Գրքեր
Իշխան դառնալուց հետո Հովսեփն իրեն զրպարտող կնոջից վրեժ լուծե՞ց:

Ո՛չ, երբե՛ք, քանի որ վրեժխնդրությունը թշնամություն է ենթադրում: Արդ, ինչպես որ Հովսեփը Աստծո շնորհիվ հաղթել էր իր կիրքը, նույնպես բարկությունը  զսպելով՝ չի ցանկանում ոչ ոքի թշնամություն անել: Մանավանդ վրեժ լուծելու առիթ ունենալով, փոխարենը հոժարակամ բարերարություն է անում:

Քանի որ նա ոչ միայն մարմնական կառավարության վերաբերյալ խնդիրներում, այլ նաև առաքինության ճանապարհին կատարյալ էր, Եգիպտոսի նախարարները և մեծամեծերը նույնպես հոժարակամ հետևում էին նրա խրատներին (Սաղ. 104:21): Բացի այդ, նրան բամբասողները, նրա առաքինությունից  պատկառելով, իրենց անիրավությունն ու ստախոսությունը ստիպված խոստովանում էին (Իմաստ. 10:14), քանի որ ուշ կամ շուտ Աստված ճշմարտությունը հայտնում է: Չարիք անելու փոխարեն բարիք անելով՝ Հովսեփն իր առաքինությունը հայտնեց, որով իր թշնամիներն էլ զղջացին:

Խրատ առ. չարի փոխարեն բարիք անելը թշնամուն առանց ջանքի հաղթել է նշանակում,  քանզի բուռն զորությամբ հաղթվողը ապստամբություն է խորհում: Եթե ցանկանում ես մեղքերիդ քավություն գտնել՝ հակառակորդիդ հանցանքը ներիր (Մատթ. 6:12), որովհետև Աստված է, որ բոլորի գործերը քննելով, արդարությամբ դատում է: Երբ դու քո ցանկության համեմատ ոսոխից վրեժխնդիր ես լինում՝ Աստծուն վերապահված դատաստանը դու ես տեսնում և գործադրում, որովհետև չես համբերում, որ Աստված Իր բարձր և արդար կամքի համաձայն դատի, այս պատճառով պարտական ես մնում, քանի որ հանցավորին պատժելը Աստծուն է հատուկ (Բ Օրին. 32:35):

Ինչպես որ աշխարհում ոստիկաններ և դատավորներ կան, որոնք Աստծո կողմից որպես նրա փոխանորդ՝ կարգված են պատժի արժանի եղողներին պատժելու և զրկվածին զրկողի ձեռքից ազատելու համար: Միայն թե այս պայմանը նկատի ունենան, որ իրենց անձնական հակառակորդներին չպետք է պատժեն, այլ ուրիշներին վնասողներին՝ արդարության և իրավունքի համաձայն, և իրենց անձի համար երբեք դատախազ կանգնած չլինեն (Հռոմ. 12:19):

Քանի որ, ինչպես իր հակառակորդից վրեժ լուծող մասնավոր անհատը Աստծո առջև հանցավոր է լինում, նույնպես, եթե իշխանները և դատավորները, իրավունքի և արդարության սկզբունքներին համաձայն, հանցագործին դատելով՝ չպատժեն, անմեղ և հանցանք չունեցող մարդկանց դեմ անիրավություն են գործում (առածի համաձայն, թե անիրավներին ներելը անիրավություն է արդարի հանդեպ), այս պատճառով իրենք էլ Աստծո կողմից պատժվում են:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․