Գրքեր

Վիրավորանքի բեռը

Աշակերտն իմաստունին ասաց.

- Դու այնքա՜ն իմաստուն ես, միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր խնդրում եմ, որպեսզի ես էլ այդպիսին լինեմ:

Իմաստունը համաձայնեց և հանձնարարեց, որ աշակերտը կարտոֆիլ ու մի թափանցիկ տոպրակ բերի:

- Եթե բարկանաս ինչ որ մեկի վրա և վիրավորանքը չմոռանաս,- ասաց իմաստունը,- ապա մի կարտոֆիլ վերցրու, վրան գրիր այն մարդու անունն, ում հետ վիճել ես և տոպրակի մեջ դիր:

- Եվ վե՞րջ,- զարմացավ աշակերտը:

- Ո՛չ,- պատասխանեց իմաստունը,- այդ տոպրակը միշտ քեզ հետ պետք է լինի: Եվ ամեն անգամ, երբ վիրավորվես ինչ որ մեկից՝ մի կարտոֆիլ ևս ավելացրու դրա մեջ:

Աշակերտը համաձայնեց: Որոշ ժամանակ անց նրա տոպրակը լցվեց կարտոֆիլներով ու բավականին ծանրացավ: Մշտապես իր հետ տանելը շատ անհարմար դարձավ: Բացի այդ, այն կարտոֆիլը, որ ամենասկզբում էր դրել՝ սկսեց փչանալ: Զզվելի, լպրծուն փառով պատվեց և սկսեց անտանելի գարշահոտ արձակել:

Աշակերտն իմաստունի մոտ եկավ ու ասաց.

- Այլևս անհնար է այս տոպրակն ինձ մոտ պահել: Նախ, այն չափազանց ծանր է, երկրորդ՝ կարտոֆիլը փչացել է: Որևէ այլ բան առաջարկիր:

Իմաստունը պատասխանեց.

- Նույնը քեզ հետ է տեղի ունենում, ուղղակի դու դա միանգամից չես նկատում: Արարքները դառնում են սովորություն, սովորությունները՝ բնավորություն, որն էլ գարշահոտ արատներ է ծնում: Ես քեզ հնարավորություն տվեցի, որպեսզի այդ ընթացքին կողքից հետևես: Ամեն անգամ, երբ որոշես վիրավորվել կամ վիրավորել որևէ մեկին, մտածիր՝ արդյո՞ք քեզ պետք է այդ բեռը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

03.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․