24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Հովսեփը քանի՞ տարի իշխեց:

Ութսուն տարի: Քանի որ երեսուն տարեկան էր, երբ իշխանության անցավ և հարյուր տասը տարեկան հասակում մահացավ: Նայի՛ր, կատարյալ հավատով Աստծուն հուսացողը ինչպես է փառավորվում: Հովսեփը բազում առումներով Քրիստոսի օրինակը լինելուց բացի, մարդկանց համար նաև սքանչելի առաքինության կերպար եղավ:

Քանի որ իր մանկության տարիներին հորն ու եղբայրներին կատարելապես հնազանդ էր, երիտասարդական անմիտ ընթացքից հեռու, անգամ սիրում էր իրեն նախանձողներին, և երբ հորը նետվեց, կամ որպես գերի վաճառվեց, Աստծուն հուսալով խոնարհաբար համբերում է: Իր տիրոջ հանդեպ անհավատարիմ չի լինում, չմեղանչելու համար իր կրքերին հաղթելով՝ մահ պատճառելու չափ անգութ զրպարտության է հանդիպում, և սակայն իր գաղտնիքն ու ցավը ոչ մեկին չհայտնելով, լուռ ու մունջ տառապում է: Բոլորովին իզուր և անիրավացիորեն բանտարկվելով՝ Աստծուց հույսը չի կտրում:

Իսկ երբ իշխանության է հասնում՝ երբեք չի հպարտանում, իրեն չարիք անողներին բարիք է անում, թագավորին հավատարմությամբ ծառայելով՝ երբեք ուրիշներին զրկանք չի հասցնում, մինչդեռ իշխանավորները, իրենց ագահության պատճառով և կամ հանցավորին պաշտպան կանգնելու նպատակով, շատ անգամ անմեղին թշնամի դառնալով՝ արդարությանը հակառակ են գործում: Քանի որ ինչպես գանձ դիզելու հետամուտ մարդկանց միտքը չի կարող ուղիղը հստակորեն տեսնել (Ելից 23:8), նույնպես և մարդը իր սիրելիի հանցանքը և ատելիի առաքինությունը չի կարող ճանաչել (առածի համաձայն, թե ատելությունն ու սերը կույր են), և հետևաբար արդարությանը հակառակ վճիռ է արձակում:

Սակայն Հովսեփը Աստծո շնորհիվ այսպիսի անարժան վարմունքից ամբողջությամբ հեռու և ազատ լինելով, բոլորին այն աստիճան ըստ արժանվույն էր կառավարում, որ թե՛ աղքատը, թե՛ հարուստը գոհ էին մնում նրանից: Այնպիսի փառավոր պաշտոնում մարմնի ցանկություններից երբեք չխաբվելով կամ չհաղթվելով՝ անձնատուր չի եղել հեշտալից զվարճություններին: Այնպիսի հայրենասիրության և ազգասիրության եռանդ ուներ, որ մահանալուց հետո էլ չցանկացավ բաժանվել իր ցեղից: Քանի որ հավատում էր, որ Աստծո խոստման համաձայն Իսրայելի ազգը պիտի դուրս գար Եգիպտոսից, ուստի մահանալիս իր եղբայրներին և ցեղակիցներին երդվել է տալիս, որ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ իր ոսկորներն էլ տանեն և Քանանի երկրում թաղեն (Եբր. 11:22):

Նկատի՛ր, որ ինչպես Հովսեփի Եգիպտոս գնալու պատճառը եղբայրները եղան, նույնպես նրանց որդիները պարտական եղան նրա ոսկորները Եգիպտոսից հանելով Քանանի երկիրը տանել և թաղել:

Դարձյալ, ինչպես որ Հովսեփը մենակ Եգիպտոս գնալով, որքան էլ, որ այնտեղ բազում նեղություններ և տառապանք կրեց, սակայն վերջում մեծամեծ պատիվների և փառքի արժանացավ, նույնպես Իսրայելի ժողովուրդը շատ սակավաթիվ Եգիպտոս գնալով այնտեղ բազմացավ և թեպետ փարավոնի ձեռքից շատ չարչարանքներ կրեց, սակայն հետո մեծ փառքով դուրս եկավ Եգիպտոսից:

Խրատ վերցրո՛ւ, Հովսեփը ոչ միայն օտարներից, այլ նաև իր եղբայրներից մահաբեր վտանգ և վնաս կրելով հանդերձ՝ Աստծուց գոհ էր և համբերում էր. եթե դու ևս թե՛ օտարներից և թե՛ բարեկամներից, ընկերներից վնասի ենթարկվես՝ առանց գանգատվելու Աստծուն աղոթիր, որ ների նրանց հանցանքները (Ղուկ. 6:28): Քանի որ նրանք քեզ թշնամաբար վնաս հասցնելու ժամանակ քեզ մեծ բարեկամություն և բարերարություն են արած լինում, քանի որ նրանց համար աղոթելով՝ քո վարձը բազմանում է:

Մի՛ ասա, թե ինչպե՞ս համբերեմ, երբ առանց պատճառի վնասում են ինձ. այստեղ լավ խորհրդածիր, եթե հանցանքի համար պատժվես, որևէ մեկին մեղադրելու և արդարանալու պատրվակ արդեն իսկ չունենալով՝ ստիպված ես համբերել, սակայն երբ առանց հանցանքի պատժվելով, գոհությամբ և սիրով համբերես՝ Աստծո կողմից վարձերի և ողորմության կարժանանաս (Ա Պետ. 2:20): Նույնպես մի՛ ասա, թե մինչև ե՞րբ համբերեմ, քանի որ դրա վերաբերյալ ժամանակը որոշված չլինելով, մարդը պարտավոր է ամենայն հոժարությամբ և բարեմտորեն մինչև մահ համբերել (Մատթ. 24:13):

Դարձյալ, մի՛ գանգատվիր, թե քեզ հանդիպած դժվարությունը և տագնապը համբերելուդ կարողությունից վեր է, որովհետև Աստված գթած է և միանգամայն արդար լինելով՝ մարդու կարողությունից վեր վիշտ և նեղություն չի տալիս: Մանավանդ Նրա ողորմությունը շատ մեծ և անչափ լինելով՝ (Սաղմ. 35:6) մեղավորին ավելի մեղմ է պատժում, քան արժանի է (աստվածաբանների խոսքի համաձայն, թե Պատժե մեղավորս՝ այսր քան զարժանն, պսակե զարդարս՝ անդր քան զարժանն), իսկ առաքինի մարդուն ավելի է փառավորում, քան արժանի է: Այս պատճառով, երբ մի վշտակիր մարդ անհամբերությամբ գանգատվում է՝ Աստծո գթության և արդարության դեմ մեղանչած է լինում: Դարձյալ, մի՛ ասա, թե վնասողները բարեկամ և ընկերներ էին, այս բանը նրանք պետք է մտածէին: Քանի որ ամեն մարդ բնականաբար պարտավոր է իր ազգականին և ընկերոջը բարիք գործել, նրանք բարիք չանելուց բացի թշնամություն և չարիք անելով՝ իհարկե շատ ավելի մեծ պատժի են արժանի (Ա Տիմ. 5:8):

Արդարև, բարեկամների և ընկերների կողմից վիշտ կրելը շատ ծանր է (Սղմ. 10), սակայն երբ մարդը համբերում է՝ վարձն էլ ըստ այդմ շատ է: Այս աշխարհում մարդը ինչպես որ բարեկամի կարիքը ունի, որպեսզի նեղ օրերում մխիթարություն գտնի, նույնպես էլ թշնամու կարիքը ունի, որպեսզի իր բախտավոր օրերին զգույշ մնա և չսխալվի (առածի համաձայն, թե բարեկամների և մեծամեծ թշնամիների կարիք ունենք): Քանզի բոլորը բարեկամ եղած ժամանակ այլևս ոչ ոքից զգուշանալու պատճառ չունենալով, մարդը խիստ համարձակություն ստացած՝ չափից ավելի անկարգ գործերի մասին է մտածում:

Ահա այս տեսությամբ մարդն իր թշնամիներից պարտավոր է գոհ լինել, քանի որ նրանք նրան անարաժան գործերից հեռու մնալուն են ծառայում: Առաքինի մարդը նմանվում է Աստծո պարտեզին, իսկ թշնամին՝ փշոտ թփերին: Ինչպես որ պարտեզի շուրջը այդպիսի թփերով ցանկապատ են սարքում, որպեսզի կենդանիները ներս մտնելով պարտեզը չավիրեն և չապականեն, այդպես էլ Աստված իր սիրելիներին թշնամիներով է շրջապատում, որպեսզի անվայելուչ ընթացքի հետևելով՝ իրենց առաքինությունը չկորցնեն: Մանավանդ, որ համբերությունը մարդու կամքին հակառակ գործվող գործերում է հայտնի դառնում, արդ, եթե ամեն մարդ կամքիդ համաձայն շարժվեր՝ անկարող կլինեինք համբերությամբ վարձ ստանալու առիթ, նյութ և միջոց գտնել: Բացի այդ, համբերությամբ թշնամուն հաղթելուց բացի, նրա ուղղվելու և դարձի պատճառ կդառնաս: Քանի որ թշնամիդ ինչքան էլ զորավոր և հաղթող լինի, երկարատև համբերությունդ տեսնելով՝ խղճահարությամբ կթողնի իր թշնամությունը: Համբերությամբ թշնամուն հաղթելու նման մեծ և ազնիվ հաղթություն չկա, որի մրցանակը նույն համեմատությամբ էլ մեծ է լինում:

Ինչպես որ Հովսեփը Եգիպտոս գերի գնալով, թեև այնտեղ միառժամանակ նեղություն կրեց, բայց առանց հուսահատվելու, համբերությամբ իր թշնամիներին հաղթելուց բացի՝ փառավորվեց թե՛ այս աշխարհում և թե՛ արքայության մեջ, նույնպես մարդիկ, որպես գերի այս տառապանքի աշխարհը գալով, թեպետ միառժամանակ նեղություն են կրում, սակայն երբ համբերությամբ իրենց հույսը միշտ Աստծո վրա են դնում՝ անպատճառ երկու աշխարհների մեջ էլ պիտի փառավորվեն: Քանի որ ինչպես Եգիպտոսը Հովսեփի համար փորձության վայր եղավ, նույնպես այս աշխարհը, ըստ Սուրբ Գրքի, բոլոր մարդկանց համար փորձության վայր է համարվել (Հոբ 7:1):

Այս մասին լավ մտածիր. մարդը ոչ միայն դժբախտության, այլև բախտավոր վիճակում նույնպես կարող է փորձվել: Ուստի, ինչպես որ նեղության ժամանակ պարտավոր է Աստծուն հուսալ, նույնպես բախտավոր եղած ժամանակ, առանց Աստծո երկյուղը մտքից ու սրտից հանելու, պարտավոր է խոնարհությամբ միշտ կատարել Աստծո պատվիրանները: Քանզի շատերը իրենց բախտավոր ժամանակահատվածում հպարտանալով՝ կորստյան անդունդը գլորվեցին: Մի՛ կարծիր, որ Աստված առիթ է տալիս մարդուն, որ պատժի, ո՛չ, այլ չարագործին պատժում է, որ ուղղվի:

Արդարև պատիժը մարդու կամքին հակառակ լինելով, անխելահաս մարդը այն չար է համարում, սակայն այսպիսի պատիժը այս աշխարհում է տեղի ունենում, որ ամեն առումով մարդու համար օգտակար և բարի է:

Այս առումով մեծ ուշադրություն է պետք, քանի որ չարը երկու տեսակի է՝ մեկը մեղքի չարիքն է, որի պատճառը Աստված չէ (Հակոբ. 1:13), իսկ մյուսը՝ պատիժի չարը, որի պատճառը Աստված է (Ամովս 3:6): Սակայն Աստված ոչ թե մարդուն չարիք անելու համար է պատճառ լինում, այլ արդար լինելով՝ մեղավորին է պատժում, որպեսզի ուղղվելով՝ հավիտենական պատժից ազատվի: Իրոք, այսպիսի պատիժը մեծ ողորմություն է, և նա, ով այս ողորմությունը ճանաչելով իր չար ընթացքից հետ չի կանգնում՝ Աստված նրան հանդերձյալ աշխարհում անպատճառ հավիտենական տանջանքով կպատժի, որպեսզի օրենքի համաձայն արդարությունը ի գործ դրվի:

Արդ, եթե ցանկանում ես պատժից ազատվել, չարիք մի՛ գործիր, և քեզ չարիք հասցնողներին կամավորապես համբերելով նրանց համար աղոթիր, որպեսզի Աստված նրանց մեղքը ների, որպեսզի քո մեղքերին էլ ներում ստանալով՝ ոզորմության արժանանաս (Մատթ. 6:14): Դարձյալ, եթե հանգիստ մնալ ես կամենում, այնպես համարիր, որ այս աշխարհի վրա դու միայնակ ես, և մեկ էլ Աստված կա: Դու ինչ ուրիշներին ես անում, համարիր, թե Աստծուն ես անում (Մատթ. 22:40), նույնպես ինչ  ուրիշները կանեն քեզ, համարիր, որ Աստված է անում:

Այս կերպով հասկանալու ես, որ քեզնից բացի երկրի վրա եղող բոլոր մարդիկ Աստծո կողմից փոխանորդ և քեզ վրա հսկող պաշտոնյաներ են կարգված, որոնցից մի քանիսը բարեկամաբար քեզ բարիք են անում, որպեսզի մխիթարվես և չհուսահատվես, իսկ ուրշներն էլ թշնամական ձևերով քեզ չարիք են հասցնում, որպեսզի չափդ իմանալով՝ ուղղության և բարեկրթության ճանապարհով քայլես: Այդ պատճառով, երբ մեկից երախտիք տեսնես՝ նախ շնորհակալ եղիր Աստծուց և ապա քեզ երախտիք անողին:

Նույնպես, երբ մի մարդուց չարիք ես տեսնում, բնավ մի՛ զայրացիր, և մի՛ համարիր, թե մարդն է անողը, այլ հիշի՛ր, որ այդ մարդուն գործել տվող կա, քանի որ Աստված Իր բարձրագույն կամքը արարածների միջոցով է գործադրում: Սակայն լոկ թշնամական դիտավորությամբ մյուսներին չարիք հասցնողը թող չմտածի, թե Աստծո հրամանն է գործի դնում, այլ միայն իր թշնամությունը, ուստի նա պատժի է արժանանում:

Որովհետև, եթե չարիքի պատճառ եղող անձը իմանար, որ իր հակառակորդի ուղղության համար հատկացված մի պաշտոնյա է, չարությունից հետ կանգնելով՝ կթողներ թշնամությունը, որպեսզի միգուցե մի օր մեկ ուրիշն էլ իր ուղղության համար հատկացվեր: Բայց եթե վնասված անձը, պատահած չարիքը Աստծուց համարելով, առանց գանգատվելու համբերի՝ թշնամու չարամտորեն արածը բարիքի կփոխի: Հիրավի, մարդկային բնությունը տկար լինելու պատճառով նեղությանը դժվարությամբ տոկալու համար «փրկիր մեզ չարից» աղոթքով Աստծուն դիմելը պարտականություն է (Մտթ. 6:13), սակայն չարիք պատահած պահին առանց քրթմնջալու համբերելը նույնպես հարկավոր է (Հակոբ. 1:2):

Քանի որ, եթե պատահած չարիքը հանցանքի պատճառով է առաջ եկել՝ թողություն կգտնես, կամ եթե հանցանք չունենալով Աստծո մի գաղտնի դատաստանի պատճառով է, երբ անտրտունջ համբերում ես՝ արքայության մեջ վարձդ կավելանա (Հակոբ. 1:12): Այս եղանակով հայտնի է դառնում, որ մարդն ինչպիսի ցավի էլ, որ ենթարկվի՝ իր համար բարի է: Նմանապես, ցավերի մեջ անհամբերությամբ տրտնջողը ոչ մի օգուտ չքաղելուց բացի, իր ցավերն է՛լ ավելի է բազմացնում:

Քանզի պատահած որևէ ցավ և վիշտ որքան էլ թեթև լինի, տրտնջալու ժամանակ այն աստիճան ծանր է թվում, որ մարդուն հուսահատության է մղում, և ընդհակառակը՝ պատահած որևէ դժբախտություն, որքան էլ ծանր լինի, մարդը հոժարությամբ համբերելով արիասիրտ և շնորհակալ լինի՝ անպատճառ թեթևանում է:

Ինչպես որ կրոնի և հավատի սիրո համար արյուն թափող նահատակների կրած տանջանքները անտանելի և անբնական էին, բայց նրանք կատարյալ հավատով իրենց միտքն ու սիրտը և սերը Աստծո վրա կենտրոնացուած լինելով, Աստծո ողորմությամբ և օգնությամբ մարդկային տկար բնությունը այն աստիճան մեծ զորություն ստացավ, որ սրին և հրին դիմանալով՝ զանազան չարչարանքներով մահանալ ցանկացան (Երգ. 8:6): Արդարև, օրինակ՝ դժվարին գործը սիրով կատարողի համար հեշտանում է, այդպես էլ  հեշտ գործը սիրով և հոժարությամբ չկատարողի համար խիստ ծանր է թվում:

Եթե մարդիկ, որքան մարմնականի մեջ են ջանում իրար գերազանցել, նույնպիսի եռանդ ցուցաբերեին նաև հոգևորի մեջ՝ դժոխքում սատանայից բացի ոչ ոք չպիտի լիներ: Սակայն, դժբախտաբար, շատերը առաքինությունը ուրիշներին թողնելով՝ հետամուտ են լինում չարագործների օրինակին հետևելու, և սատանայի դժոխային ընկերակցությունը ավելի են նախընտրում, քան արդարների հետ երկնային հարևանությունը: Հիրավի, եթե նրանք առաքինի մարդկանց օրինակին հետևելով Աստծո պատվիրաններին համապատասխան ապրեին, արքայության մեջ հրեշտակներին ընկերակից պիտի լինեին:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․