Գրքեր

Ծիծաղի և լացի մասին

1. Լսի՛ր այժմ ծիծաղի մասին. ծիծաղը հեռացնում է մեզանից սգավորներին խոստացված երանությունները և քանդում է կառուցվածը: Ծիծաղը վիրավորում և տրտմեցնում է Սուրբ Հոգուն, օգտակար չէ մեր հոգուն և քայքայում է մարմինը: Ծիծաղը հեռացնում է առաքինությունները, մահվան և տառապանքների հիշողությունները (Եփրեմ Ասորի):

2. Լսում ենք, որ Ինքը՝ Բանն Աստված, մեր մեղքերի համար գամվեց փայտին ու անշնչացավ, իսկ մենք ծիծաղում ենք՝ հանձնվելով ցրվածությանը: Արևը, չտանելով ամենակալի անարգանքը, իր լույսը խավարի փոխեց, իսկ մենք մեր մեղքերի խավարից չենք ուզում ելնել: Տաճարի վարագույրը, որը երբեք չէր մեղանչել, ինքն իրեն պատռվեց, իսկ մենք չենք ուզում, որ մեր սիրտը զղջմամբ պատռվի մեր մեղքերի համար: Ապաշխարենք, վերջապես, եղբայրներ, որպեսզի Աստծո ողորմածությանը արժանանանք (Եփրեմ Ասորի):

3. Հոգևոր ապականության սկիզբը ծիծաղն ու ինքնակամությունն է: Երբ քո մեջ կտեսնես այս, իմացի՛ր, որ չարիքների խորքն ես հասել: Անդադար աղոթի՛ր Աստծուն, որ ազատի քեզ այսպիսի մահվանից: Ծիծաղն ու ինքնակամությունը ոչ միայն երիտասարդին, այլև ծերին մղում են ամոթալի կրքերի, սրանք ցրտաշունչ քամու նման ոչնչացնում են հոգևոր պտուղները (Եփրեմ Ասորի):

4. Ետ պահիր քեզ կատակներից, որպեսզի նրանք քեզ անամոթության չհասցնեն, քանի որ անամոթությունը մայրն է անպիտանության (Եփրեմ Ասորի):

5. Որքան հնարավոր է, փախիր կատակներից և հետաքրքրաշարժ զրույցներից (Անտոն Անապատական):

6. Վառիր քո լապտերը արցունքներիդ յուղով (Անտոն Անապատական):

7. Լավ է դեմքդ միշտ տխուր լինի, որպեսզի քո մեջ բնակվի Աստծո երկյուղը (Անտոն Անապատական):

8. Քեզ ինչ-որ բան մի կարծիր, այլ միշտ լացիր մեղքերիդ համար (Անտոն Անապատական):

9. Երբեք քեզ թույլ մի՛ տուր ծիծաղել՝ ատամներդ մերկացնելու աստիճան, դա հոգու ցրվածության և սնափառության նշան է՝ զերծ Աստծո վախից (Աբբա Եսայի):

10. Մի ծիծաղիր մարդկանց վրա, ու ամբողջ կյանքում ծաղրի չես ենթարկվի (Նեղոս Սինայեցի):

11. Այն, որ մարդկանց կյանքը լեցուն է ողբով ու լացով, պարզ հասկանում ես՝ տեսնելով, ինչպես են լացում նորածինները՝ հազիվ դուրս գալով մոր որովայնից, և ինչպես ողբի է արժանանում խեղճ մարդն իր մահվանից հետո (Նեղոս Սինայեցի):

12. Հարկավոր է ուրախանալ այնպես, որպեսզի հիշողությունից երբեք դուրս չգա գալիք դատաստանի դառնությունը (Գրիգոր Երկխոս):

13. Անպարկեշտ է ծիծաղը, և կշտամբելի է աչքերի անամոթ նայվածքը, ամեն մի անմիտ ընկնում է նրա մեջ (Եվագր Պոնտացի):

14. Հաճույք մի փնտրիր ծիծաղկոտության մեջ և համամիտ մի եղիր բամբասողների և դատողների հետ, քանի որ հեռանալու է նրանցից Տերը (Եվագր Պոնտացի):

15. Եթե ուզում ես իմանալ՝ երկյուղ ունե՞ս Աստծուց, թե՝ ոչ, հարցրու արցունքներիցդ (Եվագր Պոնտացի):

16. Արդ, երբ դու տեսնես, որ ամեն ժամ գործառնությամբ հանդերձ, սփռում ես քո խորհուրդները Տեր Աստծու և միայն Նրա հայացքի առաջ, այնժամ Ինքը՝ Տերը, կհայտնվի քեզ, Իրեն անճառապես ցույց կտա Իր ցանկալի գեղեցկությամբ կպայծառացնի, Իր օգնականությամբ առլեցուն կդարձնի, Իր ողջ հաղթությունը կտա և կազատի քեզ քո աներևույթ թշնամիներից՝ հայելով քո՝ նախապես Իրեն ուղղված անզբաղ խնդրվածքներին, մտքիդ անսխալ ակնկալությանը և սրտիդ՝ Իր հանդեպ միշտ աննվազ տածվող սիրույն: Ահա այսպես կուսուցանի և կտա քեզ ճշմարիտ աղոթքը, հավատքի և ճշմարտության սերը, երկնային և ճշմարիտ խնդությունը, որն Ինքը Քրիստոսն է, որ ամենուրեք քեզ հետ է (Մակար Մեծ):

17. Ահա թե ինչ են ասում այս մարդիկ, կարծրացած սրտով տրված ստությանը: Չկա չարիք զվարճություններից: Ի՞նչ վնասակար բան կա խաղերի (հեռուստատեսային, աշխարհի երգ ու պարի) մեջ: Օ՜, ծայրագույն անմտություն, օ՜, դիվային չար ներշնչանք: Չար և շնացող ազգ, այսպե՞ս եք ձեր երախտապարտությունը հայտնում Տիրոջը: Ամենասուրբ Տերը պատվիրում է, որպեսզի քրիստոնյաները ընդհանրապես չկպչեն աշխարհիկ զվարճություններին, իսկ դու ասում ես՝ ի՞նչ վնաս կա դրա մեջ: «Վայ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, որոնք դառը քաղցր կհամարեն, իսկ քաղցրությունը՝ դառը» (Եսայի 5:20): Ոչ ոք թող ձեզ չխաբի, իմ եղբայրներ, որքան դուք տրվեք հաճույքներին, այնքան կընկնեք շնորհից (Հովհան Ոսկեբերան):

18. Ով անկաշկանդ վարվեցողությանը խառնում է զազրախոսություն, անտարակույս նրա ծիծաղի մեջ էլ հայհոյախոսությունից մասնիկ կա: Արդեն ասել ենք, որ անկաշկանդ վարվեցողությունը օգտակար չէ, ուստիև, ծիծաղն էլ պիտի չերկարի և ազատություն չստանա: Խոսքի պահեցողությունը կօգնի արժանավայել շրջանցելու ծիծաղը: Քանզի նրանք, ովքեր իրենց ազատություն են տալիս այս հարցում, թող իմանան, որ սրա հետևանքով անառակության մեջ են ընկնում (Բարսիլիսկոս Մեծ):

19. Հարց. -Տերն ասել է. «Երանի սգավորներին» (Մատթ. 5:4), իսկ Խոսքի համաձայն, պետք է միշտ ուրախ լինել (Թես. 5:17), ( Հռոմ. 12:10): Ասա ինձ, ի՞նչը կարող է մարդու համար սգո առիթ լինել, ինչը՝ մշտական ուրախության: Եվ հնարավո՞ր է այս երկուսը՝ սուգը և ուրախությունը, մեկտեղ լինեն:

Պատ. -Սուգն Աստծո հանդեպ վշտանալուց է լինում, որը մարդուն մղում է ապաշխարության, իսկ ապաշխարության նշաններն են. պահքը, սաղմոսերգությունը, աղոթքը, Աստծո Խոսքի ուսումնասիրությունը: Ուրախությունը, Աստծո հանդեպ ուրախությունն է, որն երևում է թե՛ մարդու պահվածքից, թե՛ խոսքից: Թող սիրտը սգի մեջ մնա, իսկ մարդու դեմքին և խոսքերի մեջ արժանավայել ուրախություն լինի (Բարսիլիսկոս Մեծ):

20. Եթե ոչինչ այնքան համահունչ չէ խոնարհամտությանը,  ինչպես լացը, ուրեմն, անկասկած, ոչինչ այնքան չի խոչընդոտում նրան, ինչպես ծիծաղը (Հովհանես Սանդուղք):

21. Եթե ձեռք ես բերել լաց, ապա ամբողջ ուժով պահպանիր այն, քանի որ մինչև կատարելապես քոնը չդառնա, հեշտությամբ կարող ես կորցնել, և ինչպես մոմը հալվում է կրակից, այդպես էլ այն դյուրին ոչնչանում է՝ մարմնական հոգսերից և հաճույքներից, հատկապես, շատախոսությունից և ծիծաղից (Հովհաննես Սանդուղք):

22. Խոնարհության ձեռքով մերժիր քեզ վրա եկող ուրախությունը, որպես թե անարժան ես դրան, որպեսզի չտարվես դրանով և գայլին Հովվի տեղ չընդունես (Հովհաննես Սանդուղք):

23. Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք մեծարվել են որպես ստախոսներ և դատարկաբաններ և իրենց սրամտություններով գրգռել են ծիծաղ՝ լացողների շրջանում, կործանելով նրանց լացը և ողբը (Հովհաննես Սանդուղք):

24. Եղբայրներ, մենք չենք դատվի մեր շունչը փչելիս, ինչ է՝ հրաշքներ չենք գործել, չենք քարոզել կամ վկայել,  տեսիլքներ չենք տեսել, բայց, անկասկած, պատասխան պետք է տանք Աստծուն այն բանի համար, որ անդադար չենք լացել մեր մեղքերի համար (Հովհաննես Սանդուղք):

25. Անժամանակ ծիծաղը երբեմն առաջանում է շնության դևի կողմից, իսկ երբեմն էլ՝ փառասիրությունից, երբ մարդը ներքուստ ինքն իրեն անամոթաբար գովում է, երբեմն էլ ծիծաղն առաջանում է կերակրի հագեցումից (Հովհաննես Սանդուղք):

26. Ով հանդերձավորվել է երանելի և բարերար լացով, իբրև հարսանեկան զգեստով, նա ճանաչել է հոգևոր ծիծաղը և ուրախությունը »Ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում ձեզ, ուրախ եղեք» (Փիլիպ. 4:4) (Հովհաննես Սանդուղք):

27. Ով ներքուստ հպարտանում է իր արցունքներով և իր մտքում դատում չլացողին, նման է նրան, ով թագավորից զենք է խնդրում իր թշնամուն խոցելու համար, բայց դրանով սպանում է ինքն իրեն (Հովհաննես Սանդուղք):

28. Հաճախ մի խոսքը հեռացնում է լացը, բայց հրաշալի կլիներ, եթե մի բառով էլ կարելի լիներ վերադարձնել այն (Հովհաննես Սանդուղք):

29. Ով հարատևում է Աստծո հանդեպ ունեցած մշտական լացի մեջ, նա չի դադարում հոգևորապես ուրախանալուց: Իսկ ով միշտ մարմնական տոների մեջ է, նրան սպասում է հավիտենական լացը (Հովհաննես Սանդուղք):

30. Ով երբեմն լացում է, իսկ երբեմն էլ՝ խոսում ծիծաղաշարժ բաների մասին և բավականություն ստանում դրանից, նա քարի փոխարեն հաց է նետում վավաշոտության շան վրա, առերես, կարծես թե, քշում է նրան, բայց իրականում հրապուրում է իր կողմը (Հովհաննես Սանդուղք):

31. Ոչ թե հարսանյաց հանդեսի, օ՜ բարեկամներ, ոչ թե հարսանյաց հանդեսի ենք մենք հրավիրված, այլ մեզ այստեղ Կանչողը ճշմարտապես կոչ է անում, որպեսզի լանք ինքներս մեր վրա (Հովհաննես Սանդուղք):

32. Օրհնյալ և արդար մեր Դատավորը, ինչպես որ ամեն ինչում, այնպես էլ, անկասկած, և լացի խնդրում դատում է ըստ բնական կարողությունների, քանի որ ես տեսել եմ ոմանց, որոնք քամում են արցունքի նվազ կաթիլներ, նման արյան կաթիլների: Իսկ ոմանք էլ առատությամբ, այն էլ առանց մեծ ջանքի, արտասուքի աղբյուրներ են հեղում: Բայց ես դատում եմ ըստ ջանքի, և ոչ թե ըստ արցունքների քանակի: Կարծում եմ, որ Տերը նույնպես այդպես է դատում (Հովհաննես Սանդուղք):

33. Ինչպես որ կրակը այրում է ծղոտը, այնպես էլ մաքուր արտասուքը ոչնչացնում է բոլոր տեսակի արտաքին և ներքին ախտերը (Հովհաննես Սանդուղք):

34. Ինչպես որ չի կարելի մեկ րոպեում հագեցնել որովայնի պահանջը, այնպես էլ չի կարելի միանգամից հաղթել վախկոտությանը: Մեր լացի զորացման հետ մեզանից հեռանում է այն, իսկ լացի սակավության հետ զորանում է վախը (Հովհաննես Սանդուղք):

35. Երբ արտասվում ես մեղքերիդ համար, երբեք մի լսիր շանը (դևին), որ ներշնչում է քեզ, թե Աստված մարդասեր է, քանզի նա այդ անում է, որպեսզի քեզ հեռացնի լացից և երկյուղից: Աստծո ողորմության մասին միտքը ընդունիր միայն այն ժամանակ, երբ ընկնում ես անհուն հուսահատության մեջ (Հովհաննես Սանդուղք):

36. Մկրտությունից հետո եղած արցունքների աղբյուրը մեծ է մկրտությունից: Չնայած որ, այս խոսքերը կարծես թվում են փոքր-ինչ հանդուգն: Մկրտությունը մաքրում է մեզ մեր առաջվա ունեցած չարությունից, իսկ արցունքները սրբում են մեղքերը, որոնք գործել ենք մկրտությունից հետո:

Մանուկ հասակում ընդունելով մկրտությունը, հետո մենք այն պղծել ենք մեր մեղավոր ընթացքով, իսկ արցունքներով մենք այն նորից սրբում ենք (Հովհաննես Սանդուղք):

37. Մեր հոգոցները և վշտերը աղաղակում են առ Աստված, իսկ այն արցունքները՝ որոնք առաջանում են վախից, բարեխոսում են մեր համար, իսկ նրանք, որ առաջանում են ամենասուրբ սիրուց, մեզ ավետում են, որ մեր խնդրանքները լսվեցին (Հովհաննես Սանդուղք):

38. Մի դադարիր երևակայել և հիշել խավարային կրակների անդունդները, անողորմ խոշտանգողներին, անգութ Դատավորին, անվերջանալի խորքերը բոցածավալ գեհենի և նեղ ուղիները անդրշիրիմյան վայրերի, սարսափազդու վիհերը, և նմանօրինակ մյուս բաները, որպեսզի մեր մեջ բույն դրած ցանկությունները ոչնչանան մեծ վախի պատճառով, և հոգին միանա անապական մաքրության հետ, ընդունի իր մեջ փայլը աննյութական Լույսի՝ պայծառանալով ամեն մի կրակից առավել (Հովհաննես Սանդուղք):

39. Ինչպես ամուսնուց զրկված այրին, որ ունի մի մինուճար որդի, որը Տիրոջ կողմից իրեն մխիթարություն է, այնպես էլ ընկած հոգու համար մարմնից ելնելու ժամանակ, չկա այլ մխիթարություն, բացի պահեցողության ջանքից և ապաշխարության արցունքներից (Հովհաննես Սանդուղք):

40. Երբ դևերը տեսնում են, որ մենք հենց սկզբից ջանում ենք հեռանալ վնասակար պատմողի ծիծաղաշարժ զրույցներից, ինչպես կորուսիչ վարակից, այն ժամ հարձակվում են մեր վրա՝ փորձելով մեզ գայթակղեցնել երկակի մտքերով. «Մի նեղացրու պատմողին», ներշնչում են նրանք մեզ, կամ. «Քեզ մի ցուցադրիր որպես ավելի աստվածասեր, քան մյուսները»: Իսկ դու արագ կտրիր հեռացրու այդ մտքերը և մի դանդաղեցրու, իսկ եթե այդպես չանես, ապա աղոթքի պահին քո մեջ կծնվեն ծիծաղաշարժ մտքեր: Եվ ոչ միայն փախիր նման զրույցներից և նմանօրինակ չար հավաքներից, այլև առաքինաբար խափանիր դրանք՝ առաջարկելով այդ հավաքվածների միջավայրում հիշողություններ և զրույցներ՝ մահվան և վերջին դատաստանի մասին, քանի որ ավելի լավ է քեզ համար մի փոքր տուժել սնափառությունից, փոխարենը՝ դառնալով պատճառ ընդհանուրի օգուտի (Հովհաննես Սանդուղք):

41. Ինչպես որ խեցգետինները հեշտ որսվում են, որովհետև մեկ առաջ են գնում, մեկ էլ ետ դառնում, այնպես էլ անձը, որը երբեմն լաց է լինում, երբեմն էլ՝ ծիծաղում և հետամուտ է վայելքներին, ոչ մի օգուտ չի կարող ստանալ (Հովհաննես Սանդուղք):

42. Եթե մենք տեսնում ենք բարկություն և հպարտություն նրանց մեջ, ովքեր արտասվում են Աստծո համար, ապա այդպիսիների արտասուքները պետք է կեղծ համարել (Հովհաննես Սանդուղք):

43. Մեղքի հետևանքով առաջացած արցունքները՝ գործնական միջոց են՝ հանգցնելու այն կրակը, որ մեղքերի համար է պատրաստված (Աբբա Պիմեն):

44. Քեզ պահիր ճշմարտությամբ, որպեսզի ամեն օր հիշես քո մեղքերը և թե՝ որքան հեռու ես Աստծո պատվիրաններից, և միշտ հիշես և աչքի առաջ ունենաս անշեջ հուրը, արտաքին խավարը և հավիտենական տանջանքները և նրանց, որ այնտեղ տանջվում և հեծեծում են հառաչանքներով: Եվ որքան զորություն ունես, հառաչել և տրտմել ու սգալ, և այսպես ամեն օր մահն ակնկալել: Արդ, այսպես սգա ինքդ քեզ, օրըստօրե աշխատելով տրտմությամբ և հեծությամբ, երբեք չզվարթանալով, չծիծաղելով: Այլ ամենայն ժամ քո ծիծաղը թող սուգ դառնա, և քո խնդությունը՝ տրտմություն: Եվ միշտ տխուր ու տրտում շրջիր, քանի որ անձդ լցվեց չարչարանքներով (Հայր Սրապիոն):

45. Ով սիրում է ծիծաղը և մարդկանց առջև իրեն ցուցադրելը, այդպիսինին մի ընկերացիր, հակառակ դեպքում նա կսովորեցնի քեզ թուլության տրվելու չար սովորությանը (Իսահակ Ասորի):

46. Հանդգնությունը դրսևորվում է ամենատարբեր կերպերով՝ խոսքով, շարժումներով և հայացքով: Ոմանք հանդգնության պատճառով ընկնում են դատարկախոսության մեջ, խոսում աշխարհային և ծիծաղաշարժ բաներ, ուրիշների մեջ էլ առաջացնելով ծիծաղ: Եվ ահա չկա ոչ մի ավելի վնասակար բան հանդգնությունից, որովհետև սա հանդիսանում է մայրը բոլոր կրքերի, որ դուրս է մղում ակնածանքը և վերացնում Աստծո երկյուղը մարդուց և ծնում անհոգություն (Աբբա Դորոթեոս):

47. Ոչ մի բան այնպես չի քայքայում բարի տրամադրվածությունը, ինչպես ծիծաղը, կատակները և դատարկաբանությունը: Եվ ոչինչ այնքան չի նորոգում խարխլված անձը և չի աջակցում Աստծուն մերձենալուն, ինչպես Աստծու հանդեպ ունեցած երկյուղը, բարի ուշադրությունը, մշտական կրթությունը Աստծո խոսքով, աղոթքով զինվելը, պտղաբեր գործերի խստապահանջությունը (Հովհաննես Կառթանցի):

48. Զգուշացիր ծիծաղից, դատարկախոսությունից և անլուրջ սրամտություններից, որպեսզի լացով հավաքածը ցիրուցան չարվի: Անվայելուչ ծիծաղը ցրում է հավաքած բարին, հեռացնում Աստծո շնորհից, սպանում է մահվան մասին հիշողությունը, մոռացության է մատնում Ահեղ դատաստանը: Ծիծաղը մանկամտության նշան է, նշան վավաշոտ սրտի, թույլ և ոչ տղամարդկային հոգու: Ծիծաղը ոչ մի պարագայում պիտանի չէ (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

49. Զգուշացիր ծիծաղից, որպեսզի այն չծառայի ի վնաս լացի, և որպեսզի անձդ չդատարկվի ամեն տեսակի առաքինասեր գործերից, քանի որ լացը դեպի բարին է քեզ առաջնորդում: Արթուն եղիր, որպեսզի ծիծաղը չընդգրկի քեզ վտանգի հանդեպ կորուսիչ արհամարհանքի դիվային ցանցի մեջ:

Լացը անհամեմատ լավ է ծիծաղից: Ծիծաղ հրահրողները պիտի ամաչեն դատաստանի օրը և ուրախության ժամանակ կլացեն ու կողբան (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

50. Դու, ո՜վ մարդ, ի՞նչ ունես այս աշխարհում արժանի ծիծաղի, ուրախության ու զվարճության: Ի՞նչ բան ունես, որում կարողանաս մխիթարվել: Կյանքդ լի է վշտերով, տրտմությամբ և հոգոցներով, իսկ դու անցկացնում ես ժամանակդ ծիծաղկոտությամբ և կատակներով: Կյանքդ լի է տխրությամբ և ողբով, իսկ դու ուրախանում ես և բարվոք կյանք վայելում: Այդ քո վիճակը խելամիտ չէ, չես հասկանում, թե ինչով ես մխիթարվում: Չգիտես, թե ինչն է քեզ օգտակար և ինչն է պիտանի՝ հավիտենական կյանքը ձեռք բերելու: Մի փնտրիր մխիթարություն նմանօրինակ բաների մեջ, այլ փնտրիր մխիթարություն Տիրոջ մեջ (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

51. Փախիր ծիծաղից, դատարկախոսությունից և սրբապիղծ սրամտություններից, որպեսզի չզրկվես Աստծո շնորհից, և որպեսզի հոգիդ չդարձնես չոր անապատ: Քանի որ ծիծաղը և կատակները դուրս են մղում Աստծո շնորհը, սառեցնում սիրտը, ճնշում հոգին, մթագնում են խիղճը, տխրեցնում են հրեշտակներին, ներաբնակեցնում դևերին, պատճառ են ամեն տեսակի հանդգնության, արտադրող են մեղքերի, ղեկավար՝ շնության և առաջնորդ ամեն տեսակի աղտեղության (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

52. Դեռ չազատված սգից, արդեն մխիթարություն ես փնտրում ծիծաղի, դատարկախոսության և սրբապիղծ կատակների մեջ: Այս սին աշխարհում ոչինչ չունես ուրախության արժանի, բայց ահա հարատևում ես ծիծաղի մեջ: Չեմ հասկանում քո մտադրությունները, մի՞թե չես հասկանում, որ այս աշխարհն ամեն ինչից առավել արժանի է լացի և ոչ թե՝ ծիծաղի, արժանի է ողբի և ոչ թե՝ ուրախությունների: Քանի որ դու գտնվում ես լացի երկրում, այլ ոչ թե՝ մխիթարության, պանդխտության մեջ ես և ոչ թե՝ հայրենիքում, և դրա համար էլ պետք է սգաս, և ոչ թե ուրախանաս, լացես ու ողբաս և ոչ թե՝ ծիծաղես և սրամտես (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

53. Կորցնելով մի փոքր առարկա, հուզվում ես և չափազանց վշտանում: Իսկ կորցնելով հավիտենական հայրենիքդ՝ ծիծաղում ես և ուրախանում, և մի փոքր անգամ չես սգում դրա համար և չես փնտրում այն: Լինելով այս պանդխտության վայրում, հանգիստ ես վայելում, կարծես թե, գտնվում ես հավիտենական հայրենիքում: Որտեղ պետք է լացել ու ողբալ, այնտեղ դու ծիծաղում ու զվարճանում ես, որտեղ քեզ պետք է հոգալ և ջանալ ստրկությունից ազատվելու համար, այնտեղ տրվում ես անհոգության ու նինջի: Մի երկրից մի ուրիշ տեղ գերվածը ողբում և հույժ տագնապում է իր վիճակի համար, իսկ դու՝ վտարված լինելով դրախտից աշխարհ, կյանքի փոխարեն դատապարտված մահվան, զրկված ազատությունից, տքնում ես ստրկական աշխատանքից հեռավոր մի երկրում, և այս ցավալի վիճակը քեզ վրա ոչ մի ազդեցություն չի թողնում, և դու ոչինչ չես զգում: Չես ողբում քո խաղաղ, սիրելի, ազատ, հավիտենական հայրենիքի համար, չես սթափվում և չես հոգում քո քավության և ազատության համար: Սա հաստատում է քո անմտությունը և կուրությունը (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

54. Եվ այսպես, վանիր ծիծաղը քեզանից, որպեսզի չհասնի քեզ հավիտենական լացը: Զգուշացիր շատախոսությունից և անարգ սրամտություններից, որպեսզի հետո չփոշմանես դառնությամբ այն ժամ, երբ հոգիդ մարմնիցդ դուրս գալու ժամին կհասնի, և երբ կտեսնես հոգուդ աղքատությունը, երբ էլ ոչ մի հնարավորություն չես ունենա օգնելու ինքդ քեզ: Ա՜խ, եթե դու գիտակցեիր, ա՜խ եթե դու տեսնեիր, թե ինչ է լինելու այս ամենից հետո, այնժամ երբեք չէիր ուզենա լինել անհոգ, երբեք չէիր սպանի քո ժամանակը ծիծաղկոտությամբ և անմիտ կատակներով: Ծիծաղեցին ոմանք երբեմն, իսկ հիմա լացում են, ուրախանում էին, իսկ հիմա ողբում են և երբեք չեն դադարելու ողբալուց (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

55. Հատկապես զգուշացիր ծիծաղից այն ժամ, երբ հագեցել ես կերակրով և ըմպելիքով, քանի որ ծիծաղը սովորաբար ավելի մեծ զորությամբ է հարձակվում այդ ժամանակ: Եթե կպատահի քեզ ինչ-որ ժամանակ մեղանչել այս բանում, ապա անպայման զղջա (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

56. Լացիր, քանի որ դու ծնվել ես մի աշխարհում, որը լեցուն է մեղքերով, և քանի որ դու ամեն օր անդադար մեղանչում ես Աստծո առջև: Լացիր, որովհետև ունես բազում հակառակորդներ և չար իշխողներ՝ անտեսանելի, աննյութեղեն, անքուն հալածիչներ, որոնց ձեռքին կրակ է, որով կամենում են այրել Քրիստոսի Եկեղեցին: Լացիր, հիշելով մահը, քանի որ մահանալու ես և դառնալու հող ու մոխիր: Լացիր, քանի որ պիտի անցնես չար ոգիների օդային սարսափազդու մաքսատներով և այնտեղ պիտի խոշտանգվես, մինչև իսկ բերնիցդ ելած ամեն մի պարապ խոսքի և մտքովդ անցկացրած ամեն մի չար մտածմունքի համար ( Դիմիտրիուս Եպիսկոպոս):

57. Եթե քո գործած մեղքը անցել է ամեն տեսակի մեղանչումից էլ այն կողմ, էլի պիտի չհուսալքվես և անմխիթար սգաս, քանի որ չկա մեղք, որ կարող լինի հաղթել Աստծո ողորմությանը: Մեր մեղքերը չեն կարող համեմատվել Աստծո հորդահոս առատաձեռնության հետ (Դիմիտրիուս Եպիսկոպոս):

58. Ծիծաղկոտությունն ու անբռնազբոսիկ վարվելակերպը պոռնկության դևի գործն է («Հոգևոր Պատերազմ» գրքից):

59. Ծիծաղել՝ նշանակում է դևին ուրախացնել («Հոգևոր պատերազմ» գրքից):

60. Ծիծաղը ոչ մի պարագայում պիտանի չէ («Հոգևոր պատերազմ» գրքից):

61. Ծիծաղը Եկեղեցում դատապարտելի է («Հոգևոր պատերազմ» գրքից):

62. Լինում է և առանց խոնարհության լաց, այսպիսի լացը չի մաքրում մեղքը («Հոգևոր պատերազմ» գրքից):

63. -Ինչպե՞ս ազատվել ծիծաղից:

- Հիշիր Աստծուն և Ահեղ դատաստանը («Հարց և պատասխան» գրքից):

64. Եթե լաց ես լինում, երբ քեզ վշտացնում են և վիրավորում, այդ արցունքները օգտակար չեն: Իսկ եթե լալիս ես, որ ծույլ ես, նեղացկոտ, որ չես սիրում Աստծուն, ինչպես պետք է, այդ արցունքները օգտակար են, և պետք է աղոթել նման արցունքներ ստանալու համար («Հարց և պատասխան» գրքից):

65. Ծիծաղը դևի հայտնագործությունն է (Հոգեշահ գրքերից):

66. Դատարկախոս կատակասերի վերջը հավիտենական տանջանքն է (Հոգեշահ գրքերից):

67. Ուշադի՛ր եղիր. մեկը ծիծաղում է, իսկ ընկերը սաստում է նրան, մեկ ուրիշն առարկում է, թե ծիծաղելուց ի՞նչ վնաս կա: Սակայն ծիծաղից է, որ ծնվում են խեղկատակությունները, անպարկեշտ զրույցները և պոռնկության գործերը (Բարսեղ Մաշկևորցի):

68.Պողոսը նույնպես ասում է. «Ուրախ՝ միշտ Տիրոջով», -ակնարկելով արցունքներից ծնված ուրախությունը: Մարգարեն էլ նույնն է ասում, թե՝ «Նա, որ արցունք ցանի՝ ուրախություն կհնձի»: Ինչպես որ արտասուք ցանողը ուրախություն պիտի հնձի, նմանապես նա, որ ծաղրանք ցանի, ափսոսանք ու տրտմություն կհնձի, համաձայն այն խոսքի, թե՝ «Վայ ձեզ, որ ծիծաղում եք, որովհետև պիտի լաք» (Բարսեղ Մաշկևորցի):

69. Ինչպես որ այս աշխարհի ուրախությունը տրտմություն է ծնում, և սա հայտնի է բոլորին, որովհետև երբ մեկը շատ է խնդում, ասում են. «Աստված վերջը բարին անի», նմանապես, երբ Աստծո համար լանք, այսինքն՝ մեր մեղքերի համար, ապա այդ արցունքներից ուրախություն կծնվի: Օրինակ, պոռնիկ կինը Քրիստոսի ոտքերը արցունքով լվաց և փոխարենը՝ իր բազմաթիվ մեղքերին թողություն ստացավ (Բարսեղ Մաշկևորցի):

70. Արդարև, ինչպես որ սաստիկ անձրևներից հետո օդը պայծառանում է, նույնպես, երբ արտասվենք, մեղքի խավարը կփարատվի և հոգին կպայծառանա (Բարսեղ Մաշկևորցի):

71. Զղջումի արցունքը թե՛ տանը և թե՛ եկեղեցու մեջ պետք չէ, որ ի ցույց լինի, այլ՝ մեղմ և անձայն, սրտի խորքից, նեղությամբ և տառապանքով, միայն Աստծու համար, ինչպես Աննայինը (Ա Թագ. 1:13), որի միայն շրթունքներն էին շարժվում, իսկ ձայնը ոչ ոք չէր լսում: Արդարև, միայն այդպիսի արցունքներն են, որ փողից ավելի բարձր է շեփորում: Դու ևս, եթե նույն ձևով լաս, Քրիստոսին կնմանվես, որ լացեց Ղազարոսի, Երուսաղեմի և Հուդայի վրա (Բարսեղ Մաշկևորցի):

72. Ավետարանիչներից ոչ ոքի մոտ չի նշված, թե Հիսուսը ծիծաղեց, կամ՝ մեղմիկ ժպտաց, նույնպես ոչ մի սուրբի մասին չի հիշատակված, թե նա ծիծաղել է, բացի Սառայից (Ծննդոց 18:12-15), որի համար էլ պատժվեց, ինչպես նաև Նոյի զավակից, որ կորցնելով իր որդիական պատիվը՝ ծառա դարձավ (Բարսեղ Մաշկևորցի):

73. Ծիծաղի ճանապարհով սատանային մեր մեջ սաստիկ տեղիք ենք տալիս: Ծիծաղելով՝ այլայլում ես քրիստոնյայի դեմքդ, դու որ հրաման առար սուգի մեջ լինել: Արդարև, ուրիշի մեղքերի համար չտրտմողը, եթե պիտի պատժվի, ապա ինչպիսի տանջանքներ պիտի կրի այն, որ իր մեղքերի համար իսկ ցավ չի քաշում: Քահանան կանգնած, բոլորի համար աղաչում է Աստծուն, իսկ դու՝ ծիծաղում ես և չես վախենում (Բարսեղ Մաշկևորցի):

74. Կանայք, հակառակ նրան, որ իրենց գլուխները ծածկում են քողով, սակայն քրքջում են: Ով կին, եկել ես եկեղեցի, որպեսզի մեղքերդ խոստովանես և թողություն խնդրես, իսկ դու ծիծաղում ես,ապա ինչպե՞ս պիտի կարողանաս Աստծուն հետդ հաշտեցնել (Բարսեղ Մաշկևորցի):

75. Արդյոք խնդուքը չա՞ր բան է՝ հարցնում ես: Չար չէ, բայց մեղադրելի է, երբ անտեղի և անչափ լինի: Խնդուքը մեր մեջ դրված է, որպեսզի սիրտը զբոսնի, երբ բարեկամներ տեսնենք՝ ուրախանանք, իսկ սգավորներին մխիթարենք մեղմիկ ժպիտով և ոչ թե քրքջալով (Բարսեղ Մաշկևորցի):

76. Ասա, ինչո՞ւ ես ծիծաղում, դու որ այնչափ պատժի պարտապան ես, չէ՞ որ Քրիստոսի ահեղ ատյանին ներկայանալով՝ մտածումներովդ, խոսքերովդ և գործերովդ, որ խորհեցիր, խոսեցիր և գործեցիր, բոլորի համար հաշիվ պիտի տաս: Նաև կամա և ակամա գործած մեղքերիդ համար պատասխան պիտի տաս, ինչպես Տերն ասաց. «Նա, որ ինձ ուրանա մարդկանց առջև, Ես ևս նրան պիտի ուրանամ Հորս առջև»: Թեև ակամա լինի այդ ուրացումը, միևնույն է, տանջանքներից չես փրկվի, նմանապես, երբ գիտակցաբար կամ անգիտակցաբար մեղանչենք՝ պատիժ պիտի կրենք, ինչպես Առաքյալն է ասում. «Իմ մասին ոչինչ չգիտեմ, բայց դրանով չեմ արդարանում», և թե՝ «Վախենում եմ, միգուցե ինչպես որ օձը խաբեց Եվային, նույնպես դուք էլ խաբվեք»: Ահա նման պատիժների պիտի ենթարկվես, իսկ դու ծիծաղում ես (Բարսեղ Մաշկևորցի):

77. Դատարկախոսությունը, թեև ամեն տեղ էլ վնասակար է, սակայն ավելի եկեղեցու մեջ, պարապ բաներ խոսելու համար չէ, որ գալիս ենք եկեղեցի, այլ՝ ավելի հեծեծելու և հառաչանքներով Արքայություն ժառանգելու համար: Երբ թագավորի մոտ գնաս, չես համարձակվի խնդալ, իսկ այստեղ՝ Աստծո առջև լինելով հանդերձ, չես վախենում, ծիծաղում ես, երբ Նա ցասումի մեջ է (Բարսեղ Մաշկևորցի):

78. Ոմանք այնքան անզգա են, որ այս բաները լսելուց հետո էլ ասում են. ես երբեք չեմ սիրել լացել, այլ ուզում եմ, որ Աստված ինձ միշտ ուրախություն՝ խնդալ և պարել տա: Սրանից ավելի չար ուրիշ ի՞նչ կա: Պարելն ու քրքջալը մեզ հատուկ չէ, այլ անառակներին և գուսաններին, որոնք Աստծո Արքայության բաժնեկից չեն, որովհետև նրանք սատանային են իրենց մեջ կրում և վնասում Քրիստոսի հավատացյալներին: Արդարև, ինչպես որ աղբը և կավը ծեփում են մարմնի աչքերը, նույնպես և պոռնկական երգերը (ռոք, դիսկո, ռեպ, ջազ, էստրադա և այլն) փակում են հոգու և մտքի աչքերը: Մեղքի աղբը նույն ձեր ականջների մեջ է, և այս պոռնկական երգերը ձեզ պիտի չարչարեն: Եվ ավելի ահավորը նա է, որ երբեք չենք դժգոհում, երբ լսում ենք նման բաներ, այլ նույնիսկ ուրախանում ենք այն բաներով, որոնցից պիտի գարշեինք: Արդարև, երբ գուսաններն ու ծաղրածուները զանազան անտեղի բաներ են խոսում, բազմաթիվ անմիտներ ծիծաղում և գովում են այն, մինչդեռ պետք էր նրանց քարկոծել: Նրանք, որ նման բաների համար գովվում են կամ գովում, գեհենի կրակների մեջ պիտի տանջվեն, համաձայն այն խոսքի, թե. «Ոչ միայն գարշելի բաներ խոսողները պիտի պատժվեն, այլև նրանք, որոնք լսելով այդ բաները, հաճույք են ստանում» (Բարսեղ Մաշկևորցի):

79. Տրտմենք այն տրտմությամբ, որ մայրն է ուրախության, և ոչ թե ցնծանք այն ուրախությամբ, որ ատամների կրճտոց է ծնում: Երկրի վրա մի քիչ հոգնենք, որպեսզի հավիտենապես երկնքի մեջ փափկանանք: Պողոսից ավելի լավը չես, ոչ էլ Պետրոսից առավել ազնվական, որոնք միշտ անոթի, ծարավ ու մերկ էին: Եթե ուզում ես այն քաղաքը գնալ, ուր նրանք գնացին, դու ևս գնա այն ճանապարհով, որ տանում է այնտեղ: Հանգստի ճանապարհը այնտեղ չի առաջնորդում, այլ՝ նեղության, հետևաբար, նեղությամբ ապրենք, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհով (Բարսեղ Մաշկևորցի):

80. Զվարճասեր կրոնավորը գերգեսացի դև է (Եզնիկ Կողբացի):

81. Մի՛ լինիր ծաղրածու և խեղկատակ, որ անվախճան լացը չժառանգես (Եզնիկ Կողբացի):

82. Ով սաղմոսելու ժամանակ ծիծաղի կամ մարմնական խոսք մեջ բերի, թող սրբությունից դուրս մնա, մինչև առողջանա (Եզնիկ Կողբացի):

83. Քանզի, եթե դատարկ խոսքերի համար հաշիվ է պահանջում Քրիստոս, ինչպես հրամայեց (Մատթ. 4:22), ապա ի՞նչ պիտի լինեն նրանք, ովքեր գարշելի և վատ բաներ են անխտրաբար խոսում: Մանավանդ նրանք, ովքեր խեղկատակության ու ծիծաղաշարժ խոսքերի են վարժեցնում իրենց լեզուն՝ նմանվելով խեղկատակների և ծաղրածուների, որոնք ծիծաղելիս այլայլում են դեմքը և անմտաբար քրքջում: Ուստի, աղաչում եմ, ձեր խոսքերը անհամ և անալի թող չլինեն անմիտ ռամիկների խոսքերի պես, այլ աղով համեմված՝ ըստ առաքյալի խրատի (Կող. 4:6), որպեսզի լսողներին շահ և օգուտ բերեն և ոչ թե գայթակղություն ու զզվանք պատճառեն (Ներսես Շնորհալի):

84. Եթե առայժմ հուրը երկնքից ընկնելով արագապես չի այրում, արդյո՞ք վախճանի Օրը հատուցում չի լինի, երբ ոչ միայն գործերի քննություն է լինելու, այլև՝ խոսքերի ու խորհուրդների: Եվ գռեհիկ դատարկաբանության ու ծաղրածության համար ստուգապես պատիժ և պատուհաս է պատրաստված (Խոսրով Անձևացի):

85. Աղոթքի վայրում չպետք է ծիծաղել, այլ՝ լալ, որովհետև այն լալու, արտասվելու տեղ է, քանզի. «Վա՛յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք», -ասում է Տերը, և. «Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են» (Ղուկ. 6:21, 25) (Գրիգոր Տաթևացի):

86. Ուրախանում ենք, խնդում և ծիծաղում, մինչ որպես մեռելի վրա պետք է սգայինք մեր անձերի համար:

Մարդ, որքան էլ անզգա լինի, երբ մեռած մարմին տեսնի, չի կարող իր արցունքները զսպել, իսկ ինչպե՞ս չլացենք մենք, երբ հոգին ենք մեռած տեսնում (Սարգիս Շնորհալի):

87. Նմանվեցի գերեզմանների, որոնք արտաքուստ հարդարված են, իսկ ներքուստ լի են աչքով, լեզվով ու ականջով, հոտոտելիքով ու շոշափելիքով, գործված մեղքերի ժանտահոտությամբ: Սովորությամբ միշտ սրանց կողմն եմ դառնում և չեմ ուզում ձերբազատվել, այլ խոզի պես լվացված լինելով հանդերձ, տիղմի մեջ եմ թավալվում: Արցունքի և ողբի այս գործերի մեջ պարարտացած եմ մնում ու հանգիստ վայելում, մարդկանցից ռաբբի եմ կոչվում և այս կյանքը վարում եմ զվարճանալով ու կեղծավորելով (Սարգիս Շնորհալի):

88. Մեծագույն աղետը սակայն այն է, որ հրաման ստացանք ուրիշների մեղքերի համար սգալ, իսկ մենք ոչ միայն մեր մեղքերի համար չենք ապաշխարում, այլ օրեցօր ավելի ենք մեղանչում և աշխարհիկ ուրախություններով ենք զվարճանում, որ շատ շուտով կանցնի և բազմաթիվ ցավեր կծնի: Տրտմենք այն տխրությամբ, որ մայրն է ուրախության, և ոչ թե ցնծանք այն ուրախությամբ, որ նեղություն է ծնում: Թափենք այնպիսի արցունքներ, որոնք ուրախություն են սերմանում. «Ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարանքներին հաղորդակից եք» (Ա Պետրոս 4:13), և ոչ թե ծիծաղենք այն խնդուքով, որ ատամների կրճտոց է ծնում. «Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք» (Ղուկաս 6:25): Այնպիսի նեղություն կրենք, որ հանգստի պատճառ լինի, և ոչ թե՝ ուրախանանք այն փափկությամբ, որտեղից նեղություն և ցավ է ծնվում (Սարգիս Շնորհալի):

Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից:

03.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․