Գրքեր

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների

Ամեն տարի մայիսի երրորդ կիրակին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ընդունված է հիշել այն մարդկանց, որ մահացել են ՁԻԱՀ-ից: Առաջին անգամ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Այդ օրն իրականացվող յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի ողջ աշխարհով մեկ հասարակության և կառավարության ուշադրությունը սևեռելուն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին, ՄԻԱՎ վարակակիրներին և հիվանդության տարածման կանխարգելմանը:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում մայիսի 15-ին Սբ. Պատարագի ավարտին խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հոգեհանգստյան կարգ կատարեց՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների:

Սբ. Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի աշխատակիցները, շահառուները և Հայկական Կարմիր Խաչ Ընկերության Երիտասարդական Կարմիր Խաչի (ԵԿԽ) աշխատակիցներն ու կամավորները:

«Ցերեկային կենտրոն»-ը գործում է Երևանում 2011թ-ի սեպտեմբերից ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ: «Ցերեկային կենտրոն»-ի գլխավոր նպատակն է՝ նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը:

«Ցերեկային կենտրոն»-ի շահառուներից մեկը, ով ապրում է ՄԻԱՎ-ով, ներկայացրեց մեզ իր կյանքի այն դժվար ուղին, որը հաղթահարելով անցնում է առ այսօր. «Ամուսինս, ունենալով ՄԻԱՎ և չկարողանալով հաղթահարել որոշակի համակցվող հիվանդություն, մեկ տարի առաջ մահացավ: Դժվար է և ծանր, երբ տեսնում ես, թե հիվանդությունը կյանք է վերցնում և դու ոչինչ անել չես կարող: Երբ իմացա կարգավիճակիս մասին, շատ ծանր ապրումների մեջ էի, ոչ մեկի հետ չէի ուզում շփվել, ամաչում էի, բոլորը չէ, որ ճանաչում են ինձ, ի՞նչ կմտածեն, ի՞նչ ճանապարհով եմ հիվանդացել, իսկ ես էլ ի վիճակի չէի որևէ բացատրություն տալու: Ապրում եմ Աստծո հանդեպ մեծ հավատքով և հույսով, շատ անելիք ունեմ. երկու որդիներիս իրենց նպատակին պետք է հասցնեմ, նրանք ինձ ուժ են տալիս՝ հաղթահարելու և ապրելու հանուն իրենց: Շատ շնորհակալ եմ որդիներիցս, ովքեր ամուր կանգնած էին թե՛ իրենց հայրիկի և այժմ էլ՝ իմ կողքին: Մեծ տղաս ծառայում է Հայոց բանակում, մյուսն էլ շուտով պետք է զորակոչվի: Փառք Աստծո, այսօր հասարակությունը արդեն հասկանում է ու գիտակցում, որ ՄԻԱՎ-ը հիվանդություն է և պետք չէ մարդուն արհամարհել:

Հինգ տարի է, ինչ հաճախում եմ «Ցերեկային կենտրոն», սկզբում ընկճված էի, որ ինձ տեսնելու են, ճանաչելու, բայց շնորհիվ կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և աշխատակազմի ես ինձ ազատ մարդ զգացի բոլորի նման, նույնիսկ մոռացել էի, որ հիվանդ եմ: Երբ մտածում ես, որ տառապում ես 21-րդ դարի անբուժելի հիվանդությամբ, անգամ եթե հաբեր ես խմում, միևնույն է հոգուդ խորքում զգում ես, որ կարող է վիճակդ ծանրանալ, բայց երբ տեսնում ես նույն հիվանդությամբ տառապող մարդկանց, որ պատրաստակամ են միմյանց օգնելու, դա ուժ է տալիս նորովի ապրելու: Կենտրոնում ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխանները՝ կապված թե՛ ընտանիքի, թե՛ հիվանդության և թե՛ այլ հարցերի շուրջ: «Ցերեկային կենտրոն»-ում հոգևորականների կողմից անկացվող զրույցներն ու քննարկումները լցնում են հոգուս դատարկությունը և հավատքով ու աղոթքով շարունակում եմ ապրել՝ առանց ընկճվելու և հուսահատվելու, քանի որ կյանքը շարունակվում է Աստծո շնորհիվ»:

Ըստ համաշխարհային առողջապահության ասոցիացիայի վիճակագրությամբ՝ ՄԻԱՎ վարակակիրների թիվը ողջ աշխարհում կազմում է 42 մլն և ամեն օր այդ թիվն աճում է 14-15000-ով: ՄԻԱՎ վարակակիրների մեծամասնությունը երիտասարդներ են մինչև 30 տարեկան: Վերջին 25 տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 25 մլն. մարդ:

Իսկ ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ 1988թ. մինչև 2016թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2310 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր անցած տարիների համեմատ: 2015թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 294 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1220-ի մոտ (կին` 308, երեխա` 24) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 161-ի մոտ՝ 2015թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 514 դեպք: Մահացածների թվում կան 86 կին և 8 երեխա: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%): ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 747 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 32,3%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,6%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը:

 

 

Կարինե Սուգիկյան

15.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․