Գրքեր

Ընտրության նախաշեմին. գարուն է, մոտեցել է սերմանելու ժամանակը

Աստվածային նախախնամությամբ հայն ապրում է այն սուրբ երկրում, որ բուն արևածագի երկիրն է՝ Արևելքը, ուր արարվեց Եդեմական Դրախտը, այստեղ էր Երկրի վրա առաջին աստվածպաշտության վայրը, այստեղ կառուցվեց Նոյան տապանը՝ Քրիստոսի եկեղեցու խորհրդանիշը: Արարատյան երկիրը, որ մինչ ջրհեղեղը կոչվում էր Արևելք և Եդեմ, Հայկ նահապետի անվամբ սկսեց անվանվել Հայք, Հայասա, Հայաստան: Հայկի անվան հիշատակը միշտ արթուն է մնացել հայ ժողովրդի մեջ՝ որպես հայ ազգի նահապետ, սուրբ հավատքը կրող և համաշխարհային չարիքի դեմն առնող: Հայոց երկրում է պահպանվել այն լեզուն՝ հայերենը, որով մինչ ջրհեղեղը խոսում էին Ադամն ու Եվան Դրախտում, իսկ հետջրհեղեղյան շրջանում, լեզուների խառնակումից հետո, միայն Արարատյան երկրում: Հայոց այբուբենը, հայոց լեզվի նման, ունի երկնային ծագում և գոյություն է ունեցել ի սկզբանե: Առեղծվածային Մելքիսեդեկ անվան ներքո եղել է հենց հայոց մեծ նահապետ Հայկը, իսկ նրա հպատակներից Սաղեմի բարեպաշտ բնակիչները եղել են հայերը՝ նրա սերունդները: Հայոց աշխարհի այս խորհրդավորության գաղտնիքներն ու առանձնաշնորհները դեռ մասամբ՝ առաջին հատորով, մեզ է բացահայտում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի կողմից հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ գալուստ» աշխատությունը, որ հիմնված է գիտական ապացույցների և սուրբ հայրերի մեկնությունների վրա:

Այսպիսի մեծագույն առանձնաշնորհների արժանացած հայ քրիստոնյան չպետք է մոռանա այն սրբազան առաքելությունը, որին կոչված է սուրբ երկրում ծնունդ առած յուրաքանչյուր հայորդի: Այդ առաքելությունը պարտավորեցնում է նախ արժանի հետնորդը լինելու իր մեծագույն նախնիների, ապա սուրբ պահելու իր իսկ տաճարը, սուրբ հողը և այն սուրբ տաճարները, որ երկնել է հայի հավատքը դարեր շարունակ: Հերթական ընտրության նախաշեմին է Հայոց ազգը: Հստակ է այն պարագան, որ աստվածային պարգևներն ու շնորհները՝ հոգևոր հարստությունները, ի փառս Աստծո չգործածողը վերջ ի վերջո դատարկաձեռն է մնալու իր խղճի և Աստծո առջև:

Բոլորս էլ ունենք Աստծո կողմից մեզ տրված ազատ կամք, այսինքն՝ ազատ ընտրելու իրավունք: Ցավալիորեն երբեմն լսում ես այս կարծիքը. «Ում էլ ընտրեմ, միևնույն է, արդեն ընտրությունն արված է, ավելի լավ է մի օգուտ քաղեմ»: Արդյունքում շահում ենք մեկ օր, տուժում` տարիներ: Մտածե՞լ ենք երբևէ ինչի՞ց ենք զրկվում և ինչի՞ ենք հասնում, երբ վաճառում ենք մեր ընտրական իրավունքը: Ընտրական թոհուբոհում իր ձայնը վաճառող ամեն մեկն ինձ հիշեցնում է աստվածաշնչյան մի կերպարի` Եսավին, որն իր անդրանիկության իրավունքը վաճառեց իր եղբորը՝ Հակոբին` մեկ աման ոսպապուրի դիմաց: Եսավը զրկվեց իրեն հասանելիք հայրական և աստվածային օրհնությունից, իսկ Հակոբն էլ՝ պանդխտացավ: Ամոթալի է եսավների և հակոբների առկայությունը մեր միջավայրում: Պարզապես ցավալի է այն փաստը, որ անկախ Հայաստանում ապրող հայը, քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ լինելով, իր իրավունքներն ու պարտականությունները չգիտի կամ չի ցանկանում տեր կանգնել դրանց: Կաշառքի դիմաց իր ընտրական իրավունքին դավաճանած անձը ինչպե՞ս կարող է հենց նույն այդ իրավունքը պաշտպանել: Աստվածաշնչում կարդում ենք. «Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի» ﴾ Առակներ 15:27﴿: «Ամեն տեսակ կաշառք և անիրավություն կկործանվի, իսկ հավատարմությունը հավիտյանս կմնա» (Սիրաքի իմաստություն 40:12﴿:

Թերևս անիմաստ է, երբ մարդիկ, ընտրակեղծիքին մասնակից լինելով, արդարություն են սպասում: Չմոռանանք, որ այսօրվա անարդարությունները նախկին ընտրակեղծիքների արդյունքն են: Ինչ ունենք այսօր` անցյալի հետևանքն է, իսկ ինչ այսօր անում ենք, դրա հետևանքն ապագան է կրելու: Մարդն ինքն իր ձեռքով բերում է անգիտություն, չարություն, անիրավություն, արդյո՞ք հետո իրավունք ունի բողոքելու կամ տրտնջալու: Իհարկե` ոչ: Տեղին է հիշել Խրիմյան Հայրիկի հետևյալ խոսքը. «Այլևս մեղադրելու իրավունք ունի՞ այնպիսի ժողովուրդը, որ սուր աչք ունի` հեռուն տեսնել չգիտի, սուր միտք ունի`սովորել չի կամենում, հանճար ունի՝ ուղեղի մեջ թմրած է, դուրս հանել չգիտի, ձեռք ունի՝ արհեստագործել չգիտի, առույգ ոտք և սրունքներ ունի` քայլել չգիտի, լեզու և ազատ կամք ունի` խորհել և խոսել չգիտի, ճնշվում է` ճիչ բարձրացնելու հնար չգիտի… թե պատեհությունը հաջողվի` ժամանակը ճանաչել չգիտի, թե մի քայլ անի, կպարծենա, կաղաղակի. լուռ ու խոհեմ առաջադիմել չգիտի, թե ասեն ճամփի վրա առյուծ կա, վախից կդողա. առյուծի ձեռքից անցնել, ազատվել չգիտի, ինքնավար օրենք և սահմանադրություն ունի, վարել ու հնազանդվել չգիտի, մտքով դեռ մանուկ լինելով` քվե և ընտրություն չգիտի, ներկայի մեջ միշտ զեղծելով` ապագայի հետևանքները չգիտի»:

Հուսով ենք, որ Տիրոջ ողորմածությամբ կգա այն օրը, երբ Հայոց ազգն ականջալուր կլինի դարերի խորքից մեզ հայրաբար խրատող, դարավոր փորձ և իմաստություն ապրած մեր հայրերի ձայնին, հորդորին ու կոչին: Արյունով պահպանված դրախտավայր երկրի փոքրիկ հողակտորն ամայացման եզրին է: Հողը պահանջում է բարի մշակներ ու սերմնացաններ: Անելիքն այնքան էլ մեծ և անիրականանելի չէ, հարկավոր է միայն, որ յուրաքանչյուրս չզլանալով մշակի իր բաժին հողը և բարին սերմանի, արդյունքում կունենանք մեր բաղձալի հունձքը` մեկի դիմաց երեսուն, վաթսուն, իննսուն... Հակառակ դեպքում ուրիշը մեր փոխարեն որոմ կսերմանի:

Գարուն է: Մոտեցել է սերմանելու ժամանակը:

 

 

Կարինե Սուգիկյան

20.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․