Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ժողովը

Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Մինչ տարվա հաշվետու զեկույցին անցնելը, Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ծխական խորհրդի անդամներին՝ համայնքային կյանքից ներս ակտիվ գործունեություն ծավալելու և իրականացվող ծրագրերին աջակցելու համար:

Տեր Գրիգորն ուրախությամբ արձանագրեց, որ 2017 թ-ը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, արդյունավետ տարի էր համայնքի համար. տարեսկզբին համայնքի աջակցությամբ եկեղեցին ջեռուցման համակարգ ունեցավ: Այնուհետև կրկին համայնքի աջակցությամբ սկսվեցին շինարարական աշխատանքները. կառուցվեց հարավ-արևելյան պարիսպը, տեղադրվեցին եկեղեցու հարավային և հարավ-արևելյան պարիսպների ճաղաշարերը, այգում՝ երկաթե հիմքով և տրավերտինե մակերեսով երկու սեղան և չորս նստարաններ, բարեկարգվեց եկեղեցու արևելյան այգին: Տարվա ընթացքում եկեղեցուն է նվիրաբերվել երեք մեծ և երեք փոքր արծաթե կանթեղներ, երեք զանգեր: Տեր Հայրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կարևորագույն ձեռքբերումը համարեց Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը, որը եկեղեցուն է նվիրաբերել արտերկրում բնակվող Գեղամ Ղուկասյանը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի առնչությամբ նշվեց, որ համայնքի և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիների աջակցությամբ հարյուր երեսուն կարիքավոր ընտանիքների տրամադրվել է դրամական օգնություն, սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ:

Անդրադառնալով քարոզչությանը՝ Տեր Հայրը նշեց, որ եկեղեցում շաբաթվա ընթացքում յոթ անգամ քարոզխոսություն է լինում՝ չորս օր եկեղեցում, ամեն ուրբաթ օր սիրիահայ համայնքի համար, «Զորավոր» երիտասարդաց միությունն ամեն հինգշաբթի մասնակցում է քրիստոնեական դասընթացների և Աստվածաշնչի սերտողության, իսկ շաբաթ օրը՝ խոկման արարողության, գործում է կիրակնօրյա դպրոց: Համայնքը տարվա ընթացքում մասնակցել է տասնմեկ ուխտագնացությունների, տպագրվել է Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթագիրքը:

Ապա քննարկվեցին գալիք տարվա ծրագրերը, որոնց համաձայն, նախատեսվում է մոմավաճառության նոր սրահ, Ս. Մովսես Տաթևացի հայրապետի անունով Սուրբ Սեղան և գավազան-հուշարձան կառուցել, եկեղեցու երկու սրբանկարների և մեկ որմնանկարի ռեստավրացիա կատարել: Նախատեսվում է տպագրության հանձնել «Սուրբ Անանիա առաքյալի անապատը կամ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին» գիրքը, «Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին» և «Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը» նկարազարդ գրքույկները, Պողոս եպս. Ադրիանուպոլսեցու «Զանազանութիւն հինգ դարուց» գրքի առաջին հատորը, մեկ աղոթագիրք և մեկ քարոզգիրք:

Այնուհետև Տեր Գրիգորը, ծխական խորհրդի անդամների համաձայնությամբ, ծխական խորհրդի ատենապետ վերընտրեց Գագիկ Ավետիսյանին, վերընտրվեցին ծխական խորհրդի մյուս անդամները, և ընտրվեց նոր անդամ՝ Ռազմիկ Քարտաշյանը: Տեր Հայրը ծխական խորհրդի անդամներին ներկայացրեց նաև 2018 թ-ի խաչքավորին՝ Արամ Ֆրանկյանին:

Ծխական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

 

Կարինե Սուգիկյան

27.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․