Գրքեր

Զատկական ուրախությամբ տիեզերքն ապրեց նոր կյանք և իրական գարուն

Մարտի 27-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում զատկական Սբ. Պատարագին կրկին անգամ ազդարարվեց Հարության լույս ավետիսը՝ Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Տոնի հոգևոր ուրախությունը շատերին էր համախմբել Աստծո տանը: Իսկ զատկական ուրախությունը հատուկ փնտրելու անհրաժեշտություն չկա, այն ուղղակի պետք է նկատել, սիրել և նրանով ապրել: Եվ Սբ. Պատարագի մասնակիցներից շատերը հրաշափառ Հարության ուրախությանը նախապատրաստվել էին դեռևս 48 օր առաջ՝ Մեծ պահքի շրջանը մուտք գործելով:

Պատարագիչը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը: Այն հրաշափառ Հարության խորհրդի առջև ներկա գտնվողներին մտորելու առիթ տվեց՝ հետևյալ հարցերը բարձրացնելով` որքանո՞վ ենք ապրում Քրիստոսով նորոգված կյանքով, ընթանում Փրկչի խոսքի և պատվիրանների համաձայն: Ի՞նչն ենք կարևորում մեր կյանքում` հարության Ավետարա՞նը, թե՞ մոլար վարդապետություններ և խաբեպատիր գաղափարախոսություններ, Տիրոջ կամքին հետևե՞լը, թե՞ մեղսակորույս, կենսակործան ճանապարհները, երկնքում գանձեր դիզե՞լը, թե՞ շահատենչությունը, հոգևոր ազատությո՞ւնը, թե՞ սանձարձակությունը, ազնվությո՞ւնն ու ուղղամտությունը, թե՞ պիղատոսյան թվացյալ արդարությունը, և վերջապես` նախըտրում ենք Հիսուսի՞ն, թե՞ ավազակ Բարաբբային:

Ապա ներկաների համար տոնի ուրախությունն իր լրումին հասավ Սբ. Հաղորդության՝ Քրիստոսի Մարմնի և Արյան ճաշակմամբ, քանի որ, ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու, սիրո այս խորհրդով Աստված մոտեցավ մարդուն, իսկ մարդն էլ՝ Աստծուն:

Սբ. Պատարագի ավարտին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր զատկական տոնախմբություն՝ տոնին հատուկ ավանդական հյուրասիրությամբ: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը օրհնեց զատկական սեղանը՝ ներկաներին փոխանցելով Սբ. Հարության ավետիսը: Հյուրասիրությանը մեծ թե փոքր մասնակից եղան տոնի գեղեցիկ սովորույթին՝ հավկիթների մրցումին: Այս ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ՄՍԳԴ կենտրոնի «Արմենիա» և «Գոհար» ազգագրական պարային համույթներն իրենց կատարումներով զատկական ուրախությունը կրկնապատեցին, իսկ տոնին նվիրված ցուցահանդեսով ներկայացան Կենտրոն վարչական շրջանի Քուշնարյանի և Կանաչյանի անվան արվեստի դպրոցների և մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի փայտի գեղագիտական մշակման խմբակի սաները: Զատկական տոնախմբությանը ներկա էր Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը՝ ղեկավար Արա Սադոյանի գլխավորությամբ:

«Սբ. Հարության տոնը քրիստոնյայի համար մեծագույն խորհուրդ է: Փրկության հույսն ունենալով՝ մենք անցնում ենք փրկության ճանապարհը ինքնանվիրումով՝ վստահորեն այն համոզումն ունենալով, որ Քրիստոսը մեր մեջ է»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ Անահիտ Սիմոնյանը:

Հավատքի հիմքը հանդիսացող հաղթության այս տոնն իր խորհրդավորությունն էր տարածել ամենուր. տոնի ոգևորությունը և ուրախությունն ապրում էին ոչ միայն մարդիկ, այլ նաև բնությունը: Ուշադիր աչքը չի կարող չնկատել այն փոխակերպությունը, որ 

ապրում է այս օրերին նաև բնությունը: Քրիստոս հարեաւ. ողջ տիեզերքի համար սկսվեց իրական գարունը, նոր կյանքը՝ պայծառ և ուրախ արևածագով:

«Եվ կարծում եմ պատահական չէ, որ Տիրոջ Սբ. Հարությունը գարնանը տեղի ունեցավ: Չէ՞ որ գարունն էլ բնության հարությունն է խորհրդանշում, զարթոնքը: Աստծո կողմից արարված բնությունն էլ ամեն տարի վերըստին ծնվում է և կրկին ու կրկին հիշեցնում է մեզ կյանք պարգևող հարության մասին: Իսկ ի՞նչ է կյանքը, եթե ոչ սեր ու բարի գործեր: Եթե պատկերացնենք մի պահ, որ մեր կյանքից անհետանան սերը, բարությունը կամ ինքնազոհաբերումը, ապա մարդկությունը չի կարող գոյություն ունենալ, քանի որ չարը դեպի մահ է տանում: Քրիստոսի հարությունը ցույց տվեց մեզ, որ կյանքը չի ավարտվում մահվամբ, այլ Նա Իր Հարությամբ մե՛ր հարության սկիզբը դրեց»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

27.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․