Գրքեր

Զորավոր Ավետարան

Մագաղաթյա այս մատյանը Մաշտոցի անվան Մատենադարանի 10400 հայերեն ձեռագրերից մեկն է:

Սմբատ Գունդստաբլի (1208-1276) Ավետարանի հետ ունեցած մանրանկարչական նմանությունը և գրչությունը ենթադրել են տալիս, որ այն գրվել և նկարազարդվել է Կիլիկիայում, 13-րդ դարում: Ձեռագիրն այժմ ունի 292 մագաղաթյա թերթ, 23,5x17,7 մեծությամբ: Նկարներից շատերը պակասում են, կտրված են որոշ խորաններ: Ձեռագիրը Մատենադարանում կրում է 4060 համարը:

14-րդ դարի վերջին ձեռագիրը բերում են Երևան: Լենկթեմուրի առաջին արշավանքի սարսափը Երևանն արդեն զգացել էր.

«Եվ Երևան մեծ ավանին Արս հինգ հարյուր կոտորեցին…»:

Այդ ժամանակ Երևանցի Վիշապիկի որդի Հակոբը գնում է սույն Ավետարանը: Հակոբը մագաղաթյա Ավետարանի վերջում ավելացրած երկու թերթի վրա Բջնիի և Այրարատի Մանուել եպիսկոպոսին գրել է տալիս ձեռագրի գնման ու ընծայման պատմությունը, և ապա նվիրում է Երևանի Երկուերեսանի եկեղեցուն:

Ավետարանը, ի պատիվ ընծայողների, կոչվում է «Վիշապկենց Ավետարան» և մի քանի դար մնում է այդ եկեղեցում:

15-րդ դարի վերջին Երևան մայրաքաղաքի Երկուերեսանի եկեղեցու սպասավոր և Ավետարանը նորոգող Ներսես Մոկացին հավաստում է, որ «Վիշապկենց Ավետարան»-ը այդ ժամանակ արդեն հռչակված էր իր զորությամբ, և բազմաթիվ երևանցիներ ականատես էին եղել նրա «բժշկության զորությանը»: Ավետարանը Երկուերեսանի եկեղեցում արդեն «Զորավոր Ավետարան» է կոչվել:

Հավանաբար հետագայում «Զորավոր Ավետարան»-ը տեղափոխվում է Ս. Անանիա առաքյալի անապատում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի, և նորակառույցը հռչակավոր Ավետարանի անունով հայտնի է դառնում որպես «Զորավոր» եկեղեցի:

Հայ ժողովրդի գրասիրության բազմաթիվ օրինակներից մեկն է սա: Միջնադարում հայերեն ձեռագրեր գրում էին որևէ սրբավայրի հովանավորության տակ: Պատահել է նաև, որ ձեռագիրն ընդօրինակվել է «ընդ հովանեաւ Երկաթագիր Ավետարանիս» կամ «Կարմիր Ավետարանիս»: Ավելի խոսուն է երևանյան փաստը:

Սուրբ Աստվածածնին նվիրված եկեղեցին իր անունը զիջում է Մաշտոցածին մատյանին: Գրի անմահությունը և զորությունը խորհրդանշող հուշարձան է Երևանի Զորավոր եկեղեցին: Այն մի քանի անգամ հիմնահատակ լինելուց և որպես Սուրբ Աստվածածին վերակառուցվելուց հետո շարունակում է կոչվել Զորավոր:

Այդպես էր կոչվում նա նույնիսկ այն ժամանակ, երբ «Զորավոր» ձեռագիրը բացակա էր Ս. Զորավոր եկեղեցուց: Այդպես է կոչվում եկեղեցին նաև այսօր:

Հայտնի չէ, թե երբ և ինչ պարագաներում է Վիշապկենց Ավետարանը տարվել Արտազի Ս. Թադևոս առաքյալի վանք: Այնտեղից ձեռագիրը բերվել է Էջմիածին 1911-ին, իսկ 1939-ին՝ կրկին Երևան: Բայց այս անգամ այն չի հանգչում «ի դուռն Երկուերեսանի եկեղեցու», որը վաղուց հողին էր հավասարվել, այլ «ընդ հովանեաւ» Մաշտոցյան Մատենադարանի, հպարտ իր կեսհազարամյա երևանաբնակությամբ, նաև Երևանի Երկուերեսանի Ս. Նշան եկեղեցու և երևանցի Հակոբի գրասիրության մագաղաթյա վկայական լինելով:

 

Կազմեց Արևիկ Համբարյանը

 

13.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․