Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում հայ երգի երեկո էր

Հունիսի 29-ի երեկոյան, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարմամբ հայ ոգու երաժշտությունն էր թևածում: Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Անի Նավասարդյանի գլխավորությամբ, հնչեցրեց Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Երվանդ Երկանյանի, Թաթուլ Ալթունյանի, Գրիգոր Սյունու հայ ժողովրդական երգերի խմբերգային մշակումները: Ժողովրդական մեղեդիները վառ գույներով պատկերում էին հայ գեղջուկի կյանքը, առօրյան, զգացմունքներն ու հույզերը, հայի ազատատենչ ոգու պայքարը՝ բացահայտելով հայ մարդու ապրումների ամենատարբեր երանգները:

Եկեղեցու բակը բազմամարդ էր. զուլալ աղբյուրից բխող հայ երգը մեծ թվով ունկնդիրների էր իր շուրջը համախմբել: Հայ երգի շունչն ու տրամադրությունը եկեղեցու հարակից շենքերի բնակիչներից շատերին էր իրենց առօրյայից կտրել: Յուրաքանչյուր երգի ավարտին հնչող երկարատև ծափողջյունները վկայում էին ներկաների ոգևորության մասին:

Սա «Խազեր» երգչախմբի առաջին ելույթն էր՝ եկեղեցու բակում կազմակերպված: «Արձակուրդային այս շրջանում հանդես ենք գալիս մարդաշատ վայրերում և այս անգամ որոշեցինք հայ երգը հնչեցնել Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում»,- ասաց «Խազեր» երիտասարդական երգչախմբի հիմնադիր Անի Նավասարդյանը: Տասնութ երաժիշտներից բաղկացած երգչախումբն արդեն չորս տարի է, որ հայ և օտարազգի ունկնդիրներին ներկայանում է հայ ժողովրդական երգի մշակումներով: «Երգչախումբը կոչվեց «Խազեր», քանի որ մեր երգացանկի առանցքը Կոմիտասն է: Եվրոպական նոտագրությունն ամբողջովին չի արտահայտում մեր երաժշտության նրբերանգները, այդ պատճառով Կոմիտասը սկսեց ուսումնասիրել խազերը, և ապացուցեց, որ հայկական երաժշտությունն ինքնուրույն ինտոնացիոն համակարգ ունի, և նրա խմբերգերը բազմաձայնեցված են հենց այդ համակարգում: Մեր երգչախմբի նպատակն այդ ինտոնացիոն համակարգի՝ ժողովրդականի մոտ երգելն էր, այդ պատճառով երգչախումբը կոչեցինք նոտագրության համակարգի անվամբ: Խազերը դա մի ամբողջ գիտություն է, ըստ Կոմիտասի, խազերի բանալին գտնելու համար պետք է ուսումնասիրել երկրաչափություն, լեզու, պատմություն, աստղագիտություն և այլ գիտություններ»,- ասաց Անին:

«Այսօր ուկնդիր եղանք «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարումներին՝ հոգևոր մեծ բավականություն ստանալով: Հաճելի է տեսնել հայ երգի շուրջ համախմբված մեր երիտասարդներին, ովքեր լավագույն կերպով ներկայացրեցին մեր հոգևոր ազգային արժեքները: Երեկոյին ներկա ժողովրդի բազմությունը վկայությունն է նրա, որ մեր ժողովուրդը գնահատում է երիտասարդների աշխատանքը: Եկեղեցու հովանու ներքո երգչախմբի ելույթը փաստում է երիտասարդների մոտ առկա այն կարևոր գիտակցությունը, որ եկեղեցին մեծ դերակատարություն ունի մեր հոգևոր ազգային արժեքների պահպանման գործում»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը:

Հայ երգի երեկոն ավարտվեց հայի քաջության ոգին արտահայտող նոտայով՝ Ռոբերտ Պետրոսյանի «Զարթիր լաո» երգով: «Խազեր» երիտասարդական երգչախումբն իր պարզությամբ և բնականությամբ արտահայտեց ժողովրդական ոգին՝ տոնական և լուսավոր տրամադրությամբ համակելով բոլորին:

 

Կարինե Սուգիկյան

29.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․