Գրքեր

Ծաղկազարդյան տոնական օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնեց ապրիլի 10-ին: Տոնական օրը մեծաթիվ ընտանիքների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս՝ մասնակից դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողություններին: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին և ներկաներին բաժանվեցին ուռենու ճյուղեր, ապա տոնական Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Ներկաները տոնի խորհրդանիշ ուռենու ոստերով մասնակցեցին տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: 
Տոնի առթիվ եկեղեցու տիկնանց միության ջանքերով եկեղեցու բակը տոնական տեսք էր ստացել՝ պատրաստ լինելով տոնի մասնակիցներին՝ առավելապես երեխաներին, ժպիտ և ուրախություն պարգևելու: Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Հավարտ Ս. Պատարագի, Տեր Գրիգորը եկեղեցու բակում կատարեց մանուկների օրհնության կարգ, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, ապա իր պատգամն ուղղելով ծնողներին՝ հորդորեց, որ փոքրուց իրենց զավակներին Աստծու երկյուղով մեծացնեն, հոգևոր ու ազգային արժեքներ ավանդեն, որպեսզի երեխաներն առաքինությունների մեջ առաջադիմելով՝ դառնան Հայ ազգի, Մայր եկեղեցու ու իրենց ընտանիքի սիրասուն զավակներ:   
Այնուհետև ելույթ ունեցան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի փոքրիկ անդամները՝ «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, որոնք տոնի խորհրդին անդրադարձան յուրահատուկ կերպով. մեջբերեցին երեխաներին նմանվելու՝ Տիրոջ կոչը, երգեցին Կոմիտասի՝ մանուկների «Հայր մեր»-ը», երեխաների դաստիարակությանը վերաբերող սաղմոսներ արտասանեցին, երգեցին ու պարեցին՝ ելույթը եզրափակելով ծաղկազարդյան փառաբանական խոսքով՝ Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով (Մարկ. 11:9):
Մանուկների համար պատրաստված ուրախալի անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին. տոնական տորթը ճաշակելուց հետո հետաքրքիր խաղերով, երգ ու պարով մանուկների տոնական օրը հարստացրին «Բումբումիկ»-ի Վիկի ծաղրածուն և Ֆիքսիկը: 
Ծաղկազարդի տոնը մանուկների օրն իրապես վերածել էր ուրախ տոնախմբության, իսկ մյուս մասնակիցներին հնարավորություն էր տվել տոնի խորհրդին հաղորդ դառնալ՝ կարդալով տաղավարների և իմաստության ծառերի վրա փակցված աստվածաշնչյան, Եկեղեցու հայրերի և հայտնի մարդկանց հոգեշահ պատգամները: Իսկ տոնի կարևորագույն պատգամներից մեկն  էր՝ մանկան նման պարզություն, հավատ և կատարյալ վստահություն ունենալ Աստծու հանդեպ՝ հիշելով Փրկչի հետևյալ խոսքերը. «Հաստա՛տ իմացեք, որ եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայություն չեք մտնի» (Մատթ. 18:3):

 

Կարինե Սուգիկյան

11.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․