Գրքեր

«Զորավոր արանց» միության հերթական ուխտագնացությունը

Աստծու պատկերն ու նմանությունը կրող մարդու հոգին միշտ ձգտում է դեպի Աստված, դեպի սրբությունը: Այդ է պատճառը, որ մարդու մոտ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում այցելել սրբավայրեր, երկրպագել ու փառաբանել Աստծուն և հոգևոր կյանքը նորոգել: Ուխտագնացությունն ուխտավորի համար անգին մի ժամանակ է ինքնաքննության, խոկման և աղոթքի:

Հունվարի 15-ին հերթական ուխտագնացությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Նշենք, որ մի քանի ամիս է, ինչ Տեր Գրիգորի նախաձեռնությամբ հիմնվել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, որ Տեր Հոր խոսքով եկեղեցու մեծ ընտանիքի կարևոր մի օղակն է դարձել: Ճանապարհին Տեր Գրիգորն ուխտավորների հետ զրուցեց մեծ ընտանիքի անդամներին միավորող և զորացնող առաքինության՝ սիրո մասին՝ մասնավորաբար նշելով. «Ճշմարիտ սերն Աստծու պարգևած առանձնահատուկ ու սքանչելի մի գործիք է, որի ճիշտ գործածությամբ մարդ կարող է բացահայտել Աստծու նմանության իր ողջ ներուժը։ Դա հնարավոր է միայն Աստծով, և այն ձեռք բերելու, շահելու համար հարկավոր է, որ մարդ նորանա Քրիստոսով, դառնա նոր արարած, տկարից վերափոխվի ուժեղի, վախկոտից՝ քաջի, եսասերից՝ անձնազոհի։ Աստվածային, փրկարար սիրով սիրելու համար հարկ է, որ այդ զգացմունքը ընդգրկի մարդուն ամբողջությամբ՝ ճշմարտությամբ լուսավորի միտքը, լիացնի ու ջերմացնի սիրտը, վերափոխի ողջ էությունն ու ինքն ուղղորդի մարդու կամքն ու բոլոր քայլերը։ Սա հնարավոր է, եթե մեր մեծագույն փափագն ու գլխավոր նպատակը Քրիստոս է։ Պիտի սովորենք սիրել մեզ հենց այդպիսի փրկարար սիրով, որպեսզի այնուհետ նման սիրով սիրենք նաև յուրաքանչյուր աստվածապատկեր մարդու»:

Ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին թե՛ վանքում և թե՛ վիրապում, ուր մեր հավատքի հայր՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, տասնչորս երկարուձիգ աղոթական տարիներ էր անցկացրել: Մինչ աղոթքը Տեր Հայրն, անդրադառնալով Ս. Գրիգոր Լուսավորչի վարքին, ասաց, որ առաջին հայրապետի աղոթքները շարժեցին հայ ժողովրդի և եկեղեցու հանդեպ Բարեգութ Երկնակալի ողորմածությունը, Աստծու կենարար լույսը սփռվեց Հայոց հողի վրա, և փրկության հույսն ավետվեց մեր ազգին. «Ուստի խնդրենք Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը Հայոց աշխարհի խաղաղության և բարգավաճման, ամենքիս հոգևոր աճի համար, որպեսզի արժանի լինենք Աստծու լույսն ու սրբությունը կրելու ինչպես մեր հոգիներում, այնպես էլ մեր մարմիններում և այն տարածելու՝ ի փառս Նրա»:

Ուխտի հոգենորոգ ուղին «Զորավոր արանց» միությունն եզրափակեց սիրո ճաշով: Հերթական ուխտագնացությունը կյանքի կոչեց Տիրոջ այն խոսքը, որ ասում է. «Ուզում եմ,

որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության» (Ա Տիմոթ. 2:8):

 

Կարինե Սուգիկյան

17.01.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․