոսելով, ավելի հստակ է ասում այս մասին: Քրիստոս առաքյալներին իշխանություն տվեց դևեր հանելու, բժշկելու, սակայն հենց մեղքերի թողության իշխանությունը մեծապես կարևորելով, ինչպես ասում է Ավետարանիչը, այս շնորհը տալիս փչեց առաքյալների վրա` ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (20.22-23):

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

23.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․