24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Մովսեսին տրված վերոհիշյալ երեք հրաշքների կարողությունը ի՞նչ է նշանակում:

Գավազանի օձ դառնալը փարավոնի անգթությունն է ցույց տալիս, և որ Մովսեսի ձեռքով պիտի պատժվեր: Քանի որ ինչպես հովիվը գավազանով է արածեցնում իր ոչխարներին, նույնպես էլ իշխանը արդարության օրենքներով է կառավարում մարդկանց: Եթե իշխանը արդարությամբ չի կառավարում իր հպատակներին, նրա գավազանը օձի պես է դառնում, ինչպես որ Մովսեսի գավազանը օձ դարձավ, որպեսզի անօրեն փարավոնին թունավորելով՝ կորստյան մատնի, որին կատարելապես արժանի էր:

Աստծո պատվիրանը գավազանի նման է, որին դեմ գործելը գավազանը ձեռքից գցելու պես է, և երբ պատվիրանը գետին է ընկնում՝ օձ դառնալով թունավորում է մարդուն, քանի որ ինչպես պատվիրանին հակառակ չգործողը չի պատժվում, այնպես էլ պատվիրանին հակառակ գործողը հարկավ պատժվում է: Ուրեմն, եթե չես ցանկանում պատժվել, պատվիրանի գավազանը ձեռքիցդ բնավ մի՛ գցիր:

Նմանապես, Մովսեսի ձեռքերի բորոտվելը Իսրայելի ժողովրդի վիճակն է հայտնում: Քանի որ նրանք Եգիպտոս գնացած ժամանակ, այն ժամանակի փարավոնը, ի պատիվ Հովսեփի, նրանց անվնաս և անվտանգ պահպանում էր՝ կարծես իր ծոցում, բայց հետո եկող թագավորները նրանց հարստահարելով և չարչարելով վիրավորեցին, նույնպես էլ իսրայելացի ժողովուրդը, եգիպտացիների վատ սովորություններին հակվելով, կարծես թե բորոտվեցին: Մովսեսի ձեռքը բորոտությունից հետո վերստին առողջանալը նշանակում է, որ իսրայելացիները որքան էլ, որ Եգիպտոսում բարոյապես վիրավորվեցին, սակայն այնտեղից դուրս գալով՝ նորից իրենց նախնական վիճակը պիտի ստանային: Դարձյալ, գետի ջրի արյուն դառնալը իսրայելացիների մանուկներին գետը նետելն էր հայտնում, որտեղ իրենց մահն էին գտնում:

Այժմ դու մտապահի՛ր. որքան փարավոնը, արդարությանը հակառակ գործելով, պատժի արժանի եղավ, սակայն Աստված, իր գթությամբ, նախ Մովսեսին նրա մոտ է ուղարկում, որպեսզի զղջա և եթե չզղջա՝ ըստ այդմ պատիժ կրի: Քանի որ Աստված մարդուն չի պատժում, բայց միայն իր հանցանքի համար, սակայն նախ զղջման է հրավիրում, որպեսզի Իր գթությունը հայտնի դառնա: Եվ եթե մարդը, Աստծո գթությունը առհամարհելով, իր չար ճանապարհից չի հրաժարվում, այն ժամանակ պատժում է, որ Իր արդարությունը հայտնի դառնա:

Խրա՛տ առ. փարավոնը՝ մի մեծաշուք թագավոր լինելով հանդերձ, նրան պատժելու համար մի հովիվ է ուղարկվում, և այն էլ ոչ թե զորքով և զրահով, այլ բոլորովին միայնակ և միայն մի ցուպ կամ գավազան իր ձեռքում: Արդ, մարդը թող չհպարտանա աշխարհի զորությամբ, քանի որ, երբ Աստված իր հայացքը հեռացնի, թագավոր էլ լինի՝ մի տկար հովվից կհաղթվի:

Ապա (ինչպես որ արդեն հիշեցինք), Աստծո հրամանի համաձայն, Մովսեսն իր կնոջն ու երեխաներին վերցնում է և Եգիպտոս գնալու համար ճանապարհ ընկնում, սակայն փոքր որդին՝ Եղիազարը, համարվում է, որ այն օրերին ծնված լինելու պատճառով ճանապարհին չնեղվելու մտայնությամբ դեռևս թլփատված չէր: Երբ առաջին իջևանին են հասնում, հրեշտակը երևալով ցանկանում է սպանել Մովսեսին: Մովսեսի կինը, պատճառը գուշակելով, իսկույն գայլախազով թլփատում է մանկանը, և հրեշտակի ոտքերին փարվելով՝ հայտնում է, որ ահա՛ մանկան արյունը դադարեց: Որից հետո հրեշտակը մեկնում է այդտեղից. այս խոսքով կինն իբրև ցանկանում էր ասել, թե՝ ահա՛ Աստծո հրամանը կատարվեց, մի՛ սպանիր Մովսեսին, որը պատժի արժանի ուրիշ հանցանք չունի:

Խրա՛տ առ, Մովսեսը Աստծո հրամանը կատարելու համար Եգիպտոս է գնում, սակայն դրանից առաջ եղող հրամանը գործադրած չլինելու պատճառով, քիչ մնաց, որ պատժվի. ուրեմն մարդը պարտավոր է կատարել Աստծո բոլոր հրամանները. եթե բոլոր պատվիրանները կատարի և միայն մեկի մեջ թերանա՝ բոլորին պարտապան կմնա (Հակոբ. 2:10): Քանի որ պատվիրանը Աստծո հրամանը լինելով, դրանցից որն էլ անկատար մնա՝ հրամանին հակառակ է գործած լինում, որով էլ մարդը պատժի է արժանանում:

Մովսեսը տեսնում է, որ կինն ու երեխաները իրեն արգելք են լինում և նեղություն պատճառում, այս պատճառով նրանց աներոջ մոտ ուղարկելով՝ ինքը միայնակ և առանձին է գնում: Եվ երբ հասնում է Քորեբ լեռանը, Ահարոնը դիմավորում է նրան և միմյանց տեսնելով ուրախանում են: Մովսեսը պատմում է Ահարոնին Աստծո բոլոր հրամանները:

Այսպես երկուսը միասին Եգիպտոս են գնում, և Ահարոնը ժողովրդի ծերերին հայտնում է այն, ինչ անհարժեշտ է: Մովսեսն էլ նրանց առջև հրաշք է գործում և նրանք հավատալով՝ ուրախանում են Աստծո այցելության համար: Ապա Մովսեսը և Ահարոնը գնում են փարավոնի մոտ և խնդրում, որ Աստծուն զոհ մատուցելու համար Իսրայելին թույլ տա երեք օրվա ճանապարհ անցնել դեպի անապատ: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․