24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Ինչպե՞ս տրվեց օրենքը:

Մեծամեծ հրաշքներով, ահավոր ցուցումներով և զանազան կարգադրություններով, որպեսզի ժողովուրդը օրենքի կարևորությունը ըմբռնելով՝ հակառակ ընթացքով չգնա: Եվ քանի որ Սինա լեռան ստորոտին էին իջևանել, Աստված Մովսեսին լեռը կանչելով՝ հիշեցնում է նրան մինչ այդ պահը իսրայելացիների համար արած բարությունները: Եվ եթե իսրայելացիները միշտ Իրեն հնազանդ մնան, նրանց Իրեն սեփական ժողովուրդ դարձնելու ողորմած և բարձր կամքը հայտնելով, Մովսեսին որպես դեսպան ուղարկում է, որ գնա և ժողովրդին հայտնի և Իրեն պատասխան բերի (Ելք 19:3):

Հետամուտ եղիր Աստծո ողորմած կարգադրությանը. ինչպես որ բոլոր մարդկանցից միայն Աբրահամին կանչեց, նույնպես բոլոր ազգերի միջից նրա ցեղին է ցանկանում Իրեն ժողովուրդ դարձնել, սակայն որպեսզի բռնությամբ և ակամա չլինի, նախ Մովսեսին ուղարկում է ժողովրդի մոտ, որ պատասխան ստանա, որպեսզի Նրա հետ դաշինք կապելու ժամանակ հաճությամբ և հոժարությամբ հնազանդվելով՝ ժողովուրդը վարձ ստանա:

Այս պատճառով նախկինում գործած բարիքներն է հիշեցնում, որպեսզի դրանց շուրջ խորհելով՝ ապագայում տրվելիք բարիքներին և ողորմությանը հավատ ընծայեն և միշտ հույսով, կատարյալ օրինապահությամբ հնազանդության մեջ լինեն:

Քանի որ Նա է այն բարեգութ Աստվածը, Որն ինչպես արծիվը, որ իր ձագերին թևերի վրա է կրում, այնպես էլ Ինքը ազատեց իսրայելացիներին Եգիպտոսից և փարավոնի ձեռքից (Բ Օր. 32:11): Ասում են, թե արծիվը իր ձագին թշնամուց փախցնելու ժամանակ իր թևերի վրա առնելով թռչում է, քանի որ իրենից բարձր թռչող այլ թռչուն չկա, բայց այլ թռչունները, իրենցից բարձր թռչող թռչուններից վախենալով, թռչելու ժամանակ իրենց ձագերին ոտքերի արանքում են պահում:

Երբ Մովսեսը լեռից իջնելով ժողովրդի ծերերին մի վայրում հավաքեց, Աստծո հրամանները մեկ առ մեկ բացատրեց նրանց, որոնք էլ միաբանված խոստացան և հանձն առան գործադրել Աստծո հրամանները ու Նրա պատվիրաններին և օրենքներին միշտ հնազանդվել (Ելք 19:8): Մովսեսը նույն օրը լեռը բարձրացավ և ժողովրդի պատասխանը տարավ առ Աստված:

Այո՛, թեև ժողովրդի միտքը հայտնի է Աստծուն, բայց ինչպես Մովսեսը Աստծո խոսքը տարավ ժողովրդին, նույնպես էլ ժողովրդի խոսքն է տանում Աստծուն, որպեսզի ժողովուրդը իր հանդիսավոր խոստումը չդրժի: Եվ քանի որ Մովսեսը որպես դեսպան ներկայացավ Աստծո և ժողովրդի միջև, Աստված նրան հայտնում է, որ «ահավասիկ Ես ամպի միջից քեզ հետ պիտի խոսեմ, որպեսզի քեզ հավատան»:

Նայիր թե Աստված ինչպես է փառավորում Իր հավատարիմ ծառային, քանի որ մինչ այն ժամը Մովսեսի հետ առանձին էր խոսում, այս անգամ խոստանում է հայտնապես խոսել, որպեսզի ժողովուրդը նրա պատիվը և հարգանքը իմանալով՝ հնազանդվի: Մովսեսը լեռից ինջնելով, այս անգամ ժողովրդին Աստծո հրամանի համաձայն պատվիրում է, որ իրենց զգեստները լվանան, քանի որ երեք օր հետո Աստված Սինա լեռան վրա պիտի իջնի և չլինի, որ որևէ մեկը այդ ժամանակ լեռը ելնի կամ դրան մոտենա, լինի մարդ, թե անասուն՝ պիտի քարկոծվի և նետահար ընկնի (Ելք 19:12): Որի համար էլ լեռան շուրջը սահման է գծում, որպեսզի ոչ ոք դրանից առաջ չանցնի: Ուստի, տրված պատվիրանի համաձայն ժողովուրդը պատրաստվելով, երրորդ օրը կանուխ լեռան վրա որոտումների ձայներ է լսվում, փայլատակումներ և մեգախառը ամպ է երևում, և փողի սաստիկ ձայներ են հնչում, լեռը առհասարակ հնոցի նման ծխի մեջ էր, քանի որ Աստված հրով լեռան վրա էր իջնում (Ելք 19:16):

Մովսեսը ժողովրդին լեռան շուրջն է կանգնեցնում, որպեսզի Աստծո հրամանը լսեն: Իսրայելացիները հիշյալ նշանները տեսնելով և որոտումների ձայները լսելով՝ սաստիկ վախով և սարսափով են պատվում: Այդ նշանները բոլորին երևալու ժամանակ, Աստված Մովսեսին լեռը կանչելով նորից հրահանգում է, որ ժողովուրդը չհամարձակվի լեռանը մոտենալ, և ապա Ահարոնին էլ իր հետ վերցնի ու լեռը բարձրանա: Մովսեսը, սույն հրամանի համաձան լեռից իջնելով, պատվիրում է ժողովրդին և Ահարոնի հետ բարձրանում լեռը:

Խորհիր, ինչպես որ թագավորի հրովարտակը կարդալու ժամանակ բոլորին ծանուցվում է, որ գան ու լսեն, որպեսզի հրամանին հակառակ ընթացքի մեջ չլինեն, նույնպես և Աստված, քանի որ Իր հրամանները մարդկանց պիտի հայտներ, այդպիսի հանդիսավոր նշաններ են լինում, որպեսզի ամեն մարդ երկյուղով և ուշադրությամբ լսի, որպեսզի հրամանին հակառակ ընթանալով չպատժվի:

Արդ՝ Մովսեսը և Ահարոնը լեռան վրա ամպի մեջ էին, Սինա լեռը ամբողջությամբ ծխի մեջ էր ընկղմված, փայլատակումները և ահավոր որոտումների և փողերի ձայները հետզհետե ավելի էին ահագնանում, և ներքևում ժողովուրդը երկյուղով պաշարված ժամանակ՝ Աստված խոսում և օրենքներն է տալիս Մովսեսին և Ահարոնին, նաև իսրայելացիներին հատուկ դատաստանների վերաբերյալ մի քանի կանոններ և իրենց ներքին սովորությունների պատվերներ է տալիս, բայց ոչ թե գաղտնի կերպով նրանց մտքերի վրա ազդելով, այլ հայտնապես և մեծաձայն բարբառով (Ելք 20:1), ինչի մասին քսանից մինչև քսանչորսերորդ գլխի մեջ ընդարձակորեն գրված է (Ելք): Ապա, երբ Մովսեսն ու Ահարոնը լեռից իջնելով հաղորդում են Աստծո հրամանները, նորից կատարյալ հնազանդություն է խոստանում ժողովուրդը (Ելք 24:3): Այն ժամանակ Մովսեսին գրի է առնում օրենքը, ինչպես որ Աստված հրամայել էր իրեն:

Մովսեսը ժողովրդի հնազանդությունը ցույց տալու համար, որպես ապացույց, իսրայելացիների տասներկու ցեղերի անունով տասներկու քարեր վերցնելով սեղան է կառուցում, և նրանց անդրանիկ որդիներին տանելով՝ ամբողջ ժողովրդի փոխարեն նրանց զոհեր է մատուցել տալիս սեղանի վրա, քանի որ մինչ այն ժամանակ Ահարոնը տակավին քահանա չէր: Մովսեսը զոհերի արյունը մի ամանի մեջ վերցնելով մի քիչ ջուր է խառնում, որպեսզի չմակարդվի և դրա կեսը սեղանի առջև ցողելով, օրենքը ի լուր ժողովրդի կարդում է: Ունկնդրությունից հետո, երբ ժողովուրդը հանդիսավորապես հայտարարում է, թե Աստծո հրամաններին և օրենքներին պիտի հնազանդվի, այն ժամանակ Մովսեսը արյան մնացած մասը ժողովրդի վրա է ցողում՝ ասելով. «Ահա այս է ուխտի արյունը, որով Աստված ձեզ հետ ուխտ կապեց» (Ելք 24:8):

Արդարև, Աստված ուխտով իսրայելացիներին Իրեն սեփական ժողովուրդ ընտրեց, սակայն քանի որ Աստծո ժողովրդի հատուկ արտոնությունն է Նրա անվախճան թագավորությունը ժառանգելը, իսկ Աստծո արքայությունը սրբությամբ կարելի է մտնել, և սրբությունն էլ Աստծո հաստատած օրենքներին հնազանդվելու մեջ է կայանում, և օրենքի լրում էլ Մեսիան լինելով (Հռոմ. 10:4), որպես նոր օրենքի նախատիպ, քահանայական պատարագի և այլ ծիսական արարողությունների հրահանգներ և պատվերներ տրվեցին, որոնք իսրայելացիները գործադրելով պիտի սրբվեին, որպեսզի արքայությանը արժանանային: Քանի որ ոչ թե մովսիսական օրենքի զորությամբ, այլ Հիսուս Քրիստոսի շնորհիվ և Նրա տված ավետարանական  օրենքներով է, որ մարդիկ կարող են Աստծո արքայությունը ժառանգել:

Այո՝, հին օրենքը Աստծո հրամանն է, որոնք գործադրող մարդիկ Աստծուն հաճելի էին դառնում, սակայն պայմանով, որ դրանք պետք պիտի գային, երբ Մեսիային հավատալով՝ իրենց ամբողջ հույսը Նրա շնորհի վրա դնեին: Այս պատճառով նոր օրենքի կատարելության հետ համեմատած՝ հին օրենքի անկատարությունը հայտնված է Ս. Գրքում (Եզեկ 10:25): Քանի որ, ինչպես նկարիչները իրենց նկարելիք պատկերը նախ մատիտով, կամ կավիճով գծանկարում են և ապա զանազան գույներով կատարելության են հասցնում, նույնպես հին օրենքը՝ նոր օրենքի նախատիպը կամ ստվերը լինելով (Եբր. 10:1), սուրբ Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսի գալստյամբ կատարելագործվեց (Մատթ. 5:17):

Արդ՝ Աստծո սուրբ ժողովուրդը հոգևոր թագավորության և քահանայության մեջ Աստծո շնորհով փառավորված քրիստոնյա ժողովուրդն է (Ա Պետ. 2:9): Եվ քանի որ Աստված իսրայելացիներին ընտրեց որպես Իր սեփական ժողովուրդ, այս պատճառով է, որ նրանց վրա թագավոր չի կարգում, քանի որ Աստված Ինքն է նրանց Թագավորը (Ելք 29:46): Թեպետ բոլորի թագավորը և բոլորին իշխանությամբ կառավարողը Աստված է, բայց իսրայելացիներին օրենք տալով՝ միայն նրանց հետ ուխտ հաստատած լինելով, մասնավորապես նրանց Թագավորը համարվեց:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․