20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Վարդանանց տոնի քարոզ

«Ես աղաչեցի վասն քո՝ զի մի պակասեսցեն հաւատք քո»:

«Ես աղոթեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:31):

Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը, իսկ երեքշաբթի նշում էր սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Մարդիկ, որոնք հինգերորդ դարում մարտնչեցին իրենց հավատքի և հայրենիքի համար և չսարսափեցին Հիսուս Քրիստոսին այլակրոն հզոր թշնամու առաջ դավանելուց: Նրանք անմահացան իրենց աննկուն և աննահանջ պայքարով և արժանապես համալրեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերի շարքը: Նրանք «գերադասեցին մահն Աստվածպաշտությամբ, քան կյանքն ուրացությամբ» (Եղիշե 1989, 145): Քաջաբար մարտնչեցին՝ չերկնչելով այլադավանների մեծաքանակ բազմությունից և իրենց կենաց-մահու կռվով կասեցրին պարսիկների զրադաշտականության պարտադրանքը հայ ժողովրդին:

Որքան ուսանելի է Սուրբ Վարդանի խոսքը՝ ուղղված իր զինակիցներին պարսիկների հսկայական բանակի դեմ հանդիման. «Բարերար Տիրոջը տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ. մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների զորագլուխը: Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից» (Եղիշե 1989, 211): Մեզ համար օրինակելի է այդ ժամանակաշրջանի մարդկանց անդրդվելիությունը՝ պաշտպանելու իրենց հավատքն ու եկեղեցիները. «Պատրաստ ենք հալածվելու և մեռնելու և ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կրելու այն սուրբ եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան զորությամբ, որով նորից ծնվեցինք մի հավատի հույսով՝ մկրտվելով Հիսուս Քրիստոսի անունով. նույն նմանությամբ կամենում ենք չարչարանքներով և արյունով նորոգել մեր անձերը: Որովհետև մեզ հայր ենք ճանաչում սուրբ Ավետարանը, և մայր՝ Առաքելական կաթողիկե եկեղեցին. թող ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով՝ մեզ սրանից չբաժանի» (Եղիշե 1989, 135):

Սիրելինե՛ր, մենք բոլորս էլ ոչ միայն քրիստոնեական հավատքի կրողներն ենք, այլև մեր իսկ հավատքի պաշտպաններն ու զինվորները: Հարկ է, որ մենք էլ մինչև վերջին շունչը զգոն և աչալուրջ լինենք հավատքի պահպանության գործում: Ինչպես զինվորը մարտի դաշտում կամ թե իր պահակակետում ուշիմորեն ծառայում է իր հայրենիքին՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները և իր հայրենակիցներին, այնպես էլ հավատքի մեր մարտն է մշտապես զգաստություն և զգոնություն պահանջում մեզանից: Անտարբերությունն ու թեթևամտությունը, անլրջությունն ու անզգուշությունը տեղ չունեն ինչպես զինվորի կենցաղում, այնպես էլ հավատացյալ մարդու կյանքում: 

Քրիստոնեությունը սիրո և խաղաղության կրոն է, համերաշխության և անմնացորդ նվիրվածության: Քրիստոնեությունը զոհաբերության կրոն է: Նրա հիմքում այն սերն է, «որն իրենը չի փնտրում» (Ա կորնթացիներ 13:5), և պահանջում է ընկերոջը սիրել սեփական անձի պես (Մատթեոս 22:39): Նա չի փնտրում վեճեր և կռիվներ, վրեժխնդրություն չի քարոզում, մարդկանց արյան ծարավ չէ, այլ նրա նպատակն է մարդկանց մեջ սեր և ներողամտություն, հաշտություն և փոխադարձ հարգանք տարածելը: Սակայն երբ քրիստոնեությունը սկսում է դիտվել կամ համարվել ավելորդ կամ թե խանգարող ուժ, կամ եթե ուզում են ոչնչացնել այն, այնժամ քրիստոնյան, հանուն իր Աստծո, հանուն իր ճշմարիտ հավատքի և հանուն իր եկեղեցու, վերածվում է քաջարի մարտիկի և զինվորի, որ պատրաստ է, առանց խնայելու իր կյանքը, մարտնչել մինչև վերջին շունչը՝ իմանալով, որ Աստված Իր հավատարիմ զավակների համար մեծ վարձք ունի պահած. «Ով որ Ինձ կխոստովանի մարդկանց առաջ, Ես էլ կխոստովանեմ նրան Իմ հոր առաջ, որ երկնքում է» (Մատթեոս 10: 32):

Սիրելինե՛ր, այսօր աղոթում ենք բոլորիս հավատքի անսասանության համար: Զորացե՛ք բոլորդ ձեր հավատքի մեջ: Իբրև քաջալերություն և գոտեպնդություն հիշե՛ք օրվա ավետարանական պատգամը. «Մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դեն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն Կատարելագործողին, Որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծո աթոռի աջ կողմում» (Եբրայեցիներ12:1, 2):

Յուրաքանչյուր մարդ իր փորձություններն ու դժվարին իրավիճակներն ունի, մեկը ուրախության մեջ է, երկրորդը փամփուշտների տարափի տակ է, երրորդը փորձության մեջ է, մեկ ուրիշը հիվանդ պառկած է անկողնում, մյուսը ծովի ալեկոծությանն է բախվել: Կյանքում ամեն ինչ հնարավոր է, սակայն սարսափել պետք չէ, քանի որ, ինչպես սաղմոսերգուն է ասում. «Տերը քեզ կպահպանի, Տերը քեզ կընդունի Իր աջ ձեռքով: Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ: Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից, Տերը կհսկի քո մուտքն ու ելքը այսուհետև մինչև հավիտյան» (Սաղմոս 120:5-8): Ոչ մի րոպե կասկած չպետք է ունենալ, որ մեր Տերը միշտ մեզ հետ է և պահպանում ու պաշտպանում է մեզ. «Ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են», - ասում է Տերը (Մատթեոս 10:30): Հիշենք, թե Հիսուս Իր մատնությունից առաջ ինչ ասաց Պետրոսին. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել: Բայց Ես աղոթեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:31):

Այսօր Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց բարեխոսությամբ թող Տերը մեզ էլ զորացնի մեր հավատքի մեջ: Թող երկյուղ և վախ չտիրեն մեր սրտերին ու հոգիներին: Նրանց աղոթքներով թող Տերը մեզ զինավառի քաջության և արիության շնորհներով, որպեսզի մենք էլ տեր ու պաշտպան կանգնենք մեր հավատքին ու մեր եկեղեցուն: Եկեք այսօր միատեղ աղոթք բարձրացնենք առ Աստված մեր եկեղեցու անսասանության և մեր երկրի խաղաղության համար, բարօրություն և փրկություն հայցենք Տիրոջից՝ մեր ողջ ժողովրդի համար, հայրենիքի սահմաններին կանգնած մեր զինվորների կյանքի համար, մեր նախնիների սխալները թույլ չտալու և մեր ազգային կյանքի նորանոր մարտահրավերները միասնաբար խոհեմությամբ հաղթահարելու համար:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

28.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․