Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտի օրհնաբեր ճանապարհը

Հայոց աշխարհի բազմադարյան սրբավայրերը մեր հավատավոր նախնիների արգասաբեր հավատքի և ստեղծագործ հանճարի խոսուն վկաներն են: Սրբավայրերով հարթված ուխտի ճանապարհները հայ ուխտավորի համար դարձել են հույսի, հավատի, նորոգության և օրհնության ճանապարհներ: Նոյեմբերի 20-ին դեպի Վայոց Ձորի մարզ տանող ուխտի օրհնաբեր ճանապարհն անցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ: Ուխտավորների աղոթական ուղին Տիրոջն ուղղված օրհնաբանություն էր՝ ըստ սաղմոսերգուի խոսքի, թե. «Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»:

Նրանց աղոթքի ուղին կանգ առավ մարզկենտրոնի՝ Եղեգնաձորի Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) առաջնորդանիստ եկեղեցում, ուր և մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագի, որ մատուցվեց հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Զարեհ վարդապետ Կաբաղյանի: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով քարոզին անդրադարձավ Տերունական աղոթքին: Տեր Հայրը նշեց, որ առաքյալների մտահոգությունը և ցանկությունն էր Քրիստոսից սովորել աղոթքի այնպիսի մի ձև, որով իրենց աղոթքն էլ անմիջապես լսելի կլիներ Տիրոջ կողմից: Իր խոսքում նա ի մասնավորի ասաց. «Հայր մեր-ը բացի աղոթք լինելուց կյանքի ուղեցույց է, կարևոր մի դաս. ապրենք այնպես, որ Աստծո կամքը երկրի վրա լինի այնպես, ինչպես երկնքում է, պատրաստ լինենք ներել մարդկանց, եթե ուզում ենք Աստծո կողմից ներում ստանալ: Խնդրելուց առաջ նախ զոհաբերենք և Աստծո հանդեպ մեր սերը ցուցաբերենք գործով, գոհունակ սրտով, ինչն էլ քրիստոնեական մեր հավատքի գաղտնիքն է»:

Ս. Պատարագի ավարտին Տեր Վազգենն ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու պատմությունը՝ նշելով, որ Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) եկեղեցու կառուցման մասին հստակ տեղեկություններ չեն պահպանվել, միայն եկեղեցու արևմտյան դռան վրայի արձանագրությունից կարող ենք ասել, որ վերակառուցվել է 1878թ., իսկ թե երբ է կառուցվել, հայտնի չէ: Արձանագրությունից պարզ է դառնում նաև, որ եկեղեցու անունը Ս. Սարգիս է եղել, որը ժամանակի ընթացքում վերանվանվել է Ս. Աստվածածին: Տեր Հայրն ուխտավորներին ցույց տվեց եկեղեցուն կից բերդի տարածքը, որ ավանդության համաձայն՝ Վարդանանց պատերազմից հետո հայոց զորքը պարսկական զորքի հետապնդման պատճառով այդտեղ է ճակատամարտել: Ի հիշատակ Վարդանանց հերոսների՝ Հայոց կաթողիկոս Գյուտ Արահեզացու նախաձեռնությամբ բերդին կից տարածքում 5-րդ դարում կառուցվել է Վարդանանց գեղակերտ եկեղեցին: Ցավոք հայտնի չէ, թե երբ է խոնարհվել այս եկեղեցին, որի տեղում էլ կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին:

Այնուհետև ուխտավորները սիրո ճաշ ունեցան և հաջորդ սրբավայրը, ուր միասնաբար աղոթքի կանգնեցին՝ Եղեգիսի Զորաց Ս. Աստվածածին եկեղեցին էր: Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից 1640 մ բարձրության վրա գտնվող սրբավայրը հիացրել էր ուխտավորներին միջնադարյան իր եզակի հորինվածքով: Եկեղեցին ունի արևելյան մաս` խորանով և եզրային ավանդատներով, զուրկ է ընդհանրապես ներքին սրահից, վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Ըստ պատմաբանների՝ մարտադաշտ մեկնելուց առաջ հայոց զորքը կանգնում էր այս եկեղեցու դիմաց, աղոթում և հոգևորականի օրհնությունն ստանում: Այստեղից էլ եկեղեցին ստացել է «զորաց» անվանումը: Այսօր էլ Զորաց Ս. Աստվածածին եկեղեցում վերականգնվում է դարավոր ավանդույթը. արդեն մի քանի տարի է, որ եկեղեցու բակում տեղի է ունենում մարզի նորակոչիկների օրհնության հանդիսավոր արարողություն:

Հնարավոր չէր չունկնդրել բարձրաբերձ սարերի խորհրդավոր լռությունը, չզգալ Ամենակարողի հզոր շունչը և չփառաբանել հզոր Նկարչին հզոր պատկերների համար:

Սրբավայրի բացօթյա սրահում ուխտավորները մասնակից եղան Ճաշու երրորդ ժամերգությանը՝ խնդրելով Տիրոջ ողորմածությունն ու պահպանությունը Հայոց բանակի համար: Նրանք՝ որպես Զինվորյալ եկեղեցու անդամներ, խնդրեցին նաև Ամենակարողի զորակցությունն այն հավատի պատերազմում, որ շարունակ մղում են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20):

Ապա Վաչագան սարկավագն ուխտավորների հետ զրույց ունեցավ «Հավատք և հրաշք» թեմայի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև կյանքի կարևորագույն նպատակին: Սարկավագը կարևորեց այն հանգամանքը, որ հավատքը չպետք է կառուցվի հրաշքի վրա: Օրինակ՝ առաքյալները տարբեր վայրեր էին գնում ոչ թե հրաշք գործելու, այլ քարոզելու՝ ի բժշկություն մարդկանց հոգիների, բայց նրանց ստվերից անգամ հիվանդներն էին բուժվում: «Մեր կայնքում էլ շատ հրաշքներ են լինում, բայց պետք է քննել, թե ի՞նչ հոգուց են այդ հրաշքները: Հրաշք փնտրելու փոխարեն, հարկավոր է փրկության ձգտել: Ս. Պատարագը մեր կյանքում ամենամեծ հրաշքն է և մեծ գիտություն է անհրաժեշտ այդ հրաշքը հասկանալու համար: Իրական հրաշքը հիմնվում է հավատի վրա»,- ասաց նա: Իսկ կյանքի կարևորագույն նպատակի մասին նշեց. «Պետք է կարողանալ կարևորն անկարևորից զատել, կարևորը կորուստների վրա չկենտրոնանալն է, քանի որ ի վերջո աշխարհում ոչինչ չի կորչում: Վերջին հաշվով ո՛չ մեղքի արդյունքներն են կորչում և ո՛չ էլ՝ բարիքի: Կրքերի դեմ պայքարելը մեր կյանքի նպատակը պետք է լինի, քանի որ պայքարելով է, որ կատարելագործվում ենք: Չարի կարևոր զենքը մարդու մոտ այն պատրանքն ստեղծելն է, որ չարը գոյություն չունի և որ կյանքում կարևոր չեն մանրուքները»:

Եղեգիս գյուղում ուխտավորները եղան նաև Ս. Կարապետ կամ Ս. Նշան եկեղեցում (13-րդ դար), որտեղ մասնակցեցին Ճաշու վեցերորդ ժամերգությանը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն անցավ ուխտի այն օրհնաբեր ճանապարհով, որ դեպի Երկինք է առաջնորդում: Եկեղեցու հայրերից մեկն իզուր չի ասել. «Ինչ որ սիրում է մարդը և ինչի հետ, որ հաղորդակցվում է, այն էլ կգտնի, երկրայինը սիրողը, երկրայինն էլ կգտնի, իսկ երկնայինը փնտրողն ու սիրողը՝ երկնայինը կգտնի»: Հիշենք նաև, Աստված տալիս է ըստ սրտի, ինչպիսին սիրտն է, այնպիսին էլ պարգևը:

 

 

Կարինե Սուգիկյան

20.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․