Գրքեր
Հարց 23 - Ինչո՞ւ Աստված չկամեցավ, որ Սրբուհի Աստվածածինն առանց ամուսնանալու մնա կա՛մ Տաճարի մեջ, կա՛մ իր տանը, այլ Հովսեփի հետ ամուսնացած լինի:

Պատասխան – Նախ ամուսնություն ասածդ պետք է ճշտես: Սակայն այստեղ պատշաճ չէ: Արդ՝ դիտարկենք Սուրբ Կույսի՝ Հովսեփի հետ ամուսնության պատճառները նախ՝ Սուրբ Կույսի տեսանկյունից, երկրորդ՝ Քրիստոսի, և երրորդ՝ մեր:

Սուրբ Կույսի տեսանկյունից նայելով՝ կարող ենք ասել, որ գոյություն ունի երեք պատճառ: Նախ, որ Հին Օրենքի մեջ ամեն մի աղջիկ պետք է ամուսնանար, եթե ոչ՝ անիծված էր համարվում: Եվ որովհետև Սուրբ Կույսին վայել չէր անիծված համարվել, այդ իսկ պատճառով պետք է ամուսնանար, և պահպանելով իր դալար կուսությունը՝ պտղաբերեր: Ուստի միայն նրան ասվեց, և նա եղավ «օրհնյալը կանանց մեջ»: Երկրորդ՝ որպեսզի իրեն արտաքին խնամատար ու պահապան ունենա: Երրորդ՝ չլինի, թե իր Միածին Որդին, ծնվելուց հետո, մնա առանց հայր և քարկոծվի Հին Օրենքի վճռով:

Քրիստոսի տեսանկյունից դիտարկելով՝ երեք պատճառ կարող ենք նկատել: Նախ՝ որպեսզի չկարծեն, թե Քրիստոսի ծնունդն ապօրինի է, որի համար մեկնիչն այսպես է ասում. «Ամուսնացյալ Կույսից ծնվելով հավետ՝ կամեցավ կարծիք ստեղծել, թե ծնվեց կնոջից՝ առանց կուսության, այլ ոչ թե ամուսնացածից ծնվելով՝ պոռնկության կարծիք ստեղծել»: Երկրորդ՝ սովորական կարգով հայտնի է դառնում, թե ո՞ր ցեղից պիտի ծնվի, և պետք էր մեկը, որ հայր համարվեր, քանզի հոր ցեղը ա՛զգն էր ցույց տալիս, և ոչ թե միայն մոր ցեղը: Երրորդ՝ բացի մորից, արտաքին մի սնուցիչ և պաշտպան ունենա, որի մասին սուրբ Իգնատիոսն ասում է. «Աստծո իմաստությունը կարգավորեց, որ ամուսնանա Սուրբ Կույսը, որպեսզի Հիսուսի ծնունդը թաքցվի սատանայից»: Մնացած պատճառները տե՛ս «Պատկեր տոնից» գրքում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․