24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Հովսեփը ինչո՞ւ իր եղբայրներին պատվիրեց, որ ճանապարհին միմյանց հետ չվիճեն:

Որպեսզի իրեն հասցրած չարիքը միմյանց վրա գցելով՝ նրանց մեջ դժգոհություն չծագի, քանի որ կրակը նախ ինքն է վառվում, հետո՝ ուրիշներին այրում, նույնպես ուրիշներին վնասողը նախ ինքն է վնասվում, միայն թե իր վնասվելը նախապես չի զգում, հետո է զգում:

Այսպես Հովսեփի եղբայրները իրենց չարության հետևանքը նախապես չգիտակցելով, երբ Հովսեփը իրեն հայտնեց նրանց, այն ժամանակ հասկանալով՝ խելքի եկան, սակայն ինչպես որ եղած, կատարված գործը ետ չի դառնա, նույնպես էլ չարության վերաբերյալ մեր զղջումը անհնար է, որ բոլորովին մտքից ելնի:

Արդարև Հովսեփը ներեց նրանց հանցանքը, բայց նրանք իրենց կողմից զղջման զգացումը անպատճառ միշտ կրում են իրենց մեջ: Ահա այս պատճառով պատվիրում է, որ ճանապարհին միմյանց մեղադրելով չպառակտվեն, այլ Աստծուց շնորհակալ և գոհ լինեն, քանի որ Աստված նրանց չարության գործը բարության փոխարկեց: Արդարև այս գործում Աստծո գաղտնի մտադրությունը հայտնապես երևում է, քանի որ տասնմեկ մարդ այսպիսի մեծ անիրավության գործում քսաներեք տարի իրենց մեջ գաղտնի պահելով չհայտնելը մի զարմանալի բան է: Քանի որ այդքան ժամանակ այդպիսի չար գործի գաղտնի մնալը անպատճառ նրանց միաբանության կարիքն ուներ, սակայն չարագործների մեջ միաբանություն չի լինում, քանի որ միաբանությունը լավ է, իսկ չարագործությունը՝ վատ, և բարության ու չարության միջև համաձայնությունը անհնար է: Ուրեմն հայտնի է, որ այդ գործում Աստծո կամքը առկա է: Սակայն մի՛ կարծիր, որ նրանք Աստծո կամքը կատարելու համար վաճառեցին Հովսեփին, այլ թշնամության համար, այդ պատճառով շատ մեծ մեղքի տեր դարձան:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․