Գրքեր

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում օրհնություն ստացան նորապսակները

Արդեն քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական պատարագի ավարտին կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Մինչ օրհնությունը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը նորապսակներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝ մաղթելով նորակազմ ընտանիքներին սեր և խաղաղություն: Արարողությանը նորապսակները սուրբգրային հետևյալ պատգամին ունկնդիր եղան. «Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիներին, ինչպես պիտի հնազանդվեիք Տիրոջը, որովհետև ամուսինն է իր կնոջ գլուխը, ինչպես Քրիստոսը գլուխն է եկեղեցու՝ Իր մարմնի, որի Փրկիչը ինքն է: Տղամարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր կյանքը տվեց նրա համար» (Եփեսացիներ 5:22-24,25-26):

Օրհնության կարգի ավարտին, քահանաներն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից նորապսակներին հանձնեցին նվերներ՝ «Զորավոր Ավետարան»-ի մասին պատմող գրքեր:

Խրիմյան Հայրիկն իր «Դրախտի ընտանիք» գրքում նշում է, որ ժողովուրդներին և ազգերին կենսական կյանք տվողն ընտանիքներն են, ապա, մանրամասնորեն նկարագրելով, ասում է. «Ժողովուրդը, եթե առաջադիմում է, իր առաջին քայլն ընտանեկան սրահից է առնում, եթե լուսավորվում է՝ իր լույսն ընտանեկան ճրագից է, եթե միանում է՝ իր ոգին ու կապն ընտանիքն է, եթե հարստանում է՝ իր գանձարանն ու գանձապետն ընտանիքն է, եթե իր տունն ու սեղանը բարելից ու առատ է՝ արդյունաբեր անդաստանն ընտանիքն է, եթե դրախտի գետերը վազում են հրապարակ՝ աղբյուրը դրախտի ընտանիքն է, եթե կարասները լի են գինով, խմում, ուրախանում է՝ խաղողաբեր այգին ընտանիքն է, եթե բարեծնունդ զավակներով օրըստօրե բյուրապատիկ աճում է՝ իր նախածնող խնամատարն ընտանիքն է, եթե ուզում է իր զավակներին բարեկիրթ քաղաքացի պատրաստել՝ իր բարեկրթության առաջին համալսարանն ընտանիքն է, եթե երջանիկ ապրել է ուզում աշխարհում, թող հավատա, որ երջանկության կյանք բխող աղբյուրն ընտանիքն է, եթե երկրից հետո երկինքը ևս ժառանգել է ուզում՝ պահելով իր հայրենի կրոնը, հավատն ու եկեղեցին, այո՛, այդ սուրբ ավանդներն անեղծ, անկորուստ պահելու խորանն ընտանիքն է: Որովհետև այդ գանձերն ու Ավետարանի աննման մարգարիտն աշխարհի շահավաճառության հրապարակում, կառավարությունների դահլիճներում, գիտության ճեմարաններում անկորուստ չեն պահվում, ուստի դրանց հավատարիմ ավանդապահը միայն ընտանիքն է»:

 

Կարինե Սուգիկյան

14.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․