Գրքեր

Վանականն ու դևը

Դևը երեսուն տարի ընկել էր մի վանականի ետևից, որպեսզի գայթակղության մեջ գցի նրան, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում դա անել: Վերջապես, երեսուն տարի անց նա գայթակղեցրեց նրան շնության մեղքով, ու վանականն անկում ապրեց: Իսկ դա վանականի համար նույնն է, թե իր բոլոր նախկին ջանքերը ջուրը գցի: Դևը եկավ անկյալի մոտ ու ասաց, որ նա այժմ հեռացել է Աստծուց ու սատանայի և մեղքի ստրուկն է դարձել:

- Այժմ դու իմն ես,- ասում էր դևը:

- Երբե՛ք, ես Աստծո ծառան եմ:

- Ինչպե՞ս կարող ես Աստծունը լինել, երբ այդ զազրելի մեղքի մեջ ես ընկել: Դու սարսափելի մեղավոր ես:

- Հետո ի՞նչ, որ մեղավոր եմ: Ես Աստծո մեղավորն եմ, իսկ քեզ չեմ ճանաչում:

- Բայց չէ՞ որ անկյալ ես:

- Իսկ քո ի՞նչ գործն է:

- Ո՞ւր պիտի գնաս այժմ:

- Վանք:

- Այդպիսի սարսափելի արարքից հետո մի՞թե դա քո տեղն է: Քո տեղն այժմ աշխարհում է: Ախր ո՞ւմ մոտ ես գնում:

- Հոգևոր հորս մոտ՝ խոստովանության:

Դևն ամեն կերպ հայհոյում էր վանականին, համոզում, սակայն նա իրենն էր պնդում:

Խոստովանությունից հետո հոգևոր հայրը թողություն տվեց նրան:

- Նախկին բոլոր ձեռքբերումներդ ոչնչացրիր քո անկումով, եղբա՛յր: Վեր կաց ու սկզբից սկսիր:

Եվ այդ գիշեր Տեր Հիսուս Քրիստոս՝ վանականի ձեռքը բռնած, հայտնվեց այդ վանքի վանահորը:

- Ճանաչո՞ւմ ես այս մարդուն,- հարցրեց Տերը:

- Ճանաչում եմ, Տե՛ր իմ, սա իմ հոտի վանականներից է, անկյալ մեկը:

- Սակայն իմացիր, որ այս վանականը, հուսահատության ու վհատության դրդող դիվական զրպարտություններին տեղի չտալով, իր անկումով իսկ խայտառակեց դևին և Ես արդարացրի նրան:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

26.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․