Գրքեր
Վերը նշվածի համաձայն Մովսեսը և Ահարոնը լեռից իջնելուց հետո վերստին լեռը բարձրացա՞ն:

Այո՛, շատերը բարձրացան: Քանի որ Աստծո հրամանով Մովսեսը և Ահարոնը, ինչպես նաև նրա երկու որդիները՝ Նաբադը և Աբիուդը և ժողովրդի ծերակույտից յոթանասուն հոգի միասին լեռը բարձրացան, որպեսզի տեսնեն այն վայրը, որտեղ կանգնել էր Աստված, և որը աղյուսաձև երկնագույն շափյուղայից էր: Սակայն մի՛ կարծիր, թե Աստված նյութական վայրի կարիքն ունի, և մարդկանց նման որևէ տեղ կանգնելու անհրաժեշտություն, այլ այդպիսի նշանները տեսանելիորեն կային և Մովսեսի հետ խոսելը հայտնելու համար էին: Այն դեղին գոհարի տեսքով պատկերված լինելը Նրա մեծ փառքն է հայտնում:

Սակայն մի՛ համարիր, թե Աստծո փառքը մարմնավոր է, այլ մարդկանց աչքում գոհարն ու ադամանդը մեծահարգ, գեղեցկագույն և պատվավոր լինելու պատճառով Աստված Իր փառքը նրանց միջոցով է հայտնում: Քանի որ երևույթները տեղի են ունենում մարդկանց ընկալմանը համապատասխան: Ինչպես որ նույն տեղը աղյուսաձև երևաց, որպեսզի իսրայելացիները Աստծո ողորմությունը հասկանան: Քանի որ Եգիպտոսում ցեխ կոխոտելով աղյուս պատրաստելուց իրենց ազատելուց և օր-օրի փառքից փառք բարձրացնելուց հետո, ցեխը իբրև թե ադամանդի էր վերածել:

Դարձյալ, ինչպես որ ծովը երկնագույն է երևում, նույնպես այդ տեղի երկնագույն երևալը իսրայելացիների ծովով անցնելով ազատվելն է հայտնում: Նաև երկնքի նման պայծառ երևումն է հայտնում, որ եթե Աստծուն հնազանդ մնային, ապա երկնքի փառքին և արքայության անվախճան շքեղությանը պիտի արժանանային: Իսկ Աստծո «ոտքերի տեղ» բացատրությունը Աստծո Բանի մամնանալու նշանն էր:

Ահա այս պատճառով իսրայելացիների ծերերին ցույց է տալիս այն վայրը, որպեսզի գնան և ժողովրդին հայտնեն, և նրանք նույնպես գոհ լինելով միշտ հնազանդության մեջ մնան՝ իրենց խոստումի համաձայն: Ապա լեռից իջնելուց և ճաշելուց հետո, Մովսեսը, Աստծո հրամանի համաձայն, իր ծառայի՝ Հեսուի հետ նորից լեռն է բարձրանում, ամպը իրենց պատելով, այնտեղ նրանց պահում է վեց օր: Յոթերորդ օրը Աստված ամպի միջից Մովսեսին դեպի լեռան բարձրունքն է կանչում և այնտեղ առանց հաց ուտելու քառասուն օր և քառասուն գիշեր պահում է (Ելք 24:18):

Սակայն Հեսուն Մովսեսի հետ վերև չբարձրացավ, այլ մնաց իր տեղում: Աստծո փառքի տեսիլքը՝ բորբոքված հրի տեսքով, լեռան գագաթից տեսանելի էր ամբողջ ժողովրդին (Ելք 24:18), որպեսզի հասկանան, որ Աստված այնտեղ է, և որ նորից Մովսեսի հետ է խոսում պատվիրաններ տալու համար: Հիշյալ տեսիլքը կամ տեսարանը քառասուն օր ու գիշեր նույն ձևով մնաց, քանի որ Մովսեսի լեռից իջնելու ժամանակ դեռևս այդ հրեղեն նշանը մնում էր, ինչպես որ հայտնում է Բ Օրինաց 9:15 համարում:

Այն քառասուն օրվա ընթացքում Աստված Մովսեսին հայտնում էր, թե ինչպիսին պիտի լինեին Ուխտի տապանակը և Վկայության խորանը, որում պիտի պահվեր Ուխտի տապանակը, և այդ երկուսն էլ Մովսեսը պիտի պատրաստել տար: Նույնպես այնտեղ Մովսեսին հայտնվեց, որ Ահարոնը և նրա զավակները քահանաներ պիտի լինեն, և թե ինչպիսին պիտի լինեն նրանց զգեստների ձևը և տեսքը քահանայագործելու ժամանակ: Այնտեղ՝ այդ ժամանակ Աստված խոսեց մատուցելիք զոհերի և դրանք մատուցելու սովորության և անհրաժեշտ ու կարևոր պայմանների մասին:

Եվ դարձյալ, Մովսեսին քարերից պատրաստված երկու տախտակներ է տալիս, որոնց վրա Աստված տասնաբանյա օրենքն էր գրել (Ելք 24:17), ինչպես որ Ելք 25 գլխից մինչև 32 գլուխներում հիշյալ կետերի մասին ամեն ոք կարող է կարդալ (Խոսեց Տերը Մովսեսի հետ. Ելք 25):

Ահավասիկ տասնաբանյա օրենքների համառոտ բովանդակությունը.

Առաջին՝ ճանաչել Աստծո մեկությունը, երկրպագել միայն Աստծուն, ամեն ինչից առավել Նրան սիրել և կուռքերին բնավ երկրպագություն չանել:

Երկրորդ՝ Աստծո անվամբ սուտ չերդվել:

Երրորդ՝ սուրբ պահել շաբաթ օրը. այս պատվիրանը կիրակիի առումով փոխվեց, քանի որ այն օրը Հիսուս Փրկիչը հարություն առավ:

Չորրորդ՝ պատիվ և հարգանք ընծայել հորը և մորը:

Հինգերորդ՝ մարդ չսպանել:

Վեցերորդ՝ չշնանալ:

Յոթերորդ՝ գողություն չանել:

Ութերորդ՝ սուտ վկայություն չտալ:

Իններորդ և տասներորդ՝ ուրիշների ունեցվածքներին և կնոջը ցանկության աչքով չնայել:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․