Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի և համայնքի շնորհավորական խոսքը՝ ուղղված Հայ եկեղեցու հոգևոր դասին

Թող Տերը զորացնի Ձեզ Ձեր աստվածապարգև կոչման մեջ

«Մահ իմացեալ՝ մահ է, մահ ոչ իմացեալ՝ անմահութիւն է: Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի մահուանէ» Եղիշե պատմագրի շուրթերից հնչած բարոյական արիության այս դասը, հերոսական այս ոգին հայ ազգին ներշնչեցին այն քաջարի հոգևոր հայրերը, ովքեր Սուրբ Ղևոնդ քահանայի անունով կոչվեցին Սուրբ Ղևոնդյանք: Հայ հոգևորականության ըմբոստ ոգին և քրիստոնեությունը պաշտպանելու պատրաստակամությունն իր արտահայտությունն է գտել Եղիշեի հետևյալ տողերում. «Յայսմ հաւատոց զմեզ ոչ ոք կարէ խախտել, ոչ հրեշտակք և ոչ մարդիկ, ոչ սուր և ոչ հուր, ոչ ջուր, ոչ ամենայն զինչ եւ են դառն հարւածք»: Սուրբ Ղևոնդյանք, հերոսաբար նահատակվելով, անմահացան՝ իրենց հետնորդներին կտակելով հայոց ազգի անմահ անունը: Հայ եկեղեցին առ այսօր տոնում է սրբերի շարքը դասված անմահ հայրերի սուրբ հիշատակը՝ ուխտելով անցնել այն հերոսական ուղին, որ անցան ազգի ու հավատի նվիրյալ հայրերը:

Սուրբ Ղևոնդյանց տոնի հիշատակության օրը նաև Հայ եկեղեցու հոգևոր դասի տոնն է: Այս առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը և համայնքը ի սրտե շնորհավորում է հոգևոր անդաստանում իրենց ծառայությանը նվիրված հոգևոր մշակներին, ովքեր, Սուրբ Ղևոնդյանց օրինակի համաձայն, ոգեշնչում և պատգամում են հայորդիներին անշեղ ընթանալու հայրենիքի, ազգի և եկեղեցու զորացմանն ուղղված ուխտի ճանապարհով: Թող Տերն օրհնի Ձեզ՝ Հայ եկեղեցու անխոջ մշակներիդ, և արժանացնի հայրենաշեն ու եկեղեցանվեր ծառայության քաղցր պտուղները ճաշակելու պարգևին:

«Որևէ մեկն ինքն իրեն չի կարող տալ քահանայապետության պատիվը, այլ Աստված է նրան կոչում այդ պաշտոնին» (Եբրայեցիներ 5:4): Մեր մաղթանքն է, որ Տերը զորացնի Ձեզ Ձեր աստվածապարգև կոչման մեջ՝ արգասավորելով Ձեր հոգևոր ընթացքը Հայ ազգի և Հայ եկեղեցու կյանքից ներս:

06.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․