Գրքեր
Կարմիր ծովի ափից իսրայելացիները ո՞ր ուղղությամբ գնացին:

Դեպի Սուր կոչված անապատը: Երբ երեք օր ճանապարհ գնալուց հետո ջուր չգտան, Մեռա անվամբ վայրը եկան: Այնտեղ թեև ջուր կար, սակայն այնքան դառն էր, որ հնարավոր չէր խմել: Ուստի սկսեցին Մովսեսի դեմ տրտնջալ, այս պատճառով այդ վայրի անունը Մովսեսը «դառնություն» դրեց (Ելք 15:23): Արդարև, ժողովուրդը այնտեղ մոռանալով տեսած հրաշքներն ու Մովսեսի լավությունները՝ դառնություն ցույց տվեց: Սակայն Մովսեսը, նրանց հանցանքին չնայելով, աղաչանքով Աստծուն դիմեց, և Աստծո կողմից մի փայտ հայտնվեց, որը Մովսեսը ջրի մեջ գցելուն պես՝ Աստծո կամքով դառը ջուրը անուշ ջրի փոխվեց (Ելք 15:25):

Ապա եկան Եղիմ, որտեղ տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենիներ կային: Եվ երբ այնտեղից Սինա անապատն են գալիս, Եգիպտոսից իրենց հետ վերցրած այլուրը սպառվում է, քանի որ արդեն երեսուն օր էր, ինչ Եգիպտոսից դուրս էին եկել:

Այնտեղ ժողովուրդը Մովսեսի և Ահարոնի դեմ գանգատվում է և ասում. «Ավելի լավ կլիներ եգիպտացիների երկրում Տիրոջ հարվածների զոհը դառնայինք, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում և կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեիք» (Ելք 16:3): Արդարև նրանք այն աստիճանի էին գերի դարձել իրենց որովայնին, որ համաձայն էին իրենց նախկին՝ հարստահարված վիճակում մեռնել, միայն թե կուշտ հաց ուտեին, ուստի հայտնի էր, որ իրենց միտքը Եգիպտոս վերադառնալ էր:

Այս կետում իսրայելացիները վերջին աստիճանի ապերախտ գտնվեցին: Քանի որ Եգիպտոսում իրենց կրած չարչարանքը և հրաշալի ձևով ազատվելը չմտաբերելով, փոքր և աննշան նեղություն պատահելուն պես՝ Մովսեսին հանցավոր են հանում, թե ինչո՞ւ Եգիպտոսից իրենց հանեց, սակայն քանի որ Մովսեսը Աստծո հրամանով էր հանել, ուստի նրանց գանգատը(անուղղակիորեն)  Աստծո դեմ էր:

Թեպետ, երբ ջրի պատճառով գանգատ և տրտունջ եղավ, և Մովսեսի աղոթքով դառնահամ ջուրը քաղցրացավ, սակայն այս անգամ նա չի աղոթում, քանի որ նրանց տրտունջը շատ ապօրեն և անվայել էր: Սակայն Աստված Իր գթությամբ նրանց հանցանքին չնայելով՝ հացի փոխարեն՝ մանանա և մսի փոխարեն լորամարգիներ տվեց նրանց:

Սակայն չի համարվում, որ լորամարգին և մանանան բնական ճանապարհով առաջացան, այլ՝ որպես Աստվածային պարգև և շնորհ լինելու ապացույց, Մովսեսին հայտնում է, որ երեկոյան՝ միս, առավոտյան՝ հաց պիտի ուտեն: Արդարև այն երեկո այնքան առատ լորամարգիներ են գալիս, որ ամբողջ բնակավայրը շրջապատում են, իսկ հաջորդ օրը առավոտյան կանուխ մանանա է տեղում, որը իսրայելացիները տեսնելով և չիմանալով թե ինչ է այն, միմյանց հարցնում են, թե ի՞նչ է այս, եբրայերեն «մանհու», այս պատճառով էլ «մանանա» կոչվեց:

Հրաշալին այն է, որ մանանան առաջին անգամ ինչպես հայտնվեց, նույն ձևով էլ շարունակեց ամեն օր երկնքից իջնել, բացի շաբաթ օրից, մինչև որ նրանք Երուսաղեմի երկիրը մտան:

Սակայն լորամարգիները միայն երկու անգամ եկան. Առաջինը՝ վերոհիշյալ Սին անապատում, երկրորդը՝ «ցանկության գերեզման» կոչված վայրում, ինչպես որ հայտնում է Թվեր 11:34 համարը: Եվ խիստ շատ լինելու պատճառով վանդակներում էին պահում և հետզհետե մորթելով և միսը աղ դնելով՝ երկար ժամանակ լորամորգու միս ունեին:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․