Գրքեր

«Վախը հաղթել իմացող մարդն ու ազգն են, որ արժանի են Քրիստոսի հարության»

Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած ժամանակահատվածը Հայ եկեղեցին կոչել է «Քառասունք յարութեան»: Այս օրերին Քրիստոս Իր աշակերտների հետ անցկացրեց, և այս շրջանի ամեն մեկ օրը կիրակի է, քանի որ երգվում են կիրակի օրերին հատուկ շարականներ:

Ս. Հարության փառաբանությանը նվիրված այս ժամանակաշրջանում՝ մայիսի 4-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ուխտի մեկնեց Գեղարդավանք: Ուխտավորները կրկին անգամ փառաբանեցին մահվանը հաղթահարած և հարուցյալ Փրկչին, քանի որ առանց Քրիստոսի հարության ոչ միայն կյանքն իր իմաստը կկորցներ, այլև՝ Փրկչի բարոյական ուսուցումները: Քրիստոսի հարությունը յուրաքանչյուր քրիստոնյայի համար հավիտենական կյանքի սկիզբն է: Ուխտավորների միասնական աղոթքն էր առ Տեր, որ զորացնի Հայոց ազգը դեպի հավիտենություն տանող ճանապարհին, որ անհավատների սրտում հարություն առնի հավատը և հարուցյալ Փրկչի ողորմությամբ Հայոց ազգը զորանա մեղքի և չարի դեմ պայքարում:

«Քառասունք յարութեան» շրջանում «Զորավոր արանց» միության անդամների աղոթքի ուղին և վաղ միջնադարյան սրբավայրում հնչեցված միասնական աղոթքը հարության ուրախություն պարգևեց նրանց, քանի որ Ս. Զատիկը բացառիկ ուրախության մի տոն է, մահվան և ամեն տեսակի փորձության ու վշտի դեմ հաղթանակի տոն:

 «Վախը հաղթել իմացող մարդն ու ազգն են, որ արժանի են Քրիստոսի հարության: Հիմա որպես «որդիք լուսոյ և որդիք տունեջեան» գիշերվանից հետո կարողանանք ցերեկվան նայել և լցվել հարութենաշունչ զորությամբ, որ մեզ կմղի մահից դեպի կյանք, կյանքից դեպի առավել կյանք և դեպի հավիտենություն»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը:

 

Կարինե Սուգիկյան

 

06.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․