Գրքեր
Հովսեփը արդյո՞ք իր հորը հայտնեց իր եղբայրների անգութ վարմունքի և Եգիպտոսում իր վիճակի մասին:

Չհայտնեց: Հիրավի զարմանալի է, որ Հովսեփը Եգիպտոսում, իսկ Հակոբը Քեբրոնում գտնվելով, որոնց միջև հեռավորությունը (Սուեզի կողմից) վեց իջևանի չափ է, Հովսեփն արդյոք ի՞նչ էր մտածում, որ քսաներեք տարի իր մասին չի տեղեկացնում հորը: Մի՞թե Հովսեփը այդքան կարծրասիրտ մարդ էր, քավ լիցի, ընդհակառակը՝ միշտ տոչորվում էր հոր հանդեպ սիրուց և հառաչանքով էր անցկացնում ժամանակը. նա այլևայլ մտածումների պատճառով է այդքան ժամանակ հապաղում հայտնել իր վիճակի մասին:

Հովսեփը գիտեր, որ եղբայրները իր համար «մեռավ» պիտի ասեին իրենց հորը: Եթե ինքը իր գլխին եկածը տեղեկացներ՝ հայրը նրանց վրա անպատճառ բարկանալով կամ նեղանալով, թերևս իրենց միջև մի մեծ հակառակություն առաջանալուց բացի, ընտանեկան այդ անհամաձայնության հավանական հետևանքը հայրական տան ցրումը կլիներ: Քանի որ, եթե Հակոբը լսեր, որ իր սիրելի որդին գերի է և Եգիպտոսում է, իր ամբողջ ունեցվածքը կզոհեր նրա փրկության համար, կամ ինքը կգնար նրա մոտ: Հնարավոր է, որ այդ ժամանակ, Բենիամինն էլ վնասվեր մնացած եղբայրներից, քանի որ երկուսի մայրը նույնն էր, և նա էլ Հակոբի հատուկ գորովի առարկան էր:

Նմանապես, եթե իշխանության հասնելուց հետո իր փառավոր վիճակի մասին հայտներ, դարձյալ իսկույն կարող էին ծանր անպատեհություններ առաջանալ: Քանի որ եղբայրները, երկյուղից կամ ցավերից, կարող էին տարբեր կողմեր ցրվել և այդպես վնասվել: Մանանավանդ, եթե գերության մեջ ինքն իրեն ծածուկ պահելով, փոխարքա դառնալուց հետո հայտներ, ապա դա կարելի էր հպարտությանը վերագրել: Բացի այդ, տեսած երազին նայելով, օր օրի փառք ձեռք բերելու փոխարեն, գերի և բանտարկյալ վիճակի մատնվածի պես՝ սկսեց խորհել, թե հարկավ սրա մեջ մի գաղտնիք կա, ուստի ինքը, Աստծո կամքին հանձնվելով, համբերում է և իր վիճակից գոհ մնալով՝ Աստծուց հույսը չի կտրում, և իշխան լինելուց հետո էլ, առանց հպարտանալու, խոնարհ սրտով շնորհակալ է լինում Աստծուն:

Մանավանդ Աբրահամին եղած աստվածային տեսիլքի համեմատ (ինչպես որ արդեն հիշատակել ենք) նրա որդիները, չորս հարյուր տարի Եգիպտոսում պանդխտության մեջ չարչարանք կրելով հանդերձ, պիտի բազմանային, և այս պատճառով հարկավոր էր, որ Հակոբը, իր ողջ ընտանիքով, Եգիպտոս գնար, և այնտեղ բազմանալով՝ Աստծո սահմանած կարգադրությունն ու վճիռը կետ առ կետ կատարվեր: Որի պատճառով Աստված Հովսեփին համբերել է տալիս, որ սովի ժամանակ մինչև Հակոբը իր ամբողջ տնով Եգիպտոս չփոխադրվի՝ ինքն իրեն չհայտնի:

Դարձյալ, որպեսզի համայն աշխարհը օրինակ վերցնի Հակոբի այդքան երկար ժամանակ Հովսեփի համար խոր սգով համակված թախծագին ողբերից և հառաչանքներից: Որովհետև հիշյալը աստվածապաշտ և առաքինի լինելով հանդերձ, միշտ միօրինակ ուրախություն և անձնական երջանկության օրեր չունեցավ, ինչպես որ Իսահակն ու Աբրահամը ևս, թեև առաքինի և բարեկրոն մարդիկ էին, սակայն այս երկրի վրա շատ տառապանքներ կրեցին: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․