24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Փարավոնը Մովսեսին ի՞նչ պատասխանեց:

Փարավոնը՝ հպարտ և համառ. «ո՛չ Աստծուն եմ ճանաչում և ո՛չ էլ Իսրայելին եմ թողնում» ասելով, վճռական պատասխան է տալիս: Հիրավի, Մովսեսը՝ որպես Աստծո կողմից պատգամավոր և Ահարոնը՝ որպես նրա թարգման, փարավոնի համար մեծ պատիվ և փառք էր նրա մոտ գնալը և խնդրելը, որ իր կամքով Իսրայելին թույլ տա Եգիպտոսից դուրս գալ, սակայն բացի այն, որ հիշյալը այս պատիվը չի հասկանում և Իսրայելին բաց չի թողնում, «Նա Ո՞վ է, որ ես Նրա խոսքը լսելով Իսրայելին թողնեմ» ասելով՝ Աստծո ամենակարողության դեմ է խոսում: Բացի այդ, դիտավորյալ սկսում է Իսրայելի ժողովրդին առավել սաստիկ նեղություններ տալ:

Քանի որ նրանց աղյուս պատրաստել էր տալիս, իսկ մինչ այդ պահը աղյուսի հարդը կառավարության կողմից էր հատկացվում, այս դեպքից հետո աղյուսի հարդ հավաքելն էլ նրանց վրա թողեց և աղյուսի թիվը նույնը թողնելով և ամբողջը պահանջելով՝ իսրայելացիների համար խիստ ծանր եղավ այս գործը, քանի որ հարդ գտնելը շատ դժվար էր: Այս գործին կարգված հրեա քարտուղարները փարավոնի մոտ են գնում և իրենց դառն ու տագնապալից վիճակի մասին հայտնում, և գանգատվում են, թե ինչու է այսպիսի բռնություն գործադրում իր ծառաների նկատմամբ և աղյուսների քանակն էլ անփոփոխ է թողնում:

Անգութ թագավորը գթալու փոխարեն հանդիմանական խոսքեր է ուղղում նրանց, թե «պարապ և առանց զբաղմունքի մնալու պատճառով «գնանք զոհ մատուցենք» եք ասում, ուրեմն գնացեք և աշխատեք, ձեզ ոչ ոք հարդ չի տա և աղյուսների քանակն էլ ամբողջությամբ լրացրեք»:

Խրա՛տ առ. ինչպես փարավոնը իսրայելացիների աշխատանքը բազմապատկեց (Ելք 5:9), երբ իմացավ որ նրանք նպատակ ունեն Եգիպտոսից դուրս գալ և Աստծուն զոհ մատուցելու համար անապատ գնալ, որպեսզի Աստծո հրահանգի շուրջ խորհելու ժամանակ չունենան և Եգիպտոսից դուրս գալու մտքից հրաժարվեն, նույնպես էլ, երբ մի մարդ իր չար ճանապարհից դառնալով, Աստծո հրամանի համեմատ սկսում է առաքինություն գործել, սատանան նրան աշխարհիկ զբաղմունքների սերն է ներշնչում, որպեսզի առաքինություն գործելու համար ժամանակ գտնելու անկարող լինելով՝ երբեք մեղքից ազատ և հեռու որևէ վիճակ չունենա:

Քանի որ Եգիպտոսից դուրս գալով երեք օրվա ճանապարհ գնալն ու անապատում պատարագ մատուցելը նշանակում է մարմնի հաճույքները թողնել, աշխարհի հոգսերից հրաժարվել և զղջմամբ, խոստովանությամբ և ապաշխարությամբ ապրել: Վերոհիշյալ քարտուղարները, որոնք փարավոնից օգնություն ստանալու փոխարեն հանդիմանություն լսեցին, փարավոնի պալատից ամբողջությամբ հուսահատված դուրս գալով հանդիպեցին Մովսեսին և Ահարոնին, և գանգատվելով ասացին. «Մեզ փարավոնի մոտ ստորացրեցիք, և մեր կորստյան և կոտորածի պատճառ պիտի հանդիսանաք»: Տ՛ես, Աստված Մովսեսին փարավոնի մոտ է ուղարկում, որպեսզի Իր հրամանը հաղորդի, սակայն նա, լսելու փոխարեն, հակառակն է գործում, և ժողովուրդն էլ առանց համբերելու՝ սկսում է գանգատվել:

Մանավանդ Մովսեսը նրանց կրած չարչարանքները տեսնելով, սիրտը անասելի կոտրված, երբ սկսում է աղաչել Աստծուն, Աստված նրան մխիթարելու համար ասում է. «Հիմա պիտի տեսնեն, թե Ես ինչ պետք է անեմ» (Ելք. 6:1): Այս խոսքով թերևս հայտնեց, որ փարավոնը պետք է սաստիկ պատժվի և Իսրայելը Աստծո ամենակարող զորությամբ պետք է շուտով ազատվի, սակայն ժողովրդին էլ վստահեցնելու համար Մովսեսին հրամայում է, որ նրանց հայտարարի, թե Աստված նրանց գերությունից փրկելով Քանանի երկիրը պետք է տանի, ինչպես որ խոստացել էր Աբրահամին, Իսահակին և Հակոբին:

Արդարև, ըստ հրամանի, Մովսեսը գնում և տեղեկացնում է ժողովրդին, սակայն նրանք անհամբեր և խիստ մեծ նեղության մեջ լինելով, այլևս չեն լսում նրա խոսքը: Աստված, երբ նորից հրամայում է Մովսեսին գնալ փարավոնի մոտ և ասել, որ Իսրայելի ժողովրդին թողնի, Մովսեսը պատասխանում է. «Իսրայելի որդիները ինձ չլսեցին, փարավոնը ինչպե՞ս լսի, քանի որ ես մի պերճախոս մարդ չեմ և տկար ձայն ունեմ»:

Ուշադրություն դարձրու, որ այստեղ Մովսեսը ինչքան խոնարհվում էր Աստծո առջև, Աստված էլ այնքան նրա փառքն էր ավելացնում, այս անգամ ևս Մովսեսը Աստծո նման փարավոնի վրա տեր և իշխան է կարգվում, որպեսզի տարբեր հրաշքներ գործելով՝ նրան պատժի: Իսկ Ահարոնը Մովսեսի մարգարեն է լինում (Ելք. 7:1): Քանի որ ինչպես մարգարեները Աստծո հրամանները մարդկանց հայտնելու պաշտոնն ունեն, նույնպես Ահարոնը Մովսեսի հրամանը փարավոնին և ժողովրդին է հայտնում: Այն ժամանակ Մովսեսը՝ ութսուն, իսկ Ահարոնը ութսուներեք տարեկան էր:

Այսուհետև ուշադիր եղիր Մովսեսի ձեռքով գործված հրաշքներին և ինքնահավան ու համառ փարավոնի կրած պատիժներին. քանի որ Մովսեսը և Ահարոնը Աստծո հրամանով երկրորդ անգամ են ներկայանում փարավոնին և պահանջում են, որ թողնի Իսրայելին: Եվ որովհետև նա այն ժամանակ ասել էր, որ Աստծուն չի ճանաչում, այս պատճառով Մովսեսը սկսում է հրաշքներ գործել, որպեսզի Աստծո կարողությունը ճանաչի: Ուստի Ահարոնը, Մովսեսի գավազանը վերցնելով, փարավոնի առջև գցելուն պես գավազանը օձ է դառնում:

Սակայն փարավոնը, այս հրաշքը կախարդության և ոչ թե Աստծո զորությանը վերագրելով, Հանես և Համրես անուններով կախարդներին կանչել է տալիս, որպեսզի նրանք նույնպես իրենց գավազանները օձ դարձնեն (Բ Տիմ. 3:8): Արդարև սատանայի հնարքով նրանց գավազանները նույնպես օձ դարձան, սակայն զարմանալին այն է, որ օձերը փարավոնի ներկայությամբ իրար հետ կռվել սկսելով, Մովսեսի (օձը) գավազանը կախարդների գավազանները կուլ տալով՝ միայն ինքը մնաց, որին Մովսեսը բռնելուն պես նորից գավազան դարձավ: Որից էլ կախարդները առանց գավազանի մնալով՝ ծաղրված և ամոթապարտ մեկնեցին: Սակայն մի՛ կարծիր, որ նրանց արածը իրական հրաշք էր, այլ՝ սատանայական հնարք:

Սակայն հրաշքը խրատ և հորդոր էր թագավորի համար, որպեսզի զղջա: Քանի որ Մովսեսը Աստծո հրամանով իսրայելացիների վրա հովիվ նշանակված լինելով, ցուպը ձեռքին հոտը որոնելու էր դուրս եկել և փարավոնը իր հոժար կամքով հոտը հովվին չհանձնելու պատճառով՝ գավազանը օձ է դառնում, որպեսզի պատուհասի անիրավին: Սակայն նա այս օրինակից խրատ չառնելով, բնականաբար խրատը պատժի փոխվեց, քանի որ խրատին ուշադրություն չդարձնողի բաժինը իրավացիորեն պատիժն է:

Արդարև, փարավոնը ամբողջությամբ դատապարտության է արժանի, սակայն Աստված, ողորմած և գթած լինելով, նորից երրորդ անգամ է Մովսեսին ուղարկում, որպեսզի Իսրայելին թողնի, և եթե չթողնի՝ իմանա, որ պիտի պատժվի: Բացի այդ, տալիք պատժի ժամանակը, անունը և ձևը նախապես հայտնում է, որպեսզի բնական պատահար չհամարի, այլ Աստծո կողմից ուղարկված հատուկ պատուհաս լինելը հասկանալով՝ դարձի և զղջման գա:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․