Գրքեր

Ընդառաջ գնանք Տիրոջը, Ով մշտապես գալիս է մեզ ընդառաջ

Տեառնընդառաջի նախատոնակին՝ փետրվարի 13-ին, այս կոչին ընդառաջ, Հայ եկեղեցու մեծ թվով հավատավոր զավակներ իրենց քայլերն էին ուղղել դեպի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տոնի նախապատրաստությունն ազդարարվեց հանդիսավոր ժամերգությամբ, որի ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: «Համբարձի» շարականի երգեցողությունից հետո բացվեց Սուրբ Խորանի վարագույրը և տեղի ունեցավ նախատոնակ ու անդաստան: Քահանան, եկեղեցու ատյանում շրջելով, օրհնեց աշխարհի չորս կողմերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչներին:

Ապա, ժամերգության ավարտին, եկեղեցական թափորը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, Քրիստոսին խորհրդանշող Սուրբ Սեղանի կանթեղի լույսով և «Քրիստոս փառաց թագաւոր» տաղի երգեցողությամբ եկեղեցու բակում վառեց Տեառընդառաջի խարույկը:

Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է բացատրում կրակ վառելու իմաստը. «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»:

«Տեառընդառաջի տոնը հրավեր է բոլորիս՝ ընդառաջ գնալու մեր Փրկչին, հետևելով Սիմեոն ծերունու օրինակին: Ընդառաջ գնալով մեր Տիրոջը՝ ինքներս մեզ համար վկայակոչենք և բացահայտենք, որ Քրիստոսից եկող լույսն ու ջերմությունը մեր հավատքով և ունեցած նվիրումով կլուսավորի մեր կյանքի ընթացքը: Աստվածային այդ լույսի ներքո մենք կկարողանանք զանազանել և զատել իրարից աստվածային սերը, պատգամներն ու պատվիրանները, որոնք մեզ կառաջնորդեն դեպի խաղաղության, երջանկության և աստվածահաճո կյանքի՝ հավիտենական կյանքի հույսը պարգևելով»,- պատգամեց Տեր Վահանը ներկաներին:

Կենտրոն վարչական շրջանը, ԱՀԹ-ի հետ համագործակցությամբ, արդեն չորրորդ տարին է, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպում է Տեառնընդառաջին նվիրված տոնակատարություն: Այս տարի Տեառնընդառաջի ավանդական խարույկի շուրջ պարեցին «Կարին» ավանդական մշակութային միության «Ծովակ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբը և Կենտրոն վարչական շրջանի ենթակայության ներքո գործող «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ի «Արմենիա» պարային համույթի սաները: Տոնակատարությանը, ինչպես նշեց Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, էթնոերաժշտագետ Մարգարիտ Սարգսյանը, մշտապես մասնակցում են Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների և արվեստի դպրոցների երաժշտության դաստիարակներն՝ իրենց սաների հետ միասին:

Տեառնընդառաջի տոնակատարությանը նորապսակներից մասնակցում էին Էդգարն ու Անին, ովքեր, Աստծո օրհնությամբ զորացած, փորձում են տոնի խորհրդի համաձայն Տիրոջն ընդառաջ գնալ:

Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածճանաչողությունը և աստվածպաշտությունը:

 

Կարինե Սուգիկյան

13.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․