Գրքեր

Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:

«Եկեք շինենք լույսի սուրբ խորանը, որովհետև սրանից ծագեց մեզ համար լույսը Հայաստան աշխարհում» (Շարակնոց):

 

 

Հայ Առաքելական Մայր Եկեղեցու հավատավոր զավակներ,

Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի հայտնի շարականի տողերն են դարեր ի վեր հնչում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների սուրբ կամարների տակ այս օրը՝ նշանավորելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը, և նվիրյալ հավատացյալների սրտերից ծնված և շուրթերից թռած աղոթքներին միահյուսվելով՝ հասնում մինչև Միածին Աստծո իջման սուրբ վայրը: Հայ Առաքելական Եկեղեցու ճշմարիտ հետևորդների համար այսօր իրապես մեծ տոն է, ահավոր ու հիասքանչ մի իրադարձության հիշատակության տոնը: Այո՛, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այսօր տոնն է Քրիստոսահիմն սրբալույս Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Ինչո՞ւ ահավոր, կհարցնեք դուք, կպատասխանեմ՝ որովհետև Ամենազոր ու Ամենակալ Աստված, Ում ենթարկվում են երկնային զորքի անհամար գնդերը, տիեզերքն ու բնության ուժերը, Նա, Ով երկու հազար տարի առաջ կատարեց Իր փրկչական առաքելությունը երկրի վրա ու վերադարձավ Երկինք, մոտ երեք դար անց կրկին երկիր իջավ տեսիլքի միջոցով, որպեսզի անձամբ հիմքը դնի համայն հայության Մայր Եկեղեցու: Հայ ժողովրդի համար ավելի մեծ պատիվ և միևնույն ժամանակ մեծագույն պատասխանատվություն ես չեմ պատկերացնում, սիրելի՛ հավատացյալներ: Եվ այս ամենը մեր առաջին ու մեծագույն հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անսասան հավատի, անմնացորդ նվիրման ու անսահման հավատարմության շնորհիվ: Հավերժ Մարդասերն ու Անեզր Բարեգութը առանձնահատուկ ողորմածությամբ պատասխանեց իր հավատի համար անասելիորեն չարչարված և տարիներ ի վեր խավար գբում կենդանի թաղված սրբի աղոթքներին: Լուսավորչի անաղարտ հավատի ծնունդը եղավ Էջմիածինը, որ հոգևոր ոսկե թելերով Հայոց հողը հավիտենապես կապեց Երկնքին: Հայոց երկնակամարը լուսավորվեց աստվածային մաքրամաքուր լույսով: Այն ծորաց ու շողարձակող ցոլքով կաթեց երբեմնի եդեմական պարտեզի հողի վրա և իջյալ Աստծո պատկերը դաջեց նրա սրտում: Հայոց Քահանայապետական աթոռը ծնվեց Միածնի էջքից և լծվեց Քրիստոսի ավանդած փրկչական առաքելության իրականացմանը: Էջմիածինը ծնվեց Քրիստոսից և ի դեմս մյուս Հայ Առաքելական եկեղեցիների՝ ծնեց Քրիստոսակիր բազում զավակներ: Ուստի, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, վստահաբար կարող ենք ասել, որ այսօր նշում ենք մեր հոգևոր Մոր ծննդյան տոնը:

Մայր եկեղեցի, Մայր հայրենիք, Մայրենի լեզու… Ամենևին էլ պատահականություն չէ, որ մարդը «Մայր» է կոչում այն ամենաթանկն ու անգնահատելին, որ ունի: Անպատմելի հարուստ ու երջանիկ է նա, ով լիովին գիտակցում է իր ունեցածի արժեքը, և անասելի թշվառ ու ողորմելի է այն մարդը, ով չի հասկանում իրեն տրված գանձի արժեքը: Մենք ծնվում ենք անչափելի մեծ ժառանգությամբ, որն անկողոպտելի է ինքնին, եթե ինքնակամորեն չհրաժարվենք դրանից, սակայն, ցավոք, շատ հաճախ, իրական հարստությունը թողած՝ ողջ կյանք ենք վատնում մտացածին հարստություն որոնելիս: Առակը պատմում է մի մարդու մասին, ով, տուն ու ընտանիք մոռացած, ողջ կյանքը փնտրեց իր կարծիքով աշխարհի ամենագեղեցիկ հարստությունը՝ ալմաստ քարը և երբ վերջապես գտավ այն, տաշեց, մշակեց ու արդյունքում մի հիանալի ադամանդ ստացավ: Տարիքն առած մարդը կախազարդ պատրաստեց այդ քարից ու վերջապես տուն վերադառնալով՝ կախեց արդեն հասուն դստեր պարանոցից: Բոլոր տեսնողները հիանում էին նրանով և ասում, որ նա ուղղակի չնաշխարհիկ գեղեցկություն ունի, և խոսքն ամենևին էլ ադամանդի մասին չէր, որի փնտրտուքներին իր կյանքը նվիրեց այդ մարդը, այլ իր դստեր, որն իրեն պարգևված էր Աստծուց, սակայն որի արժեքն այդպես էլ չէր հասկացել…

«Հայոց Հայրապետական աթոռն աստվածային պարգև է մեզ համար՝ դարերի պատմությամբ սրբագործված և խոր արմատներ ձգած հայ ժողովրդի կյանքի մեջ»,- ասել է Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսը, և իսկապես, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այն անգին գոհարն է, սրբության սրբոցը, որ ունենք մեր ծննդյան օրվանից և որը Տեր Աստված անձամբ է պարգևել մեր ժողովրդին: Նա տվել է մեզ մի սիրող ու հոգատար Մայր, որն ամեն ինչ անում է իր զավակների հոգևոր կյանքի և ապագայի համար: Քրիստոնյա առաջին արքայի և հայոց առաջին հայրապետի ձեռքերով կառուցված սրբարանը բազմաթիվ հողմեր ու փոթորիկներ է տեսել պատմության ընթացքում, սակայն Բարձրյալ Աստծո հովանու տակ աներեր է մնացել և դարեր ի վեր ծառայում է ի բարօրություն իր հավատացյալ զավակների: Հայ ժողովրդի պատմության դառնագին էջերը անքակտելի կերպով միավորել են աստվածակիր հային ու աստվածահիմն եկեղեցուն: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձել է ազգային դիմագիծ ունեցող եկեղեցի և Քրիստոսապատվեր առաքելությունից զատ, իր ուսերին է վերցրել նաև հայապահպանության ծանր առաքելությունը: Համոզվելու համար թերթե՛ք Հայոց պատմության էջերը, կարդացե՛ք Ներսես Մեծ, Հովսեփ Ա Հողոցմեցի, Սահակ Ձորափորեցի, Հակոբ Ջուղայեցի, Եսայի Հասան-Ջալալյան, Ներսես Աշտարակեցի, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսների և շատ ու շատ այլ հոգևորականների մասին, որոնց հայրենասիրությունը, վճռականությունն ու անձնվիրությունն ուղղակի անփոխարինելի դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի լինելիության հարցում: Սակայն Մայր Եկեղեցին ոչ միայն քաջարի ու հայրենանվեր զավակներ է պարգևել հայ ժողովրդին, այլև նրա սրբազան ծոցից են ելել մեծանուն գիտնականներ ու պատմիչներ, բժիշկներ ու արվեստագետներ, վարդապետներ ու պետական գործիչներ, մարդիկ, ովքեր արարել են ոչ միայն Հայ Եկեղեցու, այլ նաև հայոց պետականության ու հայի ինքնության պահպանման ու ամրապնդման համար: Ես չեմ ուզում անուններ առանձնացնել այսօր, սակայն պիտի վստահեցնեմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որ ի փառս Ամենակալի, մեր Մայր Եկեղեցում այսօր էլ բազմաթիվ հոգևորականներ ու նվիրյալ զավակներ իրենց անխոնջ աշխատանքի հարուստ պտուղներն են բերում հայոց պետականության, մշակույթի և ազգային այլ հիմքերի պահպանության ու հզորացման գործում:

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաստատման տոնի կապակցությամբ, սիրելինե՛ր, և աղոթում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի ձեր սրտերն իսկական որդիական սիրով լցվեն առ մեր բոլորի Մայր Եկեղեցին, որպեսզի հասկանանք, որ Էջմիածինը վանքի խնկաբույր պատերը չեն միայն, այլ առաջին հերթին հոգևորականներն ու հավատացյալ ժողովուրդը, որոնց միաբանությամբ կազմվել է Սուրբ Եկեղեցու մարմինը: Մենք մի ամբողջություն ենք, միմյանց լրացնող մասնիկներ՝ մեր թերություններով ու առավելություններով հանդերձ: Ինչպես «Էջմիածին» ուխտավորի երգում է ասվում՝ ամեն մեկս մի կաթիլ խունկ ենք Եկեղեցու բուրվառում: Մենք մի մարմնի տարբեր անդամներ ենք. որ կոչված ենք միմյանց օգնելու և սիրով լրացնելու: Ուստի ուզում եմ, որ Եկեղեցու անդամներից որևէ մեկին փնովելուց և քննադատելուց առաջ միշտ հիշեք, որ նա ձեզ պես վերստին ծնունդ է առել Սուրբ Մկրտության ավազանից և Տիրոջ նույնպիսի որդեգիր զավակ է, ինչպիսին դուք եք: Տեր Հիսուս Քրիստոս նրա ճակատն էլ է համբուրել սուրբ մյուռոնի դրոշմով և նրա փրկվելը կամենում է ճիշտ այնքան, որքան ձերը: Եվ ի վերջո, որևէ մեկին դատելը Եկեղեցու Գլխի գործն է, որ Է Տեր Հիսուս Քրիստոս՝ երեկ, այսօր և հավիտյանս: Իսկ մեզ՝ մեղավորներիս, մնում է միայն աղոթել միմյանց և մեր հոգևոր մոր՝ Սուրբ Էջմիածնի բարօրության և անսասանության համար, և խնդրել սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը, որպեսզի Երկնավոր Քահանայապետն Իր ամենազոր Աջով պահպանի մեր երկիրը, մեր Եկեղեցին ու մեր ժողովրդին և առաջնորդի դեպի Իր հավատարիմ հոտի համար պատրաստած երկնային օթևանները՝ հավիտյանս օրհնելու և փառաբանելու Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

 

03.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․