Գրքեր

Ծաղկազարդի տոնի քարոզ

Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Սրանից շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում տարվա շատ օրերից ոչնչով չտարբերվող մի օր էր: Արեգակը սովորականի պես ծագել էր քաղաքի վրա և օդն, ինչպես միշտ, լի էր կագնած փոշով: Մարդկանց համար այդ օրը բնավ չպիտի նշանավորվեր, եթե չլիներ առօրյա թոհուբոհից միանգամայն տարբերվող մի արտառոց իրադարձություն՝ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Այդ օրը բոլոր մարդիկ զբաղված էին իրենց հանապազօրյա հոգսերով. վաճառականները շտապում էին իրնց սրահները, դատավորները՝ ատյաններ, փարիսեցիները՝ ժողովատեղիներ, սակայն այդ օրն Աստծո կամքով առանձնահատուկ մի օր էր լինելու:

Քանի որ Զատկի տոնն արդեն մոտեցել էր, Հիսուս Իր աշակերտների հետ որոշում է գնալ Երուսաղեմ: Մոտենալով Ձիթենյաց լեռանը, Նա առաքում է տասներկուսից երկուսին` ասելով. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկ. ԺԹ 30): Երբ ավանակը բերվում է, Հիսուս նստում է վերջինիս վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպ Երուսաղեմ:

Տիրոջ երկրավոր կյանքի ընթացքում սա առաջին անգամը չէր, անշուշտ, երբ Նա գալիս էր Երուսաղեմ: Առաջին անգամ Հիսուս հավիտենական քաղաք էր մտել ծննդյան Իր քառասնօրեքին, երբ ծնողների կողմից Մովսիսական օրենքի համաձայն տարվել էր Սողոմոնի տաճար՝ ընծայաբերվելու համար: Եթե Երուսաղեմ այցելության առաջին առիթով ահավոր մի դղրդյուն էր լսվել, քանի որ բացվել էր տաճարի այն դուռը, որը մարգարեության համաձայն պիտի բացվեր միմիայն Մեսիայի գալստյան առիթով, ապա այս անգամ Տիրոջ գալստյան լուրը, իբրև մի հսկա ալիք, բարձրանում ու հեղեղում է ողջ քաղաքը:

Մարդիկ թողնելով իրենց գործերը, տանուտերերն` իրենց ծառաներին, ծնողներն` իրենց զավակներին, դուրս են վազում Տիրոջն ընդառաջ: Հիսուսի անունը բոլորի շուրթերին էր, և Երուսաղեմում չկար մեկը, որ տակավին չէր լսել Տիրոջ կատարած անպատմելի հրաշքների, բժշկությունների և, ի վերջո` Ղազարոսի հարության մասին: Այդ իսկ պատճառով ամեն ոք ջանում էր գեթ մեկ վայրկյան շուտ հասնել քաղաքի արևելյան դարպասների մոտ՝ Հիսուս Քրիստոսին տեսնելու հույսով: Այս համընդհանուր շփոթությունը լավագույնս արտահայտել են հայ մանրանկարիչները, որոնց գործերում, համաձայն ընդունված պատկերագրության, մարդիկ նույնիսկ տանիքների և ծառերի վրա են բարձրանում, որպեսզի գեթ հեռվից տեսնեն Աստծո Որդուն:

Երուսաղեմ քաղաքը և առհասարակ հին աշխարհի պատմությունը բազում թագավորների հաղթական մուտքերի է ականատես եղել, սակայն Հիսուսի մուտքը վերջիններիս ճիշտ հակապատկերը կարծես լիներ: Տիեզերքի Արարիչն ու Տերը միշտ հավատարիմ մնաց Իր խոնարհության ուխտին: Մարդիկ ակնկալում էին Դավթի որդու՝ Հրեաստանն ազատագրող ու միավորող մեկի փառավոր մուտքը Երուսաղեմ՝ թերևս զենքով ու զրահով, թերևս ներկայանալի զորքով և, ինչու չէ` ավարով ու հարստությամբ, սակայն իրենց աչքերի առջև բացվում էր բոլորովին մեկ այլ տեսարան: Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` Իր հետ ունենալով Իր սիրելի աշակերտներին և մարդիկ, ովքեր ցնծությամբ իրենց զգեստներն էին փռում ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին գովաբանում էին Տիրոջն ու աղաղակելով ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն` բարձունքներում» (Մատթ.  ԻԱ 9):

Փարիսեցիներն ու դպիրները, ականատեսը դառնալով այս դեպքերի, սաստիկ ընդվզում են և պահանջում Հիսուսից, որ սաստի ու պատվիրի Իր աշակերտներին, որպեսզի լռեն, սակայն Հիսուս պատասխան է տալիս նրանց` ասելով. «Ասում են ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» (Ղուկ. ԺԹ 40):

Ահավասիկ, սիրելի հավատացյալներ, «Հիսուսի մուտքը Երուսաղեմ» տոնի  ավետարանական պատումը, մի տոն, որը մեզանում անվանվում է Ծաղկազարդ և որն ունի ժողովրդական տարածում ունեցող մեկ այլ անուն ևս, որ է՝  Ծառզարդար:

Հետաքրքրական է, որ այս տոնը ևս ունի ժողովրդական և պատմության խորքը գնացող արմատներ: Բանն այն է, որ ժողովրդի կողմից ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարելը նաև հեռու արձագանքն էր բնության զարթոնքին և վերածնունդին սերտորեն աղերսվող նախաքրիստոնեական մի պաշտամունքի: Հիսուս մուտք գործելով Երուսաղեմ` ոչ թե սոսկ զարթոնք պարգևեց բնությանը, այլ նոր կյանք և իմաստ հաղորդեց մարդկային ողջ գոյությանը: Ճիշտ է, Հիսուս առաջին անգամը չէր, որ Երուսաղեմ էր գալիս, բայց այս մեկը պետք է դառնար վերջինը: Հիսուս գիտեր, որ պիտի մտներ Երուսաղեմ և այլևս անցներ Իր երկրավոր կյանքի վերջին հանգրվանին, որն էր Խաչի ճանապարհը:

Երբ Տերը մուտք է գործում Երուսաղեմ, մարդիկ ամենայն ուրախությամբ և անկեղծ ցնծությամբ օվսաննաներ էին բացականչում, սակայն նույն այդ ժողովուրդն ամբոխ դարձած մի քանի օր անց Պիղատոսի առջև կանգնած պիտի սառնասրտորեն պահանջեր ու գոչեր. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան» (Հովհ. ԺԹ 6): Հիսուս գիտեր ամեն բան, սակայն այս ամենի մասին տեղյակ լինելով հանդերձ, մարդ արարածի հանդեպ Իր անհուն սիրով լցված և հնազանդվելով Հոր կամքին` Քրիստոս ուղղեց Իր քայլերը դեպի մահ, որը կյանք պիտի տար ողջ մարդկությանը:

Հիսուս համընդհանուր ցնծության մթնոլորտում մուտք գործելով Երուսաղեմ` հոգու խորքում, սակայն, սաստիկ տխուր էր, որովհետև գիտեր, թե ինչ գալիք է սպասվում, որի ապացույցը Քրիստոսի արցունքներն են և Երուսաղեմի մասին ասված այն խոսքերը, թե «եթե գիտենայի՜ր դու, գոնե այս օրերին, քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից. որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից և հիմնահատակ պիտի անեն քեզ և սպանեն քո մեջ՝ քո որդիներին. և քո մեջ քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր» (Ղուկ. ԺԹ 42-44): Պիտի չանցներ շատ ժամանակ, մինչև որ Երուսաղեմը հիմնովին նվաճվեր հռոմեացի զինվորների կողմից:

Այդ օրերից անցել են դարեր, բայց և մարդու Որդու խոսքի համաձայն, խաղաղությունը, որ Երուսաղեմի աննուն է, կարծես իսպառ վերցվել է այդ հողից: Մինչև օրս էլ Երուսաղեմը չի գտել իր խաղաղությունն այնպես, ինչպես մարդ չի կարող գտնել իր փրկությունը Հիսուսից դուրս:

Սիրելինե՜ր, տերունական այս սքանչելի տոնի առիթով Աստծուց հայցում եմ, որ Տերն օրհնի ձեզ ամենքդ: Դուք ևս վերցրեք ուռենու ոստերն ու, ընդունելով Տիրոջը ձեր սրտերում, փառաբանեք և օվսաննաներ վերառաքեք երկնքի ու երկրի Արարչին` չմոռանալով երբեք, որ պիտի միշտ հավատարիմ մնանք Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար և Ով գրկաբաց սպասում է մեզ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Տ. Վազգեն աբեղա Նանյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում՝ Ծաղկազարդի Կիրակիին մատուցված Ս. Պատարագին, 9 ապրիլի 2006 թ.)

 

09.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․