23 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում օծվեց Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը

Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, իր հրաշագործ զորությամբ հայտնի Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածինը զորացավ ևս մեկ զորավոր սրբությամբ՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչով: Եկեղեցին «Զորավոր» է կոչվում, քանի որ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար): 

Կարմիր կիրակին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և բազմաթիվ ուխտավորների համար նշանավորվեց Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի օծման արարողության օրհնաբեր օրով: Կիրակնօրյա Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը՝ հանդիսապետությամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի:

Հընթացս Ս. Պատարագի Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը՝ Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առթիվ:

Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանի ձեռամբ օծվեց Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն էր նվիրաբերել արտերկրում բնակվող Գեղամ Ղուկասյանը:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, նախքան օծման արարողությունը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը՝ նշելով, որ նրա բարձր ներկայությամբ և օրհնությամբ մշտապես ամբողջանում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս իրականացվող արարողությունները: «Այսօր, Սրբազան Հոր օրհնությամբ, իրականություն դարձավ այս օրհնաբեր նախաձեռնությունը և այսուհետ Ս. Վարագա խաչի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համար կհռչակվի որպես Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Համայնքի կողմից մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև տիար Գեղամ Ղուկասյանին, ով այս երկու տարիների ընթացքում իր գործուն մասնակցությունն է բերել մեր բոլոր նախաձեռնություններին և այսօր էլ իր նվիրատվության շնորհիվ մեր եկեղեցին հարստացավ ևս մեկ զորավոր սրբությամբ՝ Տիրոջ խաչափայտի սուրբ մասունքով: Թող Աստված Իր ամուր Աջով պահպանի իր և եղբոր ընտանիքներին: Վստահ ենք, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, ի թիվս մյուս սրբությունների, Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչն իր ճառագող զորությամբ նորանոր օրհնությունների և հրաշքների աղբյուր կհանդիսանա: Եվ այսօր աստվածային նախախնամությամբ պայքարի և հաղթանակի խորհրդանիշը կրող Կարմիր կիրակին հաղթության Ս. Նշանով՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր Խաչով, ամրագրեց մեր սրտում տիեզերական մեծագույն հաղթանակը՝ Քրիստոսի հրաշափառ հարությունը»,- ասաց Տեր Գրիգորը:

Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի օծման արարողության ավարտին Նավասարդ Սրբազանն, իր շնորհավորանքի և օրհնության խոսքն ուղղելով հավատավոր հայորդիներին, ասաց. «Այսօր մենք նշում են Կարմիր կիրակին: Այս կիրակին մեր հայրերը զգեստավորել են Քրիստոսի՝ խաչի վրա հեղված արյան կարմիր գույնով և իմաստավորել քրիստոնեական վարդապետության խորությամբ:

Տոնի ժողովրդական սովորություններն աղերսներ ունեն բնապաշտական շրջանի հետ: Մեր պատմության ընթացքում ժողովուրդը ստեղծել է գեղեցիկ բանահյուսական գոհարներ և ավադույթներ. մեր հայրերի համար այսօրվա տոնի կարմիր գույնը խորհրդանշող հաղթանակը, ուրախությունը կենցաղում դրևսորում էր հագուստի, երգերի ու տաղերի մեջ:

«Կարմիր անվանի օրն այս նազենի,

զի Տէրն մեր երևի, որպէս ի Զատկի օրն կիրակի,

Եւ այս ի կոչի կարմիր կիրակի,

և հոյժ պատշաճի զի արեամբ ծաղկի այս կիրակի»:

Ահա մեր նախնիներից ավանդված գեղեցիկ, բանահյուսական մի գանձ, որը մեզ հնարավորություն է տալիս կարդալ նրանց հոգիները: Այսօրվա ուրախությունն ամբողջանում է քիչ առաջ սրբալույս Մյուռոնով օծված Ս. Խաչի խորհրդով: Եվ մեր աղոթքն է առ Աստված՝ «Յաւել ի մեզ, Տէր ամենակալ, զհաւատ, զյոյս, զսէր, եւ զամենայն գործս առաքինութեան»:

Սուրբ խաչի խորհուրդը ներշնչում է մեզ արարումի և առաքինության՝ մեր հոգիներում զորացնելով հաղթանակի հույսը և հավատքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոս վկայում է, որ ամեն ինչ հանարավոր է, եթե հավատք ունենանք: Մաղթում ենք, որ Ս. Խաչի զորությամբ ամեն բարի գործ հնարավոր լինի ձեր կյանքում: Իսկ հույսը, որ վառվել է Լուսավորչի կանթեղից, և հանգրվանել Արագածի գագաթին, թող անշեջ մնա ձեր հոգիներում: Սերը Քրիստոսի զոհաբերությամբ և խաչելությամբ մեր փրկության հիմնական պայմանը դարձավ՝ «Մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբն յուրով մեզ զկեանս պարգեւեաց»:

Խաչի բուն խորհրդը Աստծո՝ մշտոնորոգ սիրո պատգամն է: Այդ սիրով մարդը զոհաբերվում է հանուն ընկերոջ, հանուն հայրենիքի ու հավատքի:

Այսօր օծված խաչը նվիրաբերել է բարերար Գեղամ Ղուկասյանն, ով մշտապես զորակից է այս եկեղեցուն: Որպես իր արդյունաշատ գործունեության գնահատական այսօր մենք նրան Օրհնության գիր ենք շնորհում»:

Ապա Սրբազան Հայրը եկեղեցու բարերարին հանձնեց Օրհնության գիրը՝ նշելով առաքինազարդ գործերի այն շարքը, որ իր ծառայասիրությամբ մատուցել է բարերարը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն: Տիար Գեղամ Ղուկասյանը մեկ տարի առաջ եղել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խաչքավորը: Նա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն է նվիրաբերել արծաթե կանթեղներ, երկու մեծ դարփնագործ ջահեր, պատի դարփնագործ լուսամփոփներ, եկեղեցու դասի փայտյա քանդակազարդ գահաթոռներ և գրակալներ, մեծ ներդրում է ունեցել եկեղեցու պարսպատման շինարարությանը, հովանավորել է «Զորավոր Ավետարան» պատկերագիրք-ուսումնասիրության տպագրությունը: Եվ իր հերթական նվիրատվությամբ իրականացրեց իր մեծ փափագը. Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը հանգրվան գտավ իր հայրենիքում՝ ի պահպանություն Հայ եկեղեցու, Հայոց երկրի և ազգային բանակի:

Ս. Պատարագի ավարտին հավատացյալներին մատաղ բաժանվեց: Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու Քրիստոսի մասունքակիր խաչի զորավոր օրհնությանը:

 

Կարինե Սուգիկյան

07.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․