Գրքեր

Ծաղկազարդ

«Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա» (Մտթ. 21:5):

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,

Այս տարվա Մեծ Պահքի մեծախորհուրդ ու հոգեպարար շրջանն ահա հասնում է իր լրումին և կանգնած ենք այլևս Սուրբ Հարության սքանչելի տոնի շեմին: Աղոթքով, զղջման անկեղծ արտասուքով ու ապաշխարությամբ շատ թե քիչ սրբված ձեր հոգիներն այսօր առանձնահատուկ սիրով են շտապել եկեղեցի՝ ներկա գտնվելու և դիմավորելու Տեր Հիսուս Քրիստոսի փառապանծ մուտքը Երուսաղեմ: Այսօր Ծաղկազարդ է, սիրելինե՛ր, որ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է նաև երեխաների օրհնության օր՝ ի հիշատակ այն զարմանահրաշ իրադարձության, երբ դեռևս կաթնակեր մանուկներն անգամ օրհնություն էին աղաղակում քաղաք մտնող Դավթի որդուն (հմմտ. Մտթ. 21:15, 16):

Առջևում հրեական Զատկի տոնն էր՝ ամենամեծն ու սիրվածը, և ըստ պատմաբանների՝ այդ օրերին հարակից բնակավայրերից միլիոնավոր հրեաներ էին հավաքվում Երուսաղեմում՝ միասնաբար նշելու եգիպտական գերությունից իրենց հայրերի ազատագրման տոնը: Ըստ ավանդության՝ հենց այդ տոնից առաջ Աստծու խոստացյալ Մեսիան պիտի քաղաքի Ոսկե դարպասներից ներս մտներ ու ազդարարվեր այդքան սպասված Փրկչի գալուստը Երուսաղեմ:

Այդ Զատիկը կարծես թե առանձնանում էր մյուսներից: Տոնական տրամադրությանը գումարվել էին գալիլիացի զարմանալի Վարդապետի կատարած նշանների մասին խոսակցությունները: Խանդավառ մարդիկ մեծ ոգևորությամբ պատմում էին ամենաիսկական հրաշքների մասին՝ կույրերը տեսնում էին, կաղերը՝ քայլում, խուլերը՝ լսում, դիվահարները՝ բժշկվում, սովյալները՝ կերակրվում, իսկ մի քանի օր առաջ էլ Նա հարություն էր տվել չորսօրյա ննջեցյալ բեթանիացի Ղազարոսին՝ Մարիամի ու Մարթայի եղբորը: Զարմանահրաշ լուրը կայծակնային արագությամբ տարածվել էր շրջակա բնակավայրերում և այժմ բոլորի շուրթերին էր: Հինկտակարանյան մարգարեների կանխասացություններն իրենց աչքի առջև մեկիկ-մեկիկ իրականություն էին դառնում, ուստի և Երուսաղեմի բնակիչներն ու նրանց հյուրերը, մեծերն ու փոքրերը քաղաքի դարպասների մոտ էին շտապել՝ արքայավայել ընդունելության արժանացնելու այնքան սպասված Օծյալին: Ճիշտ է՝ Օծյալը սպասվածի պես հաղթական նժույգի վրա չէր, այլ ընդամենն՝ ավանակի, որը Նրա անսահման հեզության ու խոնարհության վկայությունն էր, սակայն միևնույն է, մարդիկ եկել էին հրաշագործ, նշանակում է՝ ամենակարող արքային դիմավորելու և փառքի արժանացնելու: Իրենց հագուստների ու արմավենու ճյուղերի հետ միասին, կամ միգուցե՝ առավել, մարդիկ իրենց սպասումներն էին բերել՝ նրա ոտքերի տակ փռելու և դրանց վրա արքայական դրոշմը ստանալու համար: Յուրաքանչյուրն իր անձնական և ընդհանուր՝ ազգային ակնկալիքն ուներ Մեսիայից, և այժմ մնում էր միայն Քրիստոսի հավաստիացումները ստանալ: Սպասումների մեծանալուն զուգընթաց մեծանում էր նաև ցնծությունը Խաղաղության քաղաքում, իսկ Քրիստոս անասելի տխուր էր: Երուսաղեմին նայելով՝ լաց եղավ Քրիստոս. «Գոնե այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղությունը, բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից… քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր» (Ղուկ. 19:42-44): Քրիստոս նայում էր ուրախ ու տոնական քաղաքին և տեսնում ներկայից անդին, երբ տասնամյակներ անց քարը քարին չպիտի մնար ու հիմնահատակ ավերվեր թշնամու կողմից: Քրիստոս այսօր ցնծացող մարդկանց էլ էր նայում ու տեսնում օրեր անց ատելությամբ Իրեն մահվան դատապարտող ամբոխին: Քրիստոս նրանց համար էլ էր սգում:

Ո՞վ ենք մենք այսօր, սիրելի՛ հավատացյալներ, և ո՞վ է Քրիստոս մեզ համար: Նրա սոսկալի չարչարանքների շաբաթվա շեմին կանգնած՝ ինչո՞վ ենք ընդառաջ ելել Նրան, ի՞նչ ենք բերել Նրա ոտքերի տակ փռելու. արդյո՞ք սպասումներ ու պահանջներ միայն, թե՞, այնուամենայնիվ, մեր հին մարդուն՝ իր տկարություններով, սխալներով ու կրքերով հանդերձ: Այսօր մենք գիտենք, որ առջևում Գողգոթայի ճանապարհն է, մտրակների հարվածները, թուքն ու ծաղրը, և խաչի անասելի ծանրությունը: Որտե՞ղ ենք մենք այս պատմության մեջ և ի՞նչ ենք բերել մեզ համար չարչարվող ու խաչը բարձրացող Փրկչին: «Օվսա՜ննա» կանչող ժողովուրդը հիասթափված էր: Նա ծեծված ու անարգված Քրիստոս չէր ուզում: «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ»,- ասում էր Քրիստոս (Հովհ. 18:36), իսկ ժողովուրդն իր սեփակա՛ն «Ավետարանն» էր ուզում:

Իսկ մենք մի՞թե տարբեր ենք: Մի՞թե ավելի հուսալի ենք ու հաստատակամ: Առավել լավ պատկերացնելու համար նայեք թեկուզ մարդկային հարաբերություններին: Մենք ամուսնանում ենք, ընկերական ու գործընկերային շրջապատ ձևավորում, եկեղեցում՝ համայնք: Մեզ միավորում են ընդհանուր գաղափարներ, նախասիրություններ, սկզբունքներ: Բայց առավել ամուր կապում են ակնկալիքները: Եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, ապա կտեսնենք, որ իսկապես սպասումներ ունենք յուրաքանչյուր մարդուց, որի հետ շփվում ենք: Ես ամենևին էլ նյութական շահը նկատի չունեմ, ոչ: Որոշ դեպքերում դա էլ միանշանակ կա, սակայն անգամ դրա բացակայության դեպքում, մենք դիմացինից ակնկալում ենք փոխըմբռնում, հարգանք, գովեստ միգուցե, նույնանման կարծիք, ապրումակցում, օգնելու պատրաստակամություն, ինքնազոհություն և իհարկե՝ սեր: Քանի դեռ ստանում ենք այն, ինչ ակնկալում ենք, ամեն ինչ հրաշալի է: Իսկ երբ դիմացինը ուղղակի կամ անուղղակի կերպով սկսում է չարդարացնել մեր սպասումները, այդժամ հարաբերությունները սկսում են ճաք տալ ու խորտակվել՝ ստորջրյա խութի բախված նավի պես: Լավագույն դեպքում հիասթափվում ենք ու խզում կապերը, վատագույնում՝ խաչն ենք բարձրացնում նրան, ում դեռ երեկ մեծարում էինք ու հիանում նրանով…

Գալով մարդ-Աստված հարաբերություններին, հարկ է, որ մեզնից յուրաքանչյուրը հարց տա իրեն՝ իսկ ի՞նչ եմ ես ակնկալում իմ և Աստծու հարաբերություններից, ի՞նչ եմ ուզում ես, երբ ընդառաջ եմ գալիս Նրան: «Տե՛ր Աստված, տո՛ւր և մի կողմ քաշվիր: Դու ուրիշներով զբաղվիր, իսկ իմ գործերին մի՛ խառնվիր: Կարծիքդ հարգում եմ իհարկե, բայց հետո կլսեմ, այժմ խիստ զբաղված եմ, ժամանակ չունեմ: Ես քեզ հավատում եմ անշուշտ, Տե՛ր Աստված, բայց ի՛մ կամքն եմ ուզում առաջ տանել, ի՛մը»: Իհարկե այսպես կոպտորեն չենք ասում, բայց բովանդակությունը նույնն է: Մի՞թե մեր ցանկությունների ու խնդրանքների առյուծի բաժինը այս երկրային կյանքի շրջանակներից չէ: Շատ ու շատ ուշադիր եղեք ձեր ցանկություններին ու մղումներին, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի չստացվի հանկարծ, որ դուք էլ ամեն գնով ուզում եք Քրիստոսին ցած իջեցնել՝ միայն ու միայն ձեր երկրային բարեկեցությունն ու քմահաճույքներն ապահովելու համար: Կամ էլ եթե արդեն ունեք այդ բարեկեցությունը, ապա զգո՛ւյշ եղեք և ուշադիր քննեք ձեր հավատը, որպեսզի չլինի թե Քրիստոսին ձեր երկրային բարեկեցության երաշխավորը կարգեք, քանի որ հակառակ պարագայում «Օվսաննան» միանշանակորեն փոխվելու է «Խաչել դրան»-ի: Մեղքով ապականված մարդկային բնությունն է այդպիսին՝ մինչև գետին խոնարհվել ու ինքնամոռաց հաճոյանալ երկրային արքաներին, քանի որ տեսանելի ու շոշափելի բարիքների ակնկալիքներ կան նրանցից, իսկ Իր անգին կյանքը մեր փրկության համար զոհած Երկնային Ամենակալին մերժել ու կրկին ու կրկին խաչը բարձրացնել: Մեղա՜ Քեզ, Տե՛ր:

Այսօր, երբ կանգնած ենք մեզ համար զոհվել պատրաստվող Քրիստոսի կողքին ու նայում ենք խաչի բարձունքին, մեզնից յուրաքանչյուրը պիտի հստակ գիտակցի, որ Աստծու արքայությունը այս աշխարհում չպիտի փնտրի և պատրաստ լինի աշխարհի նետած մարտահրավերներին պատվով ու հավատով դիմակայելու: Պիտի գիտակցի, որ Երկրի վրա ապրում է Երկնքի համար, և իր գլխավոր նպատակը երկնային ժառանգությունն է: Պիտի գիտակցի, որ Ավետարանը միայն իր կողքին կանգնած եղբոր համար չէ, որ գրվել է, այլ առաջին հերթին՝ իր, ուստի և սիրով ու վճռականությամբ պիտի լծվի դրա ուսումնասիրությանն ու կյանքի կոչելուն, քանի որ եղբայրը չէ, որ իր փոխարեն պիտի փրկվի ու հավիտենական երանությունը ժառանգի: Եվ, ի վերջո, պիտի հստակ գիտակցենք, որ եթե Քրիստոսի կողքին ենք, ապա մեր անձնական խաչն էլ պիտի բարձրանա Նրա սուրբ խաչի կողքին:

Այսօր, երբ Քրիստոսի հայացքը Գողգոթայի բարձունքին է հառած, և սպասվող բաժակի դառնությունն արդեն զգացվում է Նրա աստվածային շուրթերին, մենք որոշում պիտի կայացնենք մեզ համար՝ հրաժարվելու, ձերբազատվելու, պոկելու մեզնից ու խաչին գամելու այն բոլոր կրքերը, մեղքերն ու թուլությունները, որ իրականում խորթ են մեր հոգուն, որ աղավաղում են Աստծու սուրբ պատկերը, որ Նրան հեռու են վանում մեզանից, որ ուրախացնում են մարդատյաց թշնամուն և Աստծու որդիներից չարի սպասարկուների վերածում մեզ: Սա պիտի անենք՝ ձգտելով կատարյալ մարդ-Աստծուն՝ Քրիստոսին նմանվել: Բարին, առաքինին, ճշմարիտը մեր հոգում ավելացնելով՝ չարն ու ախտավորը հետզհետե իրենց դիրքերը պիտի զիջեն և ի վերջո դուրս շպրտվեն այնտեղից: Եվ բարի լուրն այն է, սիրելինե՛ր, որ մենք երբեք լքված ու միայնակ չենք այս պայքարում, այլ ողջ Երկինքը՝ Ամենակալ Աստծու գլխավորությամբ, զորավիգ է մեզ և ուս-ուսի կիսում է մեր անձնական խաչի ծանրությունը մինչև հաղթական հարություն: Ուստի խոսքս ուզում եմ ավարտել սուրբ Պողոս առաքյալի անչափ հուսադրող խոսքով. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք: Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց: Տերը մոտ է: Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն: Եվ Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլ. 4:4-7). ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

28.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․