Գրքեր

Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ

«Ծառայեցե՛ք Տեառն ուրախութեամբ»։

«Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ» (Սաղմոս 99։2)։

 

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․

Սուրբ Գիրքը մեզ պատգամում է, որ մեր ունեցած շնորհները ծառայեցնենք մեր նմանի, այսինքն՝ մարդու բարօրության և երջանկության համար և դրանով ծառայենք Աստծուն։ Քրիստոս առաքյալներին շնորհ տվեց ոչ թե իրենց փրկության համար, այլ երկրագնդի տարբեր ծայրերում Աստծո Ավետարանը քարոզելու համար։ Այդ շնորհը աշակերտները իրենք իրենց չծառայեցրին, այլ Աստծուն և մարդկանց։ Մենք բոլորս Աստծո կողմից ծառաներ ենք կարգված՝ տնօրինելու մեր տաղանդներն ու քանքարները և հաշիվ տալու դրանք շնորհող Արարչին։

Մարդ ամեն ինչում պետք է ճիշտ ընտրություն կատարի՝ ծառայել Աստծո՞ւն թե՞ մեղքին, ծառայել ճշմարտությա՞նը թե՞ ստին, արդարությա՞նը թե՞ անարդարությանը։ Մարդը, մեղքի մեջ լինելով, ծառայում է մեղքին և կարող է չզգալ իր թշվառությունը։ Հրեաները անապատի փորձությունների ժամանակ տրտնջում էին, բողոքում Մովսեսին՝ նախընտրելով եգիպտական գերությունն ու մեղքի ծառայությունը (Ելք 14։12)։ Իսկ ծառայել Աստծուն նշանակում է ծառայել բարիքին, բարուն. «Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա» (Ա Հովհաննես 1։5)։ Մինչդեռ փարիսեցիներն ու օրենսգետները, խաչելով Աստծո Մարմնացյալ Որդուն, կարծում էին, թե բարի բան են անում, դրանով Աստծուն են ծառայում։ 

Սիրելինե՛ր, քրիստոնեության մեջ ծառայելը նշանակում է խոնարհություն, սեր, նվիրում, զոհաբերություն, հոգատարություն։ Ինչպես մայրը, որ ծառայում է իր ընտանիքի անդամներին, անում է դա սիրով, առանց վարձավճարի ակնկալության։ Քրիստոնեական հավատքի վրա հիմնված մարդկային փոխհարաբերություններն էլ չեն ենթադրում անպայմանորեն փոխհատուցում, չեն ենթադրում համարժեք նվեր նվերի դիմաց, համարժեք օգնություն օգնության դիմաց, համարժեք ծառայություն ծառայության դիմաց։ Քրիստոնեության հիմքում սերն է դրված, և սերն է առաջնորդում մարդուն բարիք գործելու։ Երբ մարդիկ հաշիվներ են մտցնում իրենց բարեկամական հարաբերություններում, դրանով փչացնում և արժեզրկում են իրենց արած բարիքները, ծառայությունն ու օգնությունը իրենց մտերիմներին ու բարեկամներին։ Աստծո ծառան պիտի սիրո օրենքներով շարժվի և ոչ թե աշխարհիկ պատկերացումներով։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ պատվիրեց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի։ Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս 14։12, 13)։ Քրիստոս սովորեցնում է ամեն հարցում կարիքավորներին օգնել, իսկ վարձն ու փոխհատուցումը սպասել Աստծուց։

Պատահական չէ, որ հայերենում կա «վարձք անել» արտահայտությունը, որ նշանակում է «բարիք անել՝ հատուցումը ակնկալելով երկնքից»։ Աստծուց ստացած մեր շնորհների համար երախտագիտությամբ պետք է լցվենք, և մեր երախտագիտությունը հայտնենք մեր բարի գործերով, որն էլ, անշուշտ, հաճելի է Աստծուն։ Աչառություն չդնենք մարդկանց միջև. «Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում» (Մատթեոս 5։46, 47)։ Քրիստոնյան պետք է տարբերվի այս հատկանիշով, որպեսզի Տերը վարձատրի Իր պատվիրանները կատարած ծառաներին։

Հարկ է, որ մարդիկ իրենց ժամանակից հատկացնեն ու իրենց ծառայությունը բերեն թե՛ այլոց, թե՛ սեփական ընտանիքին, հոգան իրենց կարիքն ունեցողների հոգսերը. «Քաղցածներին բաժանի՛ր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր», – ասվում է Եսայի մարգարեության գրքում (Եսայի 58։7)։

Մեր Տերը ցանկանում է, որ Իր հետևորդներն էլ Իր նման լինեն, խոնարհություն ունենան. «Գիտե՛ք, որ հեթանոսների մեջ իշխանավոր համարվածները տիրում են նրանց. և նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա. ձեր մեջ այդպես չպետք է լինի. այլ ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը. և ձեզնից ով կամենա առաջինը լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկոս 10։42-45)։

Սիրով ծառայել մարդկանց նշանակում է ծառայել Աստծուն, ուրախությամբ և առանց տրտունջի տանել սեփական խաչը, հնազանդվել և կատարել Աստծո պատվիրանները, խոնարհ հոգի ունենալ, չմեծամտանալ, հպարտությունից խոնարհվել, որոնք կարող են աշխարհիկ մարդկանց համար ծաղրալի լինել, ճիշտ կերպով չընկալվել, սակայն կարևորը մարդուն դեպի Աստված տանող ճիշտ ճանապարհի վրա կդնեն։ Տերն ասում է. «Նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղուկաս 14։11)։ Խոնարհության հասնել հեշտ չէ և միանգամից հնարավոր չէ, սակայն քրիստոնյայի համար, եթե նա ցանկանում է, Աստծով ամեն ինչ հնարավոր է, և աստիճանաբար ստացվելու է։

Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Տերը խոնարհության և ծառայելու ամենամեծ օրինակը տվեց մեզ, երբ լվաց Իր աշակերտների ոտքերը. «Եթե ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ. որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13։ 14, 15)։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, ուրեմն սիրով էլ կհետևենք Նրա պատվիրաններին, սիրով կծառայենք Աստծուն և կծառայենք մարդկանց, բայց ոչ թե մարդահաճության հոգով, այլ անկեղծորեն, հնազանդությամբ, սիրով, պատասխանատվությամբ և արժանապատվորեն։

Սիրելինե՛ր, Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ մենք Հիսուս Քրիստոսով այլևս ծառա չենք, այլ որդի (Գաղատացիներ 4։7)։ Ուստի մեր ապրած կյանքով լինենք Աստծո արժանավոր զավակները՝ ծառայելով միմյանց և ծառայեցնելով միմյանց մեր շնորհները։ Հեռու մնանք մեղքի ծառայությունից։ Ամենակարևորը օգնությունն ու ծառայությունը, բարիքն ու բարեգործությունը փոխադարձություն ստանալու ակնկալիքով չանենք։ Թող իբրև Աստծո հավատարիմ ծառաներ՝ մենք մեր վարձը ստանանք Երկնային Տիրոջից։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

09.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․