Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի աջակցությունը Հայոց բանակին

Աստծու կողմից արարված աշխարհում աստվածապարգև ազատության չարաշահումներից բազմաթիվ չարիքներ են ծնվում, «քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» (Մատթ. 15:19): Այդ չարիքներից է պատերազմը, որ ուղեկցել է մարդկության պատմությանը մեր նախածնողների անկումից ի վեր: Խաղաղության ձգտող և խաղաղություն ավետող քրիստոնյան (Հռոմ. 10:15), շատ հաճախ բախվելով աշխարհի չարիքին և բռնությանը՝ ստիպված է լինում գոյամարտել հանուն հավատի և հայրենիքի: Մեկ շաբաթից ավել է, ինչ Հայաստան և Արցախ աշխարհը պարտադրված պատերազմի՝ հերոսական գոյամարտի մեջ է: Հայաստանի և ողջ աշխարհի հայությունը համախմբել է իր ներուժը հայրենիքի պաշտպանության համար:

Հայրենիքի ազատ ու խաղաղ կյանքը պաշտպանելու սրբազան առաքելությանը լծված՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 915 000 դրամի դեղորայք և բժշկական պարագաներ փոխանցեց Գանձասարի վանահայր Տ. Սահակ վրդ. Շաքարյանին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի համար: Դեղորայքի ցանկը տրվել էր հոսպիտալի կողմից:

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր հայի միասնական և անկոտրուն ոգին անառիկ ու ապահով է պահում մեր սահմանները, շեն ու պայծառ՝ մեր հայրենիքը, զորեղ՝ մեր եկեղեցին: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Բոլորից վեր կա ընդհանրական միասնության, համազգային պատկանելության, համահայկական եղբայրության լինելության և գերագույն շահերի մակարդակը, որի վրա չենք կարող մեկս մյուսով ամբողջական մեկ ազգ չլինել»:

 

Կարինե Սուգիկյան

 

04.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․