24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Տասներորդ հարվածից հետո փարավոնը Իսրայելին Եգիպտոսից հանելու հրաման տվե՞ց Մովսեսին:

Հրաման տվեց, սակայն ոչ թե Աստծուց վախենալով կամ ուղիղ սրտով և անկեղծ մտքով, այլ իր կամքից անկախ՝ ստիպված: Քանզի նա՝ որ Մովսեսին ասել էր. «Էլ ոչ մի անգամ մոտս չգաս, այլապես կմահանաս», այս տասներորդ հարվածից ինքն է կանչում Մովսեսին և Ահարոնին, որպեսզի ստիպի նրանց ժամ առաջ Իսրայելի ժողովրդին՝ իրենց ամբողջ ունեցվածքով, Եգիպտոսից վերցնելով տանեն, և խնդրում է, որ իր համար էլ աղոթեն Աստծուն: Նաև Եգիպտոսի ժողովուրդը ոտքի է ելնում և սաստիկ թախանձանքներով խնդրու, որ շուտ հեռանան, քանի որ Եգիպտոսում որևէ տուն չկար, որ այն գիշեր մարդ մահացած չլիներ: Այդ պատճառով այս անգամ իրենք սկսեցին աղաչել Մովսեսին, որպեսզի գնան:

Այստեղ ուշադրություն դարձրու Աստծո արդարությանը: Քանի որ երկար ժամանակ էր, որ եգիպտացիները հափշտակել էին իսրայելացիների իրավունքը՝ առանց վարձատրության և հատուցման չարաչար աշխատեցնելով որպես գերի, ուստի, Աստծո հրամանով Մովսեսն իսրայելացիներին նախապես պատվիրել էր, որ յուրաքանչյուր անձ իր դրացուց կամ ծանոթ եգիպտացուց ոսկի, արծաթ, զարդեր և զգեստներ խնդրի և ստանա, հայտնելով, որ Աստծուն զոհ մատուցելու պիտի գնան:

Արդ, այն տագնապալի ժամին ինչ խնդրեցին՝ առանց առարկության իսկույն ստացան, մանավանդ Աստված եգիպտացիների մոտ Իսրայելին փառավորեց, որպեսզի իրավունքը չոտնահարվելու համար նրանց ցանկացածն առանց խնայելու տան (Իմաստ. 10:13):

Դու Աստծո Իսրայելի ժողովրդին արված ողորմությունը տե՛ս: Նրանք՝ որ երկար ժամանակ եգիպտացիների պատճառով անտանելի վիշտ և չարչարանք էին քաշել, այժմ վերջիններս զանազան ծանր հարվածների ներքո ընկճված են, իսկ իրենք անվնաս և ուրախ՝ բազում ունեցվածքով մեկնում են:

Բացի այդ, Իսրայելի որդիները Եգիպտոս գնալիս յոթանասունհինգ հոգի էին (ինչպես արդեն հիշատակել ենք), սակայն Եգիպտոսից դուրս գալու ժամանակ, բացի ծերունիներից, մանուկներից և կանանցից, ծառաներից և աղախիններից, միայն պատերազմելու կարող մարդկանց թիվը վեց հարյուր հազար հոգի էր: Մանավանդ շատ եգիպտացիներ վերոգրյալ հրաշքները տեսնելով՝ հավատացին Աստծուն և Իսրայելի հետ միասին մեկնեցին:

Ոմանց հաշվարկներով մոտավորապես մոտ երկու միլիոնից ավելի մարդկային բազմության էր հասնում նրանց քանակը: Նաև նրանց ոչխարների, կովերի և այլ կենդանիների թիվը խիստ շատ էր: Եվ քանի որ Աստված ցանկացավ նրանց ոչ թե մոտ և ընդարձակ ճանապարհով տանել, այլ անապատով, ուստի այդքան մեծ բազմությունը կառավարելու համար Աստծո օգնության կարիքն ունենալով՝ Նրա կամքով Իսրայելին առաջնորդելու համար հրեշտակ հատկացվեց և սա էլ ոչ թե ծածուկ, այլ մի զարմանալի և հայտնի կերպով:

Քանի որ բարձր սյունի նման մի ամպ հայտնվելով՝ առավոտները նրանց համար հովանի էր լինում, որպեսզի պաշտպանի արևի ջերմությունից, իսկ գիշերվա մթության մեջ չմնալու համար լույս էր տալիս: Երբ ամպը շարժվում էր, նրանք նույնպես շարժվում էին, երբ այն կանգնում էր, նրանք էլ կանգնում էին, որպեսզի իջևանեն: Ահա այդ ամպի միջից ձայն տալով Աստված Իր հրամաններն էր հաղորդում նրանց: Սույն հրաշալի ամպը քառասուն տարի անապատում առաջնորդեց իսրայելացիներին և երբ իսրայելացիները Հորդանան գետը անցնելով սուրբ Երուսաղեմի երկիրը մտան, նրանց աչքերի առջևից անմիջապես աներևութացավ:

Արդ, երբ նրանք Եգիպտոսից դուրս եկան, հիշյալ ամպը ուղիղ դեպի անապատ է գնում մանավանդ Աստված հրամայում է Մովսեսին, որ դեպի անապատ՝ Կարմիր ծովի ափը պիտի գնան:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․