Գրքեր

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցը զինհաշմանդամի ընտանիք

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հունիսի 13-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց 2-րդ խմբի զինհաշմանդամ 68-ամյա Ամիրխանյան Սերոբի ընտանիք: Արցախյան առաջին հերոսամարտի մասնակիցը՝ «Շտիրլից» մականունով հայտնի, եղել է «Աղբյուր Սերոբ» կամավորական ջոկատի հետախուզական գումարտակի հրամանատարը: Նա պարգևատրվել է «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա» և «Հայրենիքի պաշտպանության» շքանշաններով, նաև՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

Զինհաշմանդամի չորս տղաներից մեկը նախանցյալ տարի 21 տարեկան հասակում մահացել է չարորակ ուռուցքից, երկու տղաներն ընտանիք են կազմել, այժմ նա ապրում է իր երկրորդ կնոջ և կրտսեր որդու հետ, ով ևս առողջական խնդիրներ ունի: Սերոբի առաջին կինը մահացել է չորրորդ որդուն ծննդաբերելիս: Երկրորդ կինն աշխատել է որպես մանկավարժ, բայց Սերոբի տղայի հիվանդության և խնամքի հետ կապված ստիպված է եղել հրաժարվել իր աշխատանքից: Սոցիալապես անապահով ընտանիքն իր կարիքներն ամենամինիմալ չափով հոգում է Ամիրխանյան Սերոբի հաշմանդամության և կենսաթոշակի գումարներով:

Տասներեք տարի է, որ ընտանիքն ապրում է Նոր Խարբերդի 17 փողոցի 101/2 տանը, որը ծայրաստիճան անմխիթար վիճակում է գտնվում, զուրկ է ներքին որևէ հարդարանքից, եղանակային փոփոխություններն անմիջապես զգացվում են այս տան բնակիչների կողմից, քանի որ տանիքը կաթում է: Զինհաշմանդամը դիմել է թաղապետարան տանիքի վերանորոգման համար, բայց նրա դիմումը մնացել է անպատասխան:

«Ոչ մի արտոնությունից չեմ օգտվում: Տղայիս գերեզմանն էլ անտեր է մնացել գումար չունենալու պատճառով»,- ասաց Սերոբը Տեր Գրիգորին և համայնքի անդամներին զրույցի ընթացքում:

Ապա Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և Ամիրխանյան ընտանիքին հանձնեց այս անգամ մոսկվաբնակ Բաբկեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ, անկողնային ու հիգիենայի պարագաներ և դրամական օգնություն:

Այդքան դժվարությունների և խնդիրների մեջ զինհաշմանդամ Սերոբ Ամիրխանյանը դեռևս լավատեսորեն էր տրամադրված: Նրա մեծ ցանկությունն էր իր վաղամեռիկ որդու ստեղծագործությունները մի փոքրիկ գրքույկով տպագրված տեսնելը:

Ամիրխանյան ընտանիքին մեծ ուրախություն էր պատճառել Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցը, և նրանք մեծ սիրով ցույց էին տալիս իրենց փոքրիկ վարդաշատ այգին՝ խոստանալով իրենց վարդերից բաժին հանել նաև Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու այգու համար:

 

Կարինե Սուգիկյան

13.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․