Գրքեր

Վիրավորանքը հաղթահարելու ուղիները

Մարդու կյանքը բաղկացած է գործողություններից, փոխներգործություններից և, իհարկե, փոխադարձ սպասումներից: Մարդու գիտակցության մեջ դեռ մանկուց ապրում են ստերեոտիպեր, որոնք որոշ մարդկանց համար պարտավորեցնող են: Օրինակ՝ հրշեջը պետք է անվախ լինի, հսկիչը՝ ուժեղ, բժիշկը՝ բարի, մարզիչը՝ տոկուն, մայրը՝ հոգատար և այլն: Սոցիալական սպասումները լիովին տրամաբանական են և օրինաչափ, իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մարդու վերաբերմունքը հոգևոր սպասումների նկատմամբ: Մատթեոսի ավետարանում ասված է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 7:12): Մարդկանց մեծամասնությունն ապրում է սպասումների մեջ, բայց մի՞շտ են այդ սպասումներն արդարացվում: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ բարիքի դիմաց անհարգալից են վերաբերվում: Սովորաբար մարդն ամեն տարիքում անցնում է վիրավորվելու տխուր փորձառության միջով: Մարդը վիրավորվում է, երբ խոսքով կամ արարքով խոցում են իր «ես»-ը, երբ ըստ արժանվույն չեն գնահատում և հարգում իրեն: Սարսափելին այն է, երբ այս ամենի արդյունքում մարդն ազատություն է տալիս վիրավորանքի զգացումին, կամ կեղծ խոնարհությամբ իր հոգում թաքցնելով  վիրավորանքը, ատելությունն ու բարկությունը, տարիներ շարունակ ավերում է իր հոգին: Վիրավորվածությունը մեղսալից վիճակ է, այն պարարտ հող է մի շարք մեղքերի համար: Հաճախ վիրավորված անձը դառնում է սառնասիրտ, անտարբեր, կասկածամիտ, չի հավատում ոչ ոքի՝ իր կյանքից բացառելով մարդկանց, անգամ Աստծու հանդեպ սերը: Վերջ ի վերջո վիրավորանքը կարող է վերաճել չարության, կարող է քանդել միջանձնային հարաբերությունները՝ ազդելով նաև մարմնական առողջության վրա: «Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մեջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են» (Առակ. 17:22): Ըստ ուսումնասիրությունների՝ շատ հիվանդություններ, ինչպիսիք են՝ ստամոքսի խոցը, հիպերտոնիան, շաքարային դիաբետը, նյարդային համակարգի խախտումն առաջ են գալիս նաև վիրավորանքի զգացումը երկար ժամանակ սրտում պահելու պատճառով: Այդ պատճառով Քրիստոս պատգամեց. «Եթե քո եղբայրը մեղք գործի, հանդիմանի՛ր նրան և եթե զղջա, ների՛ր նրան: Եթե նույնիսկ մեկ օրվա մեջ յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ էլ քեզ մոտ գալով ասի՝ «Զղջում եմ», պետք է ներես նրան» (Ղուկ. 17:3-4):

 «Երբ վիրավորվածը տեսնում է, որ իր հարվածը չի հասնում իրեն վիրավորողի հոգուն, այդ դեպքում ինքն առավել է տանջվում, իսկ երբ վիրավորվածը լռում է, ապա վիրավորանքի հարվածը ետ է վերադառնում նրան, ումից ուղարկվել է»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Այսինքն՝ ժամանակակից լեզվով, գործում է բումերանգի օրենքը: Վիրավորվելը կամ չվիրավորվելը մարդու ընտրության հարցն է: Հիշենք, երբ Քրիստոս գնացել էր Նազարեթ քաղաք, ուր սնվել ու մեծացել էր և ժողովորանում քարոզում էր Աստծու խոսքը, այնտեղ գտնվողները բարկությամբ լցվեցին, Նրան քաղաքից հանեցին և լեռ տարան, որ ցած գցեն այնտեղից, բայց Հիսուս անցավ գնաց նրանց միջով (Ղուկ. 4:29): Քրիստոս չվիրավորվեց նրանցից: Առաքյալներից Հուդան, որ երեք տարի Քրիստոսի կողքին էր, ում սիրում էր Փրկիչը և փորձում էր չարից փրկել, դավաճանեց Նրան երեսուն արծաթով: Հիսուս չվիրավորվեց նրանից: Քրիստոս խաչվեց ողջ մարդկության մեղքերի համար, իսկ մարդիկ անցնում էին նրա մոտով և ծաղրում: Մեր Տերը չվիրավորվեց, այլ հակառակը՝ խնդրեց Հորից ներել նրանց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկ. 23:34):

Սխրանք է գործում նա, ով կարողանում է ներել վիրավորանքը, քանի որ ներողն իր ցավի և վիրավորանքի ներքո կարողանում է տեսնել այն թերությունները, որ իր մեջ ևս կան: Մարդու համար կարևոր է ընդունել այն, որ կյանքը դպրոց է, և փորձությունները, որ թույլ է տալիս Աստված, կյանքի անհրաժեշտ դասերն են՝ համբերություն և խոնարհություն ձեռք բերելու համար: Վիրավորված անձը երբեք չի խաղաղվի, եթե չսովորի համբերել. Տերը հորդորում է՝ ով համբերի, նա կփրկվի (Մատթ. 10:22): Վիրավորանքը փորձություն է բոլոր մարդկանց համար: Վիրավորանքի և վրեժխնդրության մեղքերի մեջ ընկան Քրիստոսի առաքյալները, որոնց Փրկիչը Երուսաղեմ գնալիս ուղարկել էր Սամարիայի գյուղերից մեկը՝ Նրա համար պատրաստություն տեսնելու: Սակայն սամարացիները չընդունեցին Հիսուսին, քանի որ նա Երուսաղեմ էր ուղևորվում: Դա առիթ հանդիսացավ, որ առաքյալները վիրավորվեն, և նրանցից Հովհաննեսն ու Հակոբոսն ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես ասենք, որ երկնքից կրակ տեղա և սպանի նրանց»: Հիսուս հանդիմանեց նրանց՝ ասելով. «Չե՛ք իմանում՝ ինչ տեսակ հոգու եք պատկանում. որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց կորստյան մատնելու, այլ նրանց փրկելու»  (Ղուկ. 9:51-56): Առաքյալներն այս կերպ էին փորձում լուծել առաջ եկած դժվարությունները:

Վիրավորվածությունը հպարտության արտահայտություն է, այսինքն՝ վիրավորանքը հաղթահարելու համար անհրաժեշտ է հաղթահարել հպարտությունը և խոնարհություն դրսևորել, որ կատարյալ սիրո արտահայտություն է: Տերը հորդորում է բարություն անել մեզ ատողներին և աղոթել նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են մեզ (Մատթ. 5:44): Եկեղեցու հայրերը հորդորում են ոչ միշտ, բայց երբեմն վիրավորանքին լռությամբ պատասխանել, որ խոնարհություն է և լռել ոչ միայն շուրթերով, այլ նաև՝ սրտով: Երբ Հիսուս հրեաների ատյանի առաջ էր, ի պատասխան Իրեն ուղղված ամբաստանությունների, Նա լուռ էր (Մատթ. 26:63): Գուցե թույլ և տկար մարդու համար դժվար է ձեռք բերել նման խոնարհություն, բայց Աստծու օգնությամբ անհնարինը դառնում է հնարավոր: Տերը նախ և առաջ հորդորում է Իրեն միավորվել խոնարհությամբ. «Եկե՛ք Ինձ մոտ բոլորդ... և սովորեցե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք» (Մատթ. 11:23-29): Պարզ է, որ առանց խոնարհության հնարավոր չէ միավորվել Աստծուն և վայելել աստվածային նախախնամությունը: Այդ պատճառով եկեղեցու հայրերն ասում են՝ մի՛ փնտրիր հրաշք, այլ փնտրիր խոնարհ մարդու, որ հրաշքների հրաշքն է: Մարդը պետք է ձգտի խոնարհության, որ գագաթն է բոլոր առաքինությունների, բայց հնարավոր չէ լեռան գագաթը հասնել, առանց անցնելու ողջ լեռը, այդ պատճառով անհրաժեշտ է ձեռք բերել մյուս առաքինությունները՝ հասնելու համար նրանց գագաթին՝ խոնարհությանը: Գուցե հեշտ է խոնարհվել Աստծու առաջ՝ խոստովանելով մեր տկարություններն ու մեղքերը, բայց դժվար է խոնարհվել մերձավորի առջև, ինչին խանգարում է հպարտությունը և դիմացինին թերագնահատելը: Սովորաբար մարդը չի նկատում իր սխալներն ու թերությունները, մինչդեռ մանրամասնորեն նկարագրում է մերձավորի սխալները, դատում և մեղադրում է նրան այն մեղքերի համար, որ ինքն էլ ունի: «Ոչինչ այնպես չի բարձրացնում մարդուն Աստծու առջև, որքան ներողամիտ վերաբերմունքը մերձավորի թերությունների հանդեպ»,- ասել է Ս. Օգոստինոս Երանելին:

Մեր ճանապարհին հանդիպած փորձությունները խոնարհությամբ հաղթահարելով՝ ընթանանք դեպի Տերը, Ով խոնարհաբար լվաց Իր առաքյալների ոտքերը՝ ասելով. «Արդ, եթե Ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» (Հովհ. 13:14-15): Տերը ոչ թե մի քանիսից, այլ բոլորից պահանջեց. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48):

 

Կարինե Սուգիկյան

 

 

 

19.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․