Վարդանանք | Vardananq



Գրքեր

Վարդանանք

«Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է» (Գարեգին Նժդեհ):

Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ,

Մարդկության պատմության ակունքներում, երբ նախաստեղծ մարդը զանցն առավ իր Արարչի պատվիրանն ու մեղքի դառը բաժակն ըմպելով՝ կորցրեց հավիտենությունն ու գործի դրեց ժամանակի մեխանիզմը, դրան զուգահեռաբար սկսեց պտտվել նաև պատմության անիվը՝ իր անտեսանելի ներկայությամբ ականատես լինելով բոլոր ժամանակներում ազգերի հետ տեղի ունեցող իրադարձություններին: Պատմությունը մշտարթուն աչքով հետևում է իրադարձությունների ընթացքին և անդադար գրառումներ կատարում իր էջերում: Այդ էջերը երբեմն սևանում են ազգերի ամոթալի ու չար ընթացքի պատճառով, երբեմն բոսորագույն են դառնում՝ հեղված արյան առատությունից, իսկ երբեմն էլ գրվում են ոսկե տառերով՝ ազգային հպարտության առիթ ընձեռելով ապագա սերունդներին: Հայ ժողովրդի պատմության նման էջերից մեկում էլ տեղ գտած պանծալի հերոսներին է այսօր հիշատակում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ նրանց դասելով «հայրենիքի նահատակների» շարքը: Խոսքս իհարկե Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության մասին է, որ հերոսական մահով ընկան Ավարայրի ճակատամարտում և իրենց արյան գնով ապահովեցին հայրենիքի հոգևոր և ֆիզիկական ինքնավարությունը: Այս տոնը Հայ եկեղեցու կողմից նշվող և զուտ ազգային բնույթ կրող տոներից մեկն է:

Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «ազգ» հասկացության մասին կարդում ենք. «Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ»: Աղայանի թվարկած ընդհանրություններին, սիրելի՛ հավատացյալներ, ես վստահորեն կավելացնեմ նաև քրիստոնեական հավատքը, քանի որ 451թ.-ի գարնանը Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանին ու նրա գաղափարակիցներին միախմբած ազգային արժեքների թվում վստահաբար նաև անդրդվելի հավատն էր մտնում, որ աննկուն էր դարձրել նրանց Քրիստոսաբույր հոգիները: Հայ ժողովրդի պատմության էջերը լի են ցավալի օրինակներով, երբ ավելի մեծ ու զորեղ տերությունները՝ գայթակղվելով մեր երկրի հարմար աշխարհագրական դիրքով, բազմիցս ցանկացել են գրավել այն և վերջ դնել հայի ինքնությանը: Ինքնություն, որ սկիզբ է առել դեռևս ազգերի ձևավորման ակունքներից, զորացել հային հատուկ քաջարի ոգով, հարուստ մշակույթով ու լեզվով, և Հայ եկեղեցու ուսուցանած աստվածային ճշմարտությամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդն իր սերունդներին կաթի հետ միասին սնուցել է նաև հայրենիքի, մայր եկեղեցու և ազգային արժեքների հանդեպ սիրով, և սովորեցրել, որ հայապահպանությունը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է: Կարծում եմ հենց այս արժեքների մասին էին մտածում Տղմուտի ափին հավաքված Վարդանանց քաջարի հերոսները, երբ նայում էին գետի մյուս ափին գտնվող թվով եռակի անգամ իրենց գերազանցող թշնամական բանակին, սակայն հայի անկոտրում ու հերոսական ոգին՝ սնուցված Քրիստոսի աստվածային զորությամբ, ապրելու կամքով և արդարության ձայնը հնչեցնելու վճռականությամբ, անդրդվելի էր՝ մինչև վերջին շունչն ի սեր հայրենիքի պայքարելու իր որոշման մեջ:

Մայր եկեղեցին Ավարայրի դաշտում էլ միայնակ չէր թողել իր անձնվեր զավակներին և նրանց կողքին էր ՝ ի դեմս Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսի, Ղևոնդ Երեցի և մյուս քահանաների, որոնք ոչ միայն խոսքով էին քաջալերում հայոց զորքին, այլև ամրապնդում էին հոգևոր սպառազինությամբ: Նրանք ճակատամարտին նախորդող գիշերը մկրտել էին զորքի մեջ գտնվող բոլոր չմկրտվածներին և սուրբ Պատարագ մատուցել՝ Տիրոջ Սուրբ Արյամբ և Մարմնով, Սուրբ Հոգու պարգևած առատաբուխ շնորհներով զորացնելով հայրենանվեր քաջերին և ամրացնելով նրանց հավատի մեջ:

Այո՛, այս ճակատամարտը տևեց մեկ օր միայն, այո՛, անհավասար մարտում ընկան նաև քաջարի սպարապետը, նախարարներ ու այլ քաջեր, սակայն, այն այնպիսի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որ մինչ օրս հպարտությամբ է հիշատակվում սերունդների կողմից: «Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի կենաց հարատևության արտոնաթուղթը կնքեց»,- ճշմարտացիորեն նշել է գրող Դերենիկ Դեմիրճյանը: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչպիսին կլիներ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը, եթե Վարդան Մամիկոնյանն իր զինակիցների հետ չըմբոստանար և չկանխեր թշնամու ծրագրած հավատափոխությունը: Այն սխրանքը, որ Վարդանանք գործեցին այն օրը, ստիպեց մի հզոր գերտերության վերանայել իր որոշումը: Նրանց ցույց տված վճռական դիմադրությունը թույլ չտվեց հզոր պարսկական տերությանն իր կամքը պարտադրել հայ ժողովրդին և նա ստիպված եղավ հետ կանչել իր մեծաթիվ զորքը հայկական հողերից: Պարսից արքունիքը կամենում էր դավանափոխության նենգ ճանապարհով զինաթափել հային, զրկել իր բոլոր արժեքներից, ջնջել նրա ազգային ինքնությունը, սակայն հաշվի չէր առել կարևորագույն մի փաստ՝ հայ քրիստոնյայի երակներում հոսում է նաև Քրիստոսի հաղթանակած արյունը, և Վարդանանց գլխավորած պայքարը հերթական անգամ ապացուցեց, որ Ճշմարիտ Աստծով ամրապնդված մարդու ոգին անկոտրում է և թեկուզ մարմինն էլ սպանվի՝ անմահ հոգին, միևնույն է, հաղթանակում է:

Սուրբ Վարդանանց մասին խոսելիս, պատմությունը մի խումբ հերոսների մասին է պատմում, որոնք վեհ գաղափարներ ու բարձրագույն արժեքներ ունեին իրենց կյանքում: Հետևելով Քրիստոսի օրինակին և Նրա այն խոսքին, թե. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13)՝ հայրենիքի և Հայ եկեղեցու հանդեպ ունեցած սերը նրանց սրտերում վեր էր դասվել սեփական անձից ու ավելի թանկ էր, քան սեփական կյանքը: Վարդանանք գիտեին, թե հանուն ինչի են զոհում իրենց կյանքերը և բոլոր մարտիրոսների պես ուրախությամբ պիտի ընդունեին մահվան բաժակը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի հիշատակում է մեր հերոս նախնիների տոնը և կրկին ու կրկին մեր հայացքներն ուղղում դեպի նրանց սխրագործությունը՝ հորդորելով դաս քաղել անցյալի էջերից, քանի որ, ցավոք, այսօր էլ աշխարհասփյուռ և հայաստանաբնակ հայի առջև ծառանում են նորանոր ավարայրներ և ստիպում կենաց ու մահու որոշումներ կայացնել: Օտար ափերն իրենց օտար ավանդույթներն են պարտադրում դարավոր ազգային ավանդույթ կրող հային: Օտար բարքերն ու մշակույթը գերում են իրենց առերևույթ ազատությամբ ու գայթակղիչ տեսքով: Օտար լեզուները ստիպում են մոռանալ մեսրոպյան ոսկեղենիկ մայրենին: Խառնամուսնություններից դաստիարակվում են այլալեզու և այլադավան զավակներ, և հայն աստիճանաբար կորցնում է իր ազգային դիմագիծը: Եվ այս նոր ավարայրների դեմ միայնակ, բայց հաստատուն կամքով կանգնած է Հայ եկեղեցին և անխոնջ կատարում է հայապահպան իր առաքելությունը, որպեսզի իր զավակները հայ քրիստոնյային վայել հոգին պահպանեն ամեն պարագայում: Սփյուռքի Հայ եկեղեցու շուրջ է, որ համախմբվում է հայ համայնքը, նրա հովանու ներքո են գործում հայկական դպրոցներն ու ակումբները: Պահպանվում են ազգային սովորույթներն ու մեծ շուքով նշվում տոները:

Հայաստանաբնակ հայերն էլ անընդմեջ առերեսվում են հանուն հայրենիքի և հանուն հավատի մղվող պայքարին: Այն երբեմն քողարկված բնույթ է կրում, երբ երկրի ներսում, խաղաղ պայմաններում հայ մանուկներին և երիտասարդներին հրամցվում են օտար արժեքներ, որոնք հետզհետե հայ ընտանիքներից դուրս են մղում հայկականն ու ազգայինը: Իսկ երբեմն էլ այդ պայքարը հենց պատերազմի տեսքով է ի հայտ գալիս, ինչպես որ եղավ արցախյան պատերազմի և ապրիլյան քառօրյայի ժամանակ, ինչպես որ համարյա ամեն օր տեղի է ունենում մեր հայրենիքի սահմաններին, քանի որ թշնամու դիտավորությունները և նրանից եկող վտանգները չեն փոխվել և նույն բնույթն են կրում, ինչ Սուրբ Վարդանանց ժամանակաշրջանում: Արդ, քանի դեռ Հայաստանը շրջապատված է թշնամաբար տրամադրված երկրներով, քանի դեռ մեր երկրի սահմանների խաղաղությունը խախտվում է հակառակորդի կրակոցներից, քանի դեռ մեր քաջարի զավակներն իրենց կյանքն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, մենք պետք է զգոն լինենք և հստակ դիրքորոշում որդեգրենք ազգային և հոգևոր արժեքների հարցում: Այդ արժեքները փոխանցենք մեր զավակներին, որպեսզի մեր հերոս նախնիների նման նրանց սրտերն էլ որդիական ջերմեռանդ սիրով բաբախեն թե՛ հայրենիքի և թե՛ Հայ եկեղեցու համար: Այսօր, երբ մեր խոնարհումն ենք բերում Սուրբ Վարդանանց պայծառ հիշատակին, թող նրանց օրինակը ոգեշնչի մեզ, և նրանց բարեխոսությունը խնդրենք Երկնային Զորագլուխ Տեր Հիսուս Քրիստոսի առջև՝ մեր հավատի ամրապնդման, հոգու զորացման և հայրենանվեր ընթացքի համար: Թող ողջ աշխարհի և մասնավորապես մեր երկրի երկինքն այսուհետև միայն խաղաղ լինի, բայց մենք միշտ աչալուրջ լինենք և պատրաստ կրկնելու սաղմոսերգուի խոսքերը, որ ասում է.

«Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ.

Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ:

Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա.

եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն,

միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու» (Սղմ. 27:1, 3):

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

08.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․