Գրքեր

Ընդառաջ գնալով կարիքավորին՝ ընդառաջ ենք գնում Տիրոջը

Փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Տեառընդառաջը, իսկ տոնն իր կարևորագույն պատգամն է հղում բոլորին՝ ընդառաջ գնալ մեզ ընդառաջող Տիրոջը: Տոնի պատգամին ընդառաջ՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր այցերն անապահով ընտանիքներին:

«Տիրոջն ընդառաջ գնալ, այսինքն՝ ապրել Տիրոջ հետ երանելի հանդիպման բերկրանքը, որ կարող է տեղի ունենալ ամենուր՝ հիվանդանոցներում, ծերանոցներում, մանկատներում, փողոցներում, երբ մարդ արարածն օգնության ձեռք է մեկնում իր նմանին՝ նրա մեջ իր սիրելի Աստծուն տեսնելով: Այս հանդիպումը տեղի է ունենում կարիքավոր ընտանիքներին օգնելիս, դժվարին իրավիճակում հայտնվածին չանտեսելիս, քո նմանին սիրով ու բարությամբ վերաբերվելիս»,- ասաց Տեր Գրիգորը:

Անապահով ընտանիքներից համայնքն այս անգամ այցելեց Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/5 հասցեում ապրող ընտանիքին: Առանց պատուհանների, փայտի վառարանով ջեռուցվող և անմխիթար վիճակում գտնվող երկու սենյականոց տանը վարձակալությամբ բնակվում են ընտանիքի հինգ անդամները՝ Ղուկասյան Գայանեն, որ միայնակ է խնամում իր երեք երեխաներին և նրա 80-ամյա մայրը: Ծայրահեղ վատ վիճակում հայտնված ընտանիքը գոյատևում է ծեր կնոջ թոշակի և երեխաների նպաստների շնորհիվ: Երեք զավակների մայրը նշեց, որ բոլոր խնդիրները քիչ թե շատ կհաղթահարվեին, եթե չլիներ իր ավագ զավակի առողջական խնդիրները: 12-ամյա Խաչատրյան Մարտինը հինգ տարեկանից տառապում է գլխուղեղի քրոնիկ հիվանդությամբ՝ էպիլեպսիայով, իսկ երկու տարի առաջ երեխայի մոտ հայտնաբերվել է գլխի ուռուցք, որի պատճառով աստիճանաբար նվազում է երեխայի տեսողությունը: Բոլոր խնդիրների առկայությամբ ընտանիքն ի վիճակի չէ լուծել երեխայի բուժման խնդիրները:

Ընտանիքի հետ զրույցից հետո՝ Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն, սննդի փաթեթներ, հիգիենայի և անկողնային պարագաներ: Ղուկասյան Գայանեն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և եկեղեցու համայնքին իրենց օգնության ձեռք մեկնելու համար:

«Երանի նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին, փորձանքի օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին» (Սաղմոս 40:2-3):

 

Կարինե Սուգիկյան

14.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․