24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Ի՞նչ էր մանանան և ինչպե՞ս էին դրանից հաց պատրաստում:

Գինձի սերմի նման կլոր, սպիտակ և քաղցրահամ էր, որ ամեն առավոտ Իսրայելի բնակության վայրի շուրջը տեղում էր եղյամի նման: Սակայն նախ երկրի վրա ցող իջնելով՝ այն մաքրում և սրբում էր, որպեսզի մանանայի իջած տեղը մաքուր լիներ, որովհետև արևի ջերմությունից հալվում էր: Զարմանալին այն է, որ ամանով կրակի վրա դնելու ժամանակ հալվելու փոխարեն այնքան էր պնդանում, որ այն կա՛մ սանդի մեջ ծեծելով, կա՛մ ալրաղացով աղալով ալյուր էին պատրաստում և կրակի վրա եփելու ժամանակ խտանում էր և շատ լավ ու պատվական հաց էր դառնում:

Եվ քանի որ շաբաթ օրից բացի ամեն օր իջնում էր, այս պատճառով, ով մեկ օրում օգտագործելու անհարժեշտ քանակից ավելին հավաքեր՝ հաջորդ օրը որդնում էր, միայն ուրբաթ օրը, երկու օրվա համար բավականաչափ հավաքելով՝ մնում էր առանց որդնելու, որպեսզի շաբաթ օրվա համար ունենային: Ավելին՝ ինչ կերակուր, որ փափագում էին, մանանայից դրա համն ու հոտն էին առնում, ինչպես որ Դավիթ մարգարեն է այն հիշատակում բոլոր կերակուրների անունով, որն էլ հաստատում է այս կարծիքը:

Սույն պարգևը Աստծո հատուկ խնամքի մի արդյունքը լինելով, Ահարոնը՝ Մովսեսի հրամանով, մանանան լցնելով մի ոսկյա սափորի մեջ պահում է, որպեսզի չմոռանան Աստծո ողորմությունը: Հոգևոր իմաստով մանանան սուրբ Պատարագի խորհուրդն է հայտնում: Ապա Ռափիդիմ վայրը գալով, երբ այնտեղ ջուր չեն գտնում, ժողովուրդը նորից սկսում է տրտնջալ և բամբասել Մովսեսից, թե ինչու իրենց Եգիպտոսից հանեց, որպեսզի անապատում ծարավից կոտորվեն:

Դու իսրայելացիների չարամտությանը նայիր. Մովսեսի դեմ խոսելու և նրան հանդիմանելու համար միշտ պատճառ են փնտրում: Եվ այս անգամ նրանց անհամբերության համար Մովսեսը Աստծուն դիմելով՝ աղաղակում է. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին, քանզի քիչ մնաց, որ ինձ քարկոծեն»: Թեպետև ջուր խնդրելը հանցանք չէ, քանի որ այնքան մեծ բազմությունն առանց ջրի չի կառավարվի, բայց ասել՝ թե ինչո՞ւ մեզ Եգիպտոսից դուրս հանեցիր, մեծ հանցանք էր:

Բացի այդ, նախապես կատարված հրաշքները տեսած լինելով՝ պարտավոր էին աղոթքով Աստծուն դիմել, և Մովսեսին էլ միջնորդ ունենալով՝ խոնարհությամբ ջուր խնդրել, քանի որ հրաշքով իրենց անապատ բերած Աստվածն իհարկե կարող էր հոգալ նրանց բոլոր պետքերն ու կարիքները:

Սրա պատճառով որքան էլ ժողովուրդն արժանի էր պատժի, սակայն Աստծո ողորմությունը անչափ լինելով, առանց նրանց կոպտությանը նայելու, Մովսեսին հրամայում է, որ ժողովրդից մի քանի ծերեր վերցնելով Քորեբ լեռան ստորոտը գնա և այնտեղ ջուր բխեցնելու համար գավազանով հարվածի իրեն հայտնած վեմին: Արդարև, Մովսեսը հրամանի համաձայն հիշյալ վեմին հարվածելուն պես՝ իսկույն առատ ջուր բխեց այնտեղից և իսրայելացիների ծարավն ու պապակը լիովին զովացավ:

Զարմանալին այն է, որ սույն ջուրը ոչ միայն այդ իջևանավայրում նրանց կարիքները բավարարեց, այլև հետագայում ընդհանրապես չդադարելով գետի նման բխել՝ նրանց հետևից էր գնում, որով անապատի ամբողջ ճանապարհորդության ժամանակ կառավարվեց Իսրայելը:

Խելամուտ եղիր. Աստված հատկապես հրամայում է, որ ժողովրդի ծերերից մի քանի մարդիկ Մովսեսի հետ լինեն, որպեսզի հրաշալի ձևով վեմից ջուր բխելը տեսնելով՝ ժողովրդի մոտ վկայություն տան (Աղմ. 104:40), քանի որ հանիրավի Մովսեսին բամբասելով՝ փորձեցին Աստծուն, և Մովսեսի սիրտը վշտացրեցին: Այս պատճառով այն վայրի անունը Փորձություն և Բամբասանք դրվեց (Ելք 17:7):

Հոգևոր առումով Մովսեսի գավազանը՝ Սուրբ Խաչի, իսկ հիշյալ վեմը Քրիստոսի օրինակն ու նախատիպը եղան (Ա Կոր. 10:1):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․