24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Ինչպե՞ս կատարվեց Հովսեփի երազը:

Վերը գրվածի համաձայն, երբ առատության տարիները անցան, սովի տարիները հաջորդեցին, բոլոր կողմերից մարդիկ Եգիպտոս էին գնում՝ Հովսեփից ցորեն գնելու համար: Քանանի երկրում նույնպես սով էր և Հովսեփի եղբայրները, իրենց հոր կարգադրությամբ, ցորեն գնելու նպատակով Եգիպտոս են գնում: Նրանք՝ տասը եղբայրներ միասին, Հովսեփի մոտ գնալուն պես՝ Հովսեփը իսկույն ճանաչում է նրանց, սակայն նրանք չեն ճանաչում Հովսեփին, և երբ բոլոր մարդկանց նման մինչև գետին խոնարհվելով ողջույն են տալիս, Հովսեփի առաջին երազը կատարվեց: Քանի որ ինչպես երազի մեջ եղբայրների կապած խրձերը իր կապած խրձի առջև երկրպագեցին, նույնպես էլ նրանք, ցորեն գնելու առթիվ Հովսեփի առջև գալով՝ մինչև գետին խոնարհվեցին և երկրպագեցին (Ծննդ. 42:6): Այն ժամանակ Հովսեփը տեսած երազը մտաբերելով՝ ի սրտե գոհանում է Արարչից (Ծննդ. 42:9):

Սակայն, որովհետև փոքր եղբայրը՝ Բենիամինը, նրանց հետ չէր եկել, «արդյո՞ք նա էլ է որևէ վնասի հանդիպել» մտածելով, վախով կասկածում է: Եվ իբր նրանց լեզուն չի հասկանում, թարգմանչի միջոցով է խոսում և դաժան կերպարանքով ասում. «Դուք լրտեսներ եք» և ձևացնում է, թե բարկանում է: Նրանք պատասխանում են, որ իրենք Քանանի երկրից են, տասներկու եղբայր և մի հոր որդիներ, որոնցից փոքրը հոր մոտ է գտնվում և մյուս եղբայրն էլ չկա:

Հովսեփը արդեն այս պատասխանին էր սպասում, ուստի նրանց խոսքից փաստ վերցնելով՝ ասում է. «Եթե դուք լրտեսներ չեք, թող ձեր փոքր եղբայրը այստեղ գա, որպեսզի հաստատի, որ ձեր խոսքերը ճշմարիտ են, ապա թե ոչ՝ ձեզ լրտես եմ համարում», և այս ասելով բանտարկել է տալիս:

Խրատ վերցրու. քանի որ նրանք խոստովանեցին, որ տասներկու եղբայր են, որոնցից տասը ներկա են, մեկը հոր մոտ է, իսկ մյուսի համար հայտնում են, որ կորած է (Ծննդ. 42:13): Հովսեփը ինչո՞ւ չի հարցնում, թե ձեր մեջ չեղող եղբայրը ի՞նչ եղավ, ի՞նչ պատճառով և ե՞րբ կորավ, ի՞նչ է նրա անունը: Հիրավի, հարցնելու ամենակարևոր կետը այս էր, սակայն նրանց հանցանքը երեսներին չտալու և իր անձի համար դատախազ չերևալու համար, այդ կետը լռության մատնելով, գոհություն է մատուցում Աստծուն, որ այդ «կորած է» ասվածը, ոչ միայն այնտեղ ներկա էր, այլ մանավանդ նրանք իր ձեռքն էին հանձնված:

Սակայն մի՛ կարծիր, որ վրեժխնդիր լինելու համար բանտարկել տվեց, այլ իր հոր և Բենիամինի մասին տեղեկություն ստանալու դիտավորությամբ, մանավանդ փորձելու և հասկանալու համար, թե արդյո՞ք իրեն հասցրած չարիքի և անիրավության համար զղջացել են: Չնայած Հովսեփը երեք տարի բանտում մնաց, սակայն ինքը նրանց երեք օր բանտարկեց, նրանք իրեն ցանկացան սպանել, սակայն նա միայն վախեցնում է նրանց: Երրորդ օրը իր մոտ կանչելով՝ հայտնում է, թե. «Ձեզնից մեկը այստեղ բանտարկված պիտի մնա, իսկ մյուսներդ ցորենը կտանեք և ձեր փոքր եղբորն էլ ձեզ հետ կբերեք, որպեսզի ձեր լրտես չլինելը ստուգվի և դուք մահվանից ազատվեք»:

Երբ նրանք այս խոսքը լսեցին՝ շվարեցին, թե ինչ անեն, և այս փորձանքին այլ պատճառ չեն կարողանում գտնել, եթե ոչ՝ Հովսեփի հանդեպ իրենց գործած անիրավությունը: Ուստի խորհում են, որ իրենց դեմ դատախազ կանգնողը մի արդար նախարար է, որ ոչ ոքի անիրավություն չի արել, մանավանդ, եթե անիրավ լիներ՝ պաշար չէր տա: Արդ, մարդու միտքը իր մեջ անսուտ վկա լինելով, խոստովանում  են, որ Հովսեփի արյունն է, որ արդարացիորեն պահանջվում է իրենցից (Ծննդ. 42:21):

Այստեղ պետք է խրատ վերցնել, որ երբ մարդը իր հանցանքների համար զղջալով չի քավում դրանք, սիրտը ի՞նչ աստիճանի կասկածանքների և խղճահարության է մատնվում, քանի որ ինչպես նրա մարմնի մեջ մի փուշ մտնի, խիստ անհանգիստ է լինում, նույնպես մեղքի փուշը մարդու միտքը միշտ անհանգստության է դատապարտում: Արդարև Հովսեփի եղբայրները որպես լրտեսներ բանտարկվեցին, սակայն սրա մեջ հանցավոր չլինելով հանդերձ, Աստծուն աղաչելու կամ իրենց լրտես չլինելը ապացուցելու փոխարեն խոստովանում են, որ հանցավոր են:

Լավ նկատիր. «ի՞նչ է ձեր հանցանքը» և «ինչի՞ համար բանտարկվեցիք» հարցնող չկա նրանց, ուրեմն ի՜նչ զարմանալի բան է, որ այլ պատճառ չեն կարողանում գտնել, եթե ոչ այն, ինչ արել էին Հովսեփի հանդեպ: Նրա արյան մասին չէին խորհել, երբ ցանկանում էին նրան սպանել, բանտ մտնելուց ի վեր սկսում են լրջորեն մտածել այդ մասին: Մի՛ զարմացիր, պատիժը բացեց այն աչքերը, որ մեղքը կուրացրել էր, միայն ժամանակ անցնելով պատիժը չի քավվում, մանավանդ առանց մտքից հանելու, մարդը իր կատարած չարության փոխարեն անպատճառ պետք է հատուցում կրի:

Ահա այս պատճառով, նրանց միտքը, որպես դահիճ, մահվան երկյուղ է տալիս նրանց՝ Հովսեփին սպանել ցանկանալու համար: Նրան հորի մեջ գցելու համար բանտ են ընկնում, վաճառելու համար՝ որպես լրտեսներ ամբաստանվում: Բացի այդ ուշադրության է արժանի, թե ինչպես նրանք, ովքեր չարության շուրջ միավորվում են, ապա զղջալով, ոչ միայն տարաձայնություն և հակառակություն է առաջ գալիս իրենց մեջ, այլ նաև սկսում են միմյանց հանցանքը մերկացնել:

Քանի որ Ռուբենը, որը ցանկանում էր ազատել Հովսեփին, սակայն եղբայրներին հակառակ չլինելու համար առաջարկել էր ջրհորը նետել՝ հետո հանելու նպատակով, և նրանք էլ իրենից գաղտնի հանել, ծախել էին: Ռուբենն այս պարագայում իրավունք ունենալով, սկսում է հանդիմանել եղբայրներին՝ ասելով. «Ես ձեզ չասացի՞ երեխային մի՛ դիպչեք, դուք ինձ չլսեցիք, ահա նրա արյունն է, որ խնդրվում է» (Ծննդ. 42:22):

Նրանք՝ տասը եղբայրներ, եբրայերեն այսպես վիճաբանելով, թեպետ իրենց արածի համար զղջում էին, բայց իրենց աչքերից արտասուք չէր հոսում և չէին լացում, մինչդեռ Հովսեփը, որն իբր նրանց լեզվին անտեղյակ, թարգանչի միջոցով էր խոսում, իր մասին նրանց խոսակցությունը լսելով՝ աչքերը արտասուքով են լցվում և մեկուսանալով՝ սկսում է այնտեղ արտասվել (Ծննդ. 42:24):

Հետո Շմավոնին եղբայրների աչքի առջև թշնամաբար կապկպել տալով բանտարկում է. (համարվում է, որ Հովսեփին հորը գցելու ժամանակ Շմավոնն էր կապկպել նրան), իսկ իր մարդկանց հրաման է տալիս, որ ոչ միայն նրանց տոպրակները ցորենով լցնեն, այլև բերած գումարներն էլ տոպրակների մեջ դնեն և ճանապարհի համար նույնպես կերակուր տալով անմիջապես ճանապարհ դնեն՝ իրենց փոքր եղբորը՝ Բենիամինին բերելու համար:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․