Գրքեր

Վարագա խաչի տոնի քարոզ

Սիրելի՛ հավատացյալ համայնք, ուխտավոր եղբայրներ և քույրեր,

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում կրկին տոն է այսօր, Սուրբ Խաչին նվիրված տոներից վերջին՝ Վարագա խաչի տոնը, որն անմիջական առնչություն ունի Հայոց աշխարհի և հայ ժողովրդի պատմության հետ: Վարագա Սուրբ Խաչի տոնը Հայ եկեղեցում հաստատվեց 7-րդ դարում Ներսես Գ Տայեցի հայրապետի կողմից, այն նշանակալի իրադարձությունից հետո, երբ մի քանի դարյա անհայտությունից հետո, Աստծո մեծ ողորմածությամբ, Վարագա լեռան վրա կրկին հայտնի դարձավ Տիրոջ խաչափայտի մասունքի գտնվելու վայրը, որն իր հետ Հռոմից այստեղ էր բերել և ամփոփել սուրբ Հռիփսիմե կույսը: Դարերի լռությունից հետո Աստծո շնորհը կրկին փայլարձակեց Հայաստան աշխարհի և սուրբ Գրիգոր Լուսավորչի հետնորդների վրա: Իսկապես, տոնելու հրաշալի առիթ, սակայն շտապում եմ հայտնել ձեզ, որ սա այսօրվա ուրախության միակ առիթը չէ, որ համախմբել է մեզ այստեղ: Սիրող Հոր անհատնում ողորմածության շնորհիվ մեր եկեղեցին այս տարի մի անգին պարգև ստացավ՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը, որի համար մեր անսահման գոհությունն ենք հայտնում Երկնավոր Հորն ու մեծ երախտագիտությունը՝ մեր եկեղեցու բարերար Գեղամ Ղուկասյանին, որն էլ այդ անգին գանձի նվիրատուն է: Եվ ահա Արարատյան Հայրապետական Թեմի բարեխնամ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ. Արք. Կճոյանի օրհնությամբ Վարագա Սուրբ Խաչի տոնը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հայտարարվեց Տիրոջ խաչափայտի մասունքի ուխտի օր, որն այսուհետ ամեն տարի այս տոնին պիտի նշվի Աստծո կամքով և բարեհաճությամբ: Ուստի, ի սրտե շնորհավորում եմ բոլոր ներկաներին այս կրկնակի տոնի կապակցությամբ և Տիրոջ Սուրբ նշանի բազում օրհնությունները մաղթում ամենքիդ:

Այո՛, այսօր տոն է, սիրելինե՛ր, ուրախության առիթ, ուրախություն, որ Սիրող Հայրը կրկին ու կրկին պարգևում է Իր անհնազանդ զավակներին: Ուրախությունը, որ ունենք այսօր, ծնվել է Տիրոջ կրած ցավի միջով, որն էլ իր հերթին հետևանքն է անսահման սիրո, աներկբա հնազանդության և անգերազանցելի խոնարհության, որ մարդացյալ Աստված ցուցաբերեց Իր երկրային կյանքում: Եվ մեր այսօրվա խնդության իրական արժեքն ընդգծելու համար, ուզում եմ անդրադառնալ այն ցավին, որի միջով անցավ Ամենակալ Աստված, որպեսզի ես և դուք այսօր հնարավորություն ունենանք ապրելու, ուրախանալու և Երկնքի Արքայության հույսն ունենալու:

Քրիստոսի մասին լսած յուրաքանչյուր մարդ, իսկ մենք՝ առավել ևս, բազմիցս ենք լսել, որ Նա իջավ Երկնքից, մարդացավ, չարչարվեց, անարգվեց և տառապեց խաչի վրա, որպեսզի մեղավոր մարդկությանը փրկի մեղքի ու մահվան ճիրաններից և փակված դրախտի դարպասները կրկին բաց անի նրանց առջև: Չարչարվել, անարգվել, խաչվել… Տհաճ բառեր են, այո՛: Սակայն խոսքը մի գազանաբարո հանցագործի մասին չէ, որն իր արժանի պատիժը կրեց և մենք էլ ուղղակի ասենք «տհաճ», կնճռոտենք ճակատներս ու շտապենք մոռանալ դրա մասին: Այլ խոսքն Ամենազոր Աստծո, ամենայնի Արարչի, Կատարյալ Անմեղի և կյանքի Պարգևատուի մասին է, որ ինքնակամ գնաց այդ ինքնազոհությանը՝ մեզանից յուրաքանչյուրի համար: Այսինքն մարդ արարածը, իր ազատ կամքով, հրաժարվում է իրեն արարող Հորից, գնում Նրա սուրբ կամքի դեմ, մերժում իրեն պարգևված շնորհները, հավիտենական երանությունը փոխում ժամանակավոր մեղավոր հաճույքների հետ, պատժվում Աստծուց՝ զրկվելով հավիտենական կյանքից և հենց Աստված էլ գալիս է նրա մեղքերը քավելու, մե՛ր մեղքերը քավելու: Իսկ մենք, մեր մեղավոր ընթացքով շարունակում ենք կրկին ու կրկին խաչը բարձրացնել Նրան՝ պատճառելով այն նույն ցավն ու տառապանքը, որ ավելի քան երկու հազար տարի առաջ պատճառեցին մեզ նմանները:

Բոլոր չորս ավետարաններն էլ գրեթե նույն խոսքերով են նկարագրում այն սոսկալի դեպքերը. «Այն ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին վերցրին տարան ապարանք և ամբողջ գունդը նրա գլխին հավաքեցին: Մերկացրին նրան և նրա վրա կարմիր վերնազգեստ գցեցին: Եվ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին և մի եղեգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»: Եվ թքելով նրա վրա՝ եղեգն առնում էին ու խփում նրա գլխին: Եվ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. և տարան նրան խաչը հանելու» (Մտթ. 27:27-31, Մրկ. 15:16-20, Ղուկ. 22:63-65, Հովհ. 19:1-5): Քրիստոսի պատանաշորը համարվող Թուրինյան սավանի հետազոտությունները գալիս են լրացնելու ավետարանական նկարագրությունները և ավելի մանրամասն պատկերացում են տալիս այն սարսափելի չարչարանքների մասին, որոնց ենթարկվել է այդ սավանով փաթաթված մարմինը: Եվ ես ձեզ կներկայացնեմ փորձագետների տված եզրակացությունից մի քանի դրվագ, որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե իրականում ինչ սարսափելի չարչարանքների մասին է խոսքը: Այսպիսով, մարմինը՝ ուսերից մինչև ոտքերը, պատված էր դաժան խարազանման ժամանակ հասցված բազմաթիվ արնահոսող վնասվածքներով, որոնք հասցվել էին մետաղյա ծանր գնդերով, մեխերով կամ ոսկորներով ծայրակալներ ունեցող մտրակներով, որոնք միսը պատռելով պոկում էին ոսկորից: Ընդհանուր առմամբ հաշվվում է եռածայր մտրակի հարվածից առաջացած 59 պատռված վերք՝ յուրաքանչյուրը մոտ 4սմ երկարությամբ, 18 երկծայր մտրակի և 21՝ մեկ ծայրով մտրակի վերք: Այս ամենին գումարեք Նրա գլխին հագցված փշե պսակը, որին էլ փայտով հարվածելու հետևանքով գլխի վերին հատվածում հաշվվում է 30 արնահոսող անցքեր: Բզկտված մարմնի վրա ավելացրեք նաև ծանր խաչը կրելուց մնացած լայնադիր գերանի հետքն աջ ուսի վրա, ձախ թիակի ներքևի հատվածի ուժեղ վնասվածքը, որը նույնպես առաջացել էր գերանի հարվածի հետևանքով, երբ այն կրողը, դրա ծանրությունից ուժասպառ, ծնկների վրա էր ընկել՝ վնասելով նաև ծնկները և կստանաք այն հոգեցունց սարսափազդու պատկերը, որ կար արդեն մինչ խաչի վրա չարչարվելը: Եվ այս ամբողջ մղձավանջի մեջ ինձ ուղղակի գերում ու անասելի տպավորում է այն հանգամանքը, որ Ամենակարող Աստված, Ով ամեն վայրկյան կարող էր Իր աստվածային զորությամբ վերջ տալ այս ողջ սարսափին, ուղղակի աննկարագրելի կամքի ուժ և խոնարհություն է ցուցաբերում՝ համբերելով այդ անմարդկային տանջանքներին և գնալով մինչև վերջ, որպեսզի կատարվի Հոր կամքը, որպեսզի իրականանա այն նպատակը, որի համար երկիր էր եկել:

Սիրելինե՛ր, ես այսօր ուզում եմ, որպեսզի Քրիստոսի խաչի ճանապարհն արյունով ներկած չարչարանքի պատկերը պահեք ձեր մտքում, որովհետև Նա այդ ամենը կրեց իմ և ձեզ համար: Լինելով Ամենազոր՝ համբերեց անարգանքներին, լինելով կատարելապես անմեղ՝ համբերեց անմարդկային տանջանքներին, լինելով Արարիչ՝ մահ ընդունեց սեփական արարածի ձեռքից. համաձայնեք, որ ավելի անարդար իրողություն գոյություն չունի աշխարհի վրա: Մարդկային տկար գիտակցությունն ու երևակայությունն անզոր է պատկերացնել Աստծո սիրո այն չափը, որը պատրաստ է նման զոհաբերության գնալ՝ հանուն Իր մեղավոր զավակի: Բայց Աստված արեց դա: Նա Երկնքից երկիր իջավ խաչի կամուրջով, որպեսզի մենք էլ այդ միակ կամուրջով Իր գիրկը բարձրանանք: Նա արիությամբ կրեց բոլոր չարչարանքներն ու ի վերջո հաղթանակած դուրս եկավ այդ ամենից հարության միջոցով, որպեսզի երբ Իր հետևորդները կքեն իրենց խաչի ծանրությունից և նրանց ուժասպառ ոտքերն այլևս ի վիճակի չլինեն առաջ շարժվելու, իրենց սրտի հայացքն ուղղեն խաչյալ Քրիստոսին, որպեսզի Նա Իր աստվածային սիրո լույսով նոր զորություն հաղորդի և վեր բարձրացնի նրանց հակված գլուխները: Նա լուռ դիմացավ ծաղրին ու բոլոր անարգանքներին, որպեսզի մենք էլ հալածանքի ժամին չհուսահատվենք, այլ արիանանք կենդանություն պարգևող օրինակին նայելով և քաջությամբ անցնենք մեր անձնական Գողգոթայի ճանապարհը: Քանի որ ինչպես ադամական մեղքն էր անհնար սրբել առանց Աստվածորդու խաչի տառապանքի, այնպես էլ մեր փրկությունն է անհնար առանց մեր սեփական խաչի: Ուստի տեղին է հիշել երջանկահիշատակ Խրիմյան Հայրիկի խոսքերը, որոնցում ասվում է. «Ո՛վ հավատացյալ ժողովուրդ, դուք, որ խաչին եք հավատում և աշխարհի խաչակրության մեջ տառապում եք, մի՛ կարծեք, թե խաչի պարտքը միայն կղերական դասի բեռն է և ժողովուրդն ազատ է: Ո՛չ, ո՛չ: Խաչը առհասարակ քրիստոնյա անունը կրողների անխուսափելի և նվիրական պարտքն է: Դուք ևս ձեր խաչերն ունեք, որ աշխարհի բռնությունը միշտ պատրաստում է ձեզ համար և չեք կարող ձեր թիկունքի վրայից իսպառ թոթափել խաչի բեռը, քանզի Քրիստոս ասաց. «այս աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք»… Քրիստոս նաև հայտարարեց. «Ով որ խաչը վերցնելով իմ ետևից չի գալիս, չի կարող իմ աշակերտը լինել»»: Արդ, մաղթում եմ, որ Տիրոջ սուրբ խաչափայտի մասունքի օրհնությամբ ամրապնդվեք ձեր խաչի ճանապարհին և միմյանց օգնելով հաստատուն քայլերով գնաք Քրիստոսի հետևից, որպեսզի արժանի լինեք Նրա աշակերտները կոչվելու անգին պատվին:

Շնորհ, սեր և խաղաղություն ամենքիդ, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

01.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․