Գրքեր

«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար»

Չարի ձեռագիրը և հերթական ծուղակներից է չարը՝ որպես բարի և բարին՝ որպես չար, խավարը՝ որպես լույս և լույսը՝ որպես խավար ներկայացնելը: Բոլոր ժամանակներում մարդկության մոլորեցուցիչն այս մոլախոտի համար պարարտ հող է փնտրել և փնտրում: Նրա համար գերխնդիր է, որ այս մոլախոտը տարածվի՝ թափանցելով հասարակության բազմաթիվ բնագավառներ: Եվ ահա նա փորձում է անարգել գործել այն պարարտ հողերում, որ մատնված են հոգևոր անտարբերության, ուր նա՝ «բարության քողով» շղարշված, աղարտում և վնասում է Աստծո պատկերն ու նմանությունը կրողների անմահ հոգիները: Չարի այս կործանարար մոլությանը հարողներին Եսայի մարգարեն վայ է տալիս և ասում է. «Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, որոնք դառնությունը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառն» (Եսայի 5:20): Չարին գործակցողը բնավ մեղք չի համարում բարին ստորացնելը և չարը գովելը: Այս մասին է Պողոս առաքյալի հետևյալ անդրադարձը. «Անհավատներին լծակից մի՛ եղեք բնավ: Ի՞նչ կապ կարող է ունենալ արդարն անօրենի հետ, կամ ի՞նչ նույնության եզր կարող է լինել լույսի ու խավարի մեջ»  (Բ Կորնթ. 6:14-15): Ծառը, որ վատ պտուղներ է բերում, չի կարող բարի կոչվել (Մատթ. 12:33):  

Ոմանք ձգտում են մեղսալից կյանքին և հրաժարվում առաքինի կյանքից, որը խոչընդոտ է իրենց հեշտալից կյանքի համար: Մեղսալից կյանքով ապրողը, սիրելով մեղքը, այն համարում է լույս, իսկ առաքինի կյանքով ապրողի կյանքը՝ խավար: «Ով փախչում է ավետարանական կյանքից, ընտրելով մեղսալից կյանքը, նա խավարեցնում է իր կյանքը: Իսկ ով պաշտպանում է նմաններին և անամոթաբար խոսում նրանց անպատշաճ գործերի մասին, նա է գլխավորում կարծեցյալ «բարին», որոնց մասին Պողոս առաքյալն ասել է. «Եվ գիտենալով Աստծո դատաստանը, թե այդպիսի բաներ անողները մահվան են արժանի, ոչ միայն իրենք են անում այդ բաները, այլ հավանություն են տալիս անողներին» (Հռոմ. 1:32): Լույսը խավարի են վերածում՝ ճրագը կաթսայի տակ և ոչ աշտանակի վրա դնելով: Իսկ ո՞վ է խենթության այն աստիճանին հասնողը, որ գիշերվա խավարը լույս կհամարի, երբ իր աչքերն այդ խավարի մեջ ոչինչ չեն տարբերակում»,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Ըստ եկեղեցու հայրերի՝ չարը բարի համարողը կորցնում է հոգևոր զգացողությունը, նման նրան, ով, բարձր ջերմության մեջ գտնվելով, կորցնում է համի զգացողությունը: Նման մեկը ստանում է երկրային պարգևները՝ կորցնելով հավիտենական պարգևները: Նա չի գիտակցում, թե ինչ է ձեռք բերում և ինչ կորցնում: Նրա սնդուկը լցվում է, իսկ խիղճը՝ վնասվում: Որոշ ժամանակ անց, երբ հոգին կլքի մարմինը, ոսկին կմնա սնդուկի մեջ, իսկ դժբախտ հոգին կհայտնվի գեհենում: Իսկ արդարացիորեն մտածողը, ով հրաժարվում է փողին ծառայելուց, նա՝ Աստծով լիացած, դեպի Երկնային Արքայություն կբարձրանա, իսկ սնդուկը՝ առանց ոսկու, կմնա երկրի վրա: 

Չարի շղարշված ծուղակները, սաղմոսերգուի խոսքի համաձայն, կարելի է նկատել Տիրոջ խոսքի միջոցով. «Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին» և «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 18:9, 118:105): Աստծո խոսքը ոչ միայն լուսավորում, այլ նաև քաղցրացնում է նրանով ապրողի կյանքը. «Որքա՜ն քաղցր են Քո խոսքերն իմ քիմքին՝ ավելի քաղցր, քան մեղրը իմ բերանին» (Սաղմոս 118:103):

Ս. Անտոն Մեծը բարին չարից, քաղցրը դառնությունից չտարբերակելու արգելքը համարում է յոթ մահացու մեղքերից առաջինը՝ հպարտությունը: Սուրբը նշում է, որ նմաններին օդում գտնվող չար ուժերը դրդում են լաց լինել, երբ հարկ է ուրախանալ, և ծիծաղել, երբ հարկ է լաց լինել, և հենց նրանց է հարկավոր հիշել Ս. Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքը. «Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մարդու, ով ասում է, թե ինքն ունի Աստծո Հոգին: Փորձեցե՛ք նրանց՝ իմանալու համար, թե իսկապես Աստծո՞ւ Հոգով են խոսում, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում» (Ա Հովհ. 4:1):

Ուստի չարի խարդախ դավերից զերծ մնալու համար անհրաժեշտ է պատվիրանապահությամբ քայլել դեպի Լույսը, հետամուտ լինել Բարուն և ճաշակել իրական Քաղցրությունը: Լույսը, Բարին և Քաղցրությունը մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսն է, Ով ասաց. «Ե՛ս եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն Իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11), «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:11): Նա երկնային այն հագեցնող Հացն է, Ում մասին սաղմոսերգուն ասում է. «Ճաշակեցե՛ք և տեսեք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմոս 33:9):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․