Գրքեր

Վարդանանց տոնի քարոզ

«Իմ հայրենեաց հոգի՛ Վարդան,

Հոգիս հոգւոյդ լինի  ղուրբան»:

Սիրելիներ,

Ահավասիկ, այսպիսի բառերով մեր ժողովուրդն իր հիացմունքն ու իր զգացմունքներն է արտահայտել  Սուրբ Վարդան զորավարի և 1036 նահատակների հանդեպ: Հայոց պատմությունը հարուստ է անթիվ-անհամար պատերազմներով և ճակատամարտերով, սակայն Ավարայրի ճակատամարտն իր ուրույն տեղն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայ Եկեղեցու պատմության մեջ՝ այն պարզ պատճառով, որ սոսկ հերթական մի ճակատամարտ չէր: Պարսից զորքի դեմ հայկական բանակն առաջին անգամ չէր, որ պատերազմում էր, սակայն այս մեկը միանգամայն տարբեր էր: Այդ իսկ պատճառով 451 թվականը գալիս է գումարվելու հայ ժողովրդի համար նվիրական այնպիսի թվականներին, ինչպիսիք են 301 և 405 թվականները: Հազկերտ Բ պարսից արքան վաղուց ի վեր ծրագրել էր հայ ժողովրդի կրոնափոխությունը՝ զրադաշտականության և կրակապաշտության ընդունումը, քանզի լավ էր հասկացել, որ ազգը պառակտելու, ազգը սպանելու համար բավական չէ հողին տիրանալը, որը առանց այն էլ Հայաստանի բաժանումից հետո ըստ ամենայնի արդեն իրականացված էր:

Անհրաժեշտ էր հասնել արմատներին, գնալ մինչև ամենասուրբ ու ամենանվիրական ակունքը, անհրաժեշտ էր խոցել ժողովրդի սիրտը: Իսկ ամեն ժողովրդի սիրտ ու նամանավանդ հայ ժողովրդի սիրտն իր հավատքն է: Պատմաբանները և աստվածաբանները զարմանքով են արձանագրում այն իրողությունը, որ Հայաստանում քրիստոնեության հաստատումից ընդամենը 150 տարի անց հնարավոր էր այդպիսի հակազդեցության ալիք, երբ ողջ ժողովուրդը՝ իր բոլոր խավերով՝ մեծազնիվ և ռամիկ, Եկեղեցի և պետություն, այր և կին, մեծ ու մանուկ դուրս էին եկել ընդդեմ թշնամու:

Համաժողովրդական այս ապստամբությունը գլխավորում էր Վարդան Մամիկոնյանը, ով սերում էր Սահակ Պարթևի ազնվական ընտանիքից և Համազասպ քաջ Մամիկոնյանի որդին էր: Նա էր, որ 449 թվականին, երբ Տիզբոնում բոլոր նախարարները ուրացան, Պողոս առաքյալի օրինակին հետևելով հայտարարեց, թե՝ մենք մեր հավատքը երբեք չենք ուրանա, և ոչ ոք չի կարող մեզ բաժանել մեր հավատքից, ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը և ո՛չ մեկ այլ բան, քանզի մեր ուխտը Աստծու հետ հավիտենական է:

Հայ ժողովրդի նվիրական այս պայքարը, վասն հայրենյաց և վասն հավատո, միայն մեր ժողովրդին հատուկ չէ: Աստվածաշունչ մատյանում ևս հանդիպում ենք նման մի օրինակի՝ Մակաբայեցիների գլխավորած հրեա ժողովրդի ազատագրական պայքարին՝ Մաթուսաղա Մակաբայեցու օրոք, երբ Ասորեստանի Անտիոքոս թագավորը, պղծելով Երուսաղեմի Տաճարը, այնտեղ կուռքեր է կանգնեցնում և հրեա ժողովրդին պարտադրում պաշտել և զոհ մատուցել այդ կուռքերին:

451 թվականի մայիսի 26-ը մնայուն կերպով արմատավորվեց և իր տեղը գրավեց մեր ժողովրդի պատմության պանծալի էջերի շարքում: Այդ օրը հայ ժողովուրդը պարսից զորքի դեմ ելավ առաջնորդությամբ հայ հոգևորականության՝ գլխավորությամբ կաթողիկոսական տեղապահի՝ Ղևոնդ Երեցի, սրբազան հայրերի և ողջ արքունիքի ու պետական ավագանու: Վարդանանք թեև թվով սակավ,  սակայն գիտեին՝ վասն ինչի էին ելնում, որովհետև գիտեին պատճառը, որի համար և պատրաստ էին իրենց կյանքը զոհելու:

Այսօր եթե նման խնդիր ծագի, հազար ու մի քաղաքական պատճառներ կգտնենք, հազար ու մի նրբություններ, հանգամանքներ, այլևայլություններ, միայն թե մեր սրտի ձայնը չլսենք: Վարդանանք ևս կարող էին, Տիզբոնում առերես ուրանալուց հետո, շարունակել նույն քաղաքականությունը՝ այն պատճառաբանելով խաղաղության անհրաժեշտությամբ: Սակայն այդուհանդերձ նախընտրեցին պատերազմելու և իրենց սուրբ արյունը հեղելու ի խնդիր մեր ազգի և Եկեղեցու: Ինչո՞վ էր պայմանավորվում այսօրինակ նվիրումը: Ավարայրի ճակատամարտի ականատես Եղիշեն ասում է, որ քրիստոնեությունը մեզ համար մաշկի գույն է, այսինքն հնարավոր չէ ուրանալ սեփական ինքնությունը: Մենք չենք կարող ուրանալ մեր լինելությունը, իսկ մեր լինելությունը քրիստոնեության դրոշմն է կրում: Շատ գաղափարներ կան, սիրելիներ, որոնց համար արժե կյանք տալ և առանց որոնց չարժե ապրել նույնիսկ մեկ վայրկյան: Այդպիսի գաղափարներից մեկն է նաև հավատքը, որի վրա ամուր հաստատված է մեր ժողովուրդը, և որի համար Վարդանանց քաջերն իրենց կյանքը տվեցին:

Պարսից պատմագրությունը նույնիսկ չի հիշատակում, որ Ավարայրի նման ճակատամարտ է տեղի ունեցել: Իրենց պատերազմների անսահման թվի մեջ Ավարայրը սոսկ հերթական մի ճակատամարտ էր թերևս: Հակառակ այս ամենի, մենք հիշում ենք այս հերոսամարտի օրը, ամեն անգամ այն տոնախմբում ենք և պիտի տոնախմբենք, քանի դեռ երկրագնդի վրա մեկ հայ կա, որովհետև սա մեր ինքնության և լինելության տոնն է: Շատերը կարող են ասել. բայց ի՞նչ կարիք կար, չէ՞ որ Եկեղեցին ուրիշ բան է սովորեցնում, չէ՞ որ Եկեղեցին սովորեցնում է խոնարհություն, հեզություն, չէ՞ որ հնազանդություն ենք քարոզում:

Հավատացեք, եթե հայ ժողովուրդը չլինի, եթե հայ քրիստոնյա տեսակը չլինի, ո՞վ է ի վերջո պաշտելու Հիսուսին, եթե մենք չլինենք, եթե այս հավատացյալ հոտը չլինի: Ճիշտ է, որ Եկեղեցին մի ամրոց է, մի սրբություն, որը միշտ պաշտպանում է մեզ, երբ մենք դրա կարիքն ունենք, սակայն ճիշտ է նաև, որ հենց նույն Եկեղեցին իր դժվար պահերին մեր օգնության կարիքն ունի: Ինչպես ծնողը խնամում է մեզ, այնպես էլ մենք ենք պարտավոր խնամել մեր ծնողին: Հետևաբար, սիրելիներ, մեր կյանքն ապրենք այն խորհուրդն ու գիտակցությունն ունենալով, որ չգիտակցված մահը սոսկ մահ է և ոչնչություն, իսկ գիտակցված մահը անմահություն է: Մահվանը նախորդող հիվանդությունները, դժվարություններն ու տառապանքը դարձյալ կյանք են և ոչ թե մահ: Մեր կյանքի ընթացքում մենք կարող ենք հազար անգամ բարոյապես մահանալ, բայց, սիրելիներ, մենք պիտի միշտ հիշենք և իմանանք. ինչպե՞ս և ինչի՞ համար ենք մահանում:

Փառք Աստծո, այսօր մենք նման խնդիր չունենք, որ մեր կյանքը տանք մեր հավատքի և մեր հայրենիքի համար: Խաղաղություն է, փառք Տիրոջ, բայց մահվան հավասար կարևոր է գիտակցել, թե ինչպես ենք ապրում: Մեր կյանքը մեր մահվան նույն արժեքն ունի, լի հույսով առ Տեր, լի հույսով առ ապագան: Սիրելիներ, այսօր, Ս. Պատարագից հետո, հավաքվել ենք այստեղ, որպեսզի կատարենք նաև Հայրապետական մաղթանք, նշելու համար անվանակոչության տոնը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի և բոլոր նրանց, ովքեր կրում են Վարդանանց հերոսների անունները՝ Գարեգին, Խորեն, Վազգեն և ուրիշ անուններ: Մեր այսօրվա մաղթանքն ու աղոթքն է, որպեսզի սուրբ զորավար Վարդանը և իր նահատակները բարեխոս լինեն Միածին Որդուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կրում են Վարդանանց հերոսամարտի քաջ նահատակների անունները, ապրեն իրենց անվան շնորհներով, և որպեսզի նվիրական այս հոգին երբեք չնվազի մեր ազգի մեջ, որպեսզի նոր Վարդաններ և նոր սուրբ քաջեր միշտ ելնեն մեր ժողովրդի միջից այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

Տ. Վազգեն վարդապետ Նանյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում ս. Վարդանանց տոնին մատուցված  ս. Պատարագին, 15 փետրվարի 2007 թ.)

 

20.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․