23 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Ծաղկազարդյան տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ծաղկազարդյան տոնի խորհրդին և ուրախությանն իրենց մասնակցությունն էին բերել մեծ թվով հավատավոր հայորդիներ: Ներկաներն իրենց ձեռքին ունեին Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրդանշող ուռենու ոստեր: Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը: Տեր Հայրն իր քարոզում անդրադարձավ Ծաղկազարդի տոնի խորհրդին և կոչ արեց հավատացյալներին՝ ունենալ այն նույն անմիջական ու ջինջ հավատքը, որ ցուցաբերեցին մանուկները` Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի ժամանակ, ովքեր հանձին Տեր Հիսուս Քրիստոսի տեսան Փրկչին և փառաբանեցին:

Ուրախությամբ և ցնծությամբ լցվեցին ներկա հավատացյալների սրտերը, երբ հնչեցին Ավետարանի հետևյալ տողերը. «Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն.օրհնութիւն ի բարձունս»:

Այս տարի ևս, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը, «Տաթև գիտակրթական համալիր»-ի «Մանանա» ուսումնական կենտրոնի աջակցությամբ, Ծաղկազարդի տոնը մանուկների համար վերածել էր ուրախ տոնախմբության: Տիկնանց միության եռանդուն ջանքերի շնորհիվ եկեղեցու բակը զարդարվել էր գույնզգույն ծաղիկներով և փուչիկներով՝ Ծաղկազարդյան տոնական տրամադրություն փոխանցելով բոլորին: Բակային միջոցառումն սկսվեց ավանդական դարձած կավճանկարով: Ս. Պատարագի սրբազան արարողության ընթացքում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները և բազմաթիվ մանուկներ, մեծ խանդավառությամբ, իրենց գունագեղ աշխարհի պատկերներն էին արտացոլել եկեղեցու բակում և ստվարաթղթերի վրա:

Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Եվ հավարտ Ս. Պատարագի, հոգևոր դասը եկեղեցու բակում կատարեց մանուկների օրհնության կարգ, որին իրենց անմիջական մասնակցությունը բերեցին ներկա ծնողներն՝ իրենց միասնական աղոթքով:

Տեր Հայկազունը շնորհավորեց մանուկներին՝ նրանց փոխանցելով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, այնուհետև, դիմելով ներկաներին, ասաց. «Հայաստանյայց եկեղեցին համաձայն Տիրոջ պատգամի, թե՝ թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, և մի՛ արգելեք նրանց (Մատթեոս 19:14), մեծ ուշադրություն է դարձնում երեխաների քրիստոնեական դաստիարակությանը: Այսօրվա մեր մանուկները վաղվա մեր ապագան են՝ մեր երկրի քաղաքացին, զինվորը, շինարարը: Մեր հայրենիքի և եկեղեցու ապագա պայծառացումը կախված է մեր մանուկների հոգևոր կրթությունից և դաստիարակությունից: Թող մեր մանուկներն Աստծո ամենակալ աջի ներքո ապրեն խաղաղ և երջանիկ, իսկ աստվածահաճո կյանքով ապրող ծնողների կարևոր և սուրբ պարտականությունն է Աստծո կողմից իրենց տրված մեծագույն պարգևին՝ երեխային, մոտեցնել Պարգևատուին՝ իրենց երեխայի ամենամեծ Պաշտպանին և Պահապանին»:

Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը փոքրիկներին փոխանցեց Սրբազան Հոր կողմից տրամադրած նվերներ և բացիկներ: Փոքրիկներից շատերն իրենց լավագույն կավճանկարների և նկարների համար արժանացան մրցանակների՝ գունազարդ մանկական Աստվածաշնչերի և խաղալիքների: Երեխաների ուրախությունը կրկնապատկեց տոնական մեծ տորթը, որը երեխաներն իրենց ձեռքով կտրեցին և հյուրասիրեցին ներկաներին: Ծաղկազարդյան տոնախմբության հաջորդ անակնկալը հեքիաթային հերոսներ Ձախորդ Փանոսն ու Ուստիանն էին, ովքեր հետաքրքիր խաղերով, երգ ու պարով հարստացրեցին մանուկների տոնական օրը:

Ծաղկազարդյան արարողությունների շարքը եզրափակվեց «Դռնբացեք»-ի արարողությամբ, որն ամբողջությամբ Վերջին դատաստանի պատկերավոր վերարտադրությունն է: Արարողության ընթացքում երիցս թախանձագին հնչեց «Բա՜ց մեզ, Տէր, դուռն ողորմութեան» մեղեդին՝ արտահայտելով ամեն մի հավատացյալի սրտի բաղձանքը: Եվ, վերջապես, երկար սպասումից հետո «Զողորմութեան քո դուռն բաց մեզ, Տէր» շարականի երգեցողության ժամանակ բացվեց Ս. Խորանի վարագույրը: 

Ինչպես հրեա ժողովուրդը, Տիրոջն ընդառաջ դուրս գալով, փառաբանական բացականչություններով և արմավենու ու ձիթենու ոստերով ողջունեց Քրիստոսին, այնպես էլ ողջ օրվա ընթացքում հավատավոր հայորդիներն ուռենու ճյուղերով, զվարթ հոգով և աղոթքն իրենց շուրթերին՝ գալիս էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ ստանալու մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրհնությունը:

 

Կարինե Սուգիկյան

09.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․