Գրքեր

Վարագա խաչի տոնի քարոզ

«Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա, և որ յենուն ի նա իբրև ի Տէր հաստատութեամբ»:

«Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում են նրա վրա, ինչպես Տիրոջ վրա»: (Առակներ 3:18)

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

​Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից վերջինը: Եվ այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանի որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, ի համբույր հավատացելոց, դուրս է բերվել Տիրոջ մասունքակիր խաչը: Դարեր առաջ Տիրոջ խաչափայտի մասունքի գտնվելը Վարագա լեռան վրա Թոդիկ և Հովել ճգնավորներին և հայոց երկրի ողջ հոգևորականներին ու աշխարհականներին պարգևում է ցնծություն և ուրախություն, և Ներսես Տայեցի կաթողիկոսի հրահանգմամբ Սուրբ Խաչին նվիրված ևս մեկ տոն է սահմանվում: Խաչին նվիրված երեք տոներին «արժան և իրավ» ավելանում է ևս մեկը:

Յոթերորդ դարում Թոդիկ ճգնավորը և նրա աշակերտ Հովելը ծոմապահությամբ և հարատև աղոթքներով արժանացան Սուրբ Հռիփսիմե կույսի թաքցրած խաչի գյուտին: Մեզ էլ Երկնավոր Թագավորը արժանացրել է խաչափայտի մերօրյա կենդանի հաղորդակցմանը և շնորհաբաշխմանը: Ուստի մեզ համար այսօր ցնծության առիթ է, քանի որ Եղեռնից հետո անհայտ է խաչի մասունքի գտնվելու տեղը: Մենք նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը, սակայն Սուրբ Նշանի պահման վայրը առ այսօր մեզ հայտնի չէ: Իսկ այս մասունքակիր խաչը այսօր մեզ համար մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենսատու խաչին հաղորդակցվելու, երկրպագելու, մեր խոնարհումը բերելու, Նրա զորությամբ մեր մեջ շնորհներ ավելացնելու բացառիկ հնարավորություն և առիթ է:

Որքան են պայքարել մարդիկ Աստծո Որդու խաչափայտի սուրբ մասունքից իրենց մոտ ունենալու համար: Հայ ժողովուրդը ջանքեր և միջոցներ երբեք չի խնայել Սուրբ Խաչի մասունքները ըստ արժանվույն պահելու և իր հարգանքն ու երկյուղածությունը նրանց հանդեպ ցուցաբերելու համար: Եվ դրանք զուտ բառեր չեն, որ հայ քրիստոնյան իր կյանքը չի խնայել հանուն խաչի ու Խաչյալի: Պատահական չէ, որ մենք՝ հայերս, ստացել ենք խաչապաշտ անունը: Մարդիկ համոզված էին, որ խաչը պահպանիչ է ու զորավիգ, հզոր պատվար և ապավեն, ուստի, փորձանքից ու փորձություններից ազատված մարդկանց ասում էին «խաչի պահած»: Հայոց աշխարհի տարբեր վայրերում կարող ենք տեսնել բազմաթիվ խաչքարեր և լսել խաչի հրաշագործությունների հետ կապված զանազան պատմություններ:

​Սիրելինե՛ր, թե ուրախ լինենք, անշուշտ, խաչի վրա ենք հենված, մեր ոտքերը ամուր կանգնած են խաչե հենարանի վրա, թե տխուր լինենք, միևնույնն է, խաչյալի ոտքերի մոտ ենք: Մենք՝ քրիստոնյա հայերս, պետք է փորձենք Սուրբ Աստվածածնի և Հովհաննես առաքյալի նման չհեռանալ Խաչի վրա գամված Քրիստոսից, որպեսզի Նա հոգա մեր մասին, ինչպես Սուրբ Մարիամ Աստվածածնին հանձնեց Հովհաննես առաքյալի խնամքին: Փորձենք ձախակողմյան ավազակի նման, Տիրոջը այնքան մոտ լինելով, հանդուգն և ամբարիշտ չլինել, այլ աջակողմյան ավազակի նման ասել. «Հիշի՛ր, Տե՛ր, երբ գաս Քո Թագավորությամբ» (Ղուկաս 23:42): Կյանքի վերջին վայրկյանին ավազակը հասկացավ, թե Ում հետ է խաչվում և չկորցրեց իր փրկության հնարավորությունը: Միգուցե այնքան չէր կարող ըմբռնել, ինչքան որ մեզ այսօր տարբեր միջոցներով քարոզվում, խոսվում ու պատմվում է Աստծո Որդու խաչելության նպատակի, փրկագործության խորհրդի՝ մարդկության փրկության մասին, բայց այդ մի քանի րոպեում նա ապահովեց իր փրկությունը՝ խոստովանելով Հիսուս Քրիստոսին: «Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես»» (Ղուկաս 23:43): Գրաբարում «խոստովանել» բառը շատ հետաքրքիր իմաստներ ունի, բացի «մեղքերը հայտնելու» նշանակությունից, այն առաջին հերթին ունի «դավանել, ընդունել իբրև ճշմարտություն», «ճանաչել», «ընդունել», «գոհանալ» և «բարեբանել» իմաստները, այնպես որ մեզ սրանք խորհելու առիթ են տալիս, որ մենք ևս ավազակի նման խոստովանենք Հիսուս Քրիստոսին՝ իբրև Փրկիչ, իբրև Աստծո Որդի:

Քրիստոս որքան տանջանքներ կրեց խաչի վրա, այնքան էլ շնորհներ բաշխեց մեզ խաչի միջոցով: Որքան անասելի չարչարանքներ կրեց խաչի վրա, այնքան էլ բազմապատկեց խաչի օրհնությունները: Բացի օրհնություններից՝ առաջին հերթին Նա խաչի միջոցով պատարագվեց՝ մեր փրկության համար: Խաչը, ինչպես բոլորին հայտնի է, մահվան գործիք էր, բայց դարձավ փրկագործ կենաց ծառ: Այսօր շեշտադրել խաչի՝ մահվան գործիք լինելը անմտություն է: Իրականում և ճշմարտապես այն մեզ՝ երկրավորներիս երկինք հանող սանդուղք է, մի նոր լուսեղեն ճանապարհ: Խաչը հոգին ոռոգող ջուր է. ով մոտենում է նրան, լվացվում է կենսատու ջրով և հոգեպես նորոգվում: Ինչպես գաղատացիներին ուղղված նամակում Սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Հիսուս Քրիստոսով ո՛չ թլպատությունն է մի բան և ո՛չ էլ անթլպատությունը, այլ՝ նոր արարած լինելը» (Գաղատացիներ 6:15), հետևաբար մենք պետք է Խաչյալին երկրպագելով փոխվենք, վերածնվենք և նոր մարդ դառնանք:

Խաչելությունը մարդկության պատմությունը բաժանում է երկու մասի, և կենտրոնում Հիսուս Քրիստոսի խաչելությունն է ու մարդկությանը պարգևած փրկությունը: Սա պատմության բոլորովին նոր էջն է: Այն հիմնովին փոխում է մարդկության պատմության ընթացքը, նոր ընթացք տալիս մարդկանց կյանքին: Տիրոջ խաչելությունը ապահով նավահանգիստ է երկրային կյանքի փոթորկվող ծովում ալեկոծվողների համար, զգոնության կոչ է ընդարմացածների համար, բժշկություն է հիվանդների համար, մխիթարություն է վշտացածների համար: Հիսուս Քրիստոս ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ (Մատթեոս 11:28):

Տիրոջ խաչելությունը կարծես եկեղեցի կանչող առաջին զանգը լինի, որ Իր մոտ է հրավիրում բոլոր մարդկանց՝ անկախ տարիքից ու սեռից: Կանչում է՝ ազդարարելու համար նոր կյանքի սկիզբը, Քրիստոսով փրկությունը: Այլևս անհնար է ապրել միայն երկրային կյանքի սպասելիքներով, հոգսերով, նպատակներով, կյանքը կապել միայն այս աշխարհի հետ, միայն այս կյանքով բավարարվել և այս կյանքում փնտրտուքներ ունենալ, որովհետև Քրիստոսի խաչելությունը թե՛ նոր ձև ու իմաստ է հաղորդում այս աշխարհին ու կյանքին և թե՛ մեր կյանքը անքակտելիորեն կապում է Երկնային Արքայության հետ:

Սիրելինե՛ր, մաղթում եմ բոլորին ապավինել Սուրբ Խաչի զորությանը, որովհետև Խաչը զորավոր պատվար է մեզ բոլորիս համար: Թող այն զարդարի ոչ միայն մեր պարանոցները և մեր տները, այլև նրանով զարդարվեն ու լցվեն մեր միտքը, հոգին ու սիրտը՝ նոր բովանդակություն հաղորդելով մեր կյանքին, ապրելակերպին ու հոգեկերտվածքին: 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

30.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․