Արդյոք Մովսեսի աղոթքը չընդունվե՞ց, որ Աստված իսրայելացիների հետ չցանկանալով գնալ՝ ցանկացավ մի հրեշտակ ուղարկել:



Գրքեր
Արդյոք Մովսեսի աղոթքը չընդունվե՞ց, որ Աստված իսրայելացիների հետ չցանկանալով գնալ՝ ցանկացավ մի հրեշտակ ուղարկել:

Ընդունվեց, քանի որ Մովսեսի աղոթքով էր, որ Աստված իսրայելացիներին կորստյան չմատնեց և կամեցավ հրեշտակի միջոցով առաջնորդել, որպեսզի իրենց հանցանքը հասկանալով՝ զղջման գան: Այս պատճառով Մովսեսին պատվիրում է, որ նրանց հայտնի իրենց համառությունը, անհնազանդությունը և հակառակասիրությունը, և զգուշանան, որպեսզի նորից դատապարտության և պատժի չարժանանան:

Այո՛, թեև նրանք սգացին, բայց քանի որ մարդը պարտական է իր հանցանքների փոխարեն ամբողջ սրտով զղջալ և ապաշխարել, Աստված պատվիրում է, որ իրենց պերճաշուք զգեստները փոխելով՝ սրտերում եղած զղջումը արտաքուստ ևս հայտնի դառնա, որպեսզի հետո նրանց համար գործադրի այն ամենը, ինչ արժանի է (Ելք 33:5):

Այս խոսքը ժողովրդին զղջման հրավիրել էր նշանակում, ապագայում իրենց կամքին  թողնելով լավ կամ վատ ընթացք ունենալը: Քանի որ, եթե ուղիղ սրտով զղջան՝ շնորհների և ողորմությունների, իսկ եթե ոչ՝ պատժի և դատապարտության պիտի արժանանան: Արդարև, հրամանի համաձայն Աստծո ողջ ժողովուրդը ամբողջ զարդարանքից մերկացան և որքան որ Սինա լեռան մոտ մնացին՝ բնավ չպաճուճվեցին (Ելք 33:6):

Օրինակ վերցրու. թեպետ սրբերի աղոթքները Աստված ընդունում է, սակայն մեղավորն էլ պարտավոր է այլևս հրամանին հակառակ չգործել խոստանալով, ճշմարիտ զղջմամբ մեղքերի փոխարեն պատվիրված ապաշխարությունը անթերի կատարել, որպեսզի ազատվի պատժից:

Ապա Մովսեսը, բազմությունից հեռու մնալու համար, իր վրանը բնակավայրից հեռու է կանգնեցնում, որի անունը «վկայության Խորան» կոչվեց, այնպես որ, երբ մեկը Աստծուց խնդրանք ուներ՝ այնտեղ էր գնում խնդրելու: Մովսեսը խորան մտնելու ժամանակ՝ ամեն մարդ իր վրանի մուտքի մոտ կանգնած նայում էր, և հրաշալի ամպը՝ սյան նման խորանի դռան մոտ իջնելով, բարեկամի հետ դեմ հանդիման խոսելու նման՝ Աստված ամպի միջից խոսում էր Մովսեսի հետ, և ժողովուրդը դա տեսնելով երկրպագություն էր անում (Ելք 33:11):

Ոչ ոք չէր կարող ներս մտնել, միայն, երբ Մովսեսը խորանից դուրս էր գալիս, նրա ծառան՝ Հեսուն էր ներս մտնում և միշտ աղոթում էր այնտեղ: Վերոհիշյալ ձևով, երբ Աստված խոսում էր Մովսեսի հետ, նա դարձյալ աղաչում է Աստծուն, որպեսզի ժողովրդի փառքի և մխիթարության համար համաձայնվի գնալ ժողովրդի հետ, ինչպես նաև, որպեսզի հայտնի դառնա, որ Աստծո հաճությունը նրանց վրա է: Եվ քանի որ ժողովուրդը արդեն միաբանյալ զղջացել էր, այդ պատճառով Աստված հայտնում է, որ հոժարակամ է գնալու նրանց հետ (Ելք 34:14):

Լավ մտապահիր, որ մինչ այդ ժամը Մովսեսը իր համար երբեք որևէ բան չխնդրեց, այլ միշտ ժողովրդի համար բարիք և հանգիստ էր խնդրում: Աստծո կողմից ժողովրդի հանցանքը ներելուն պես սիրտը հանգստանալով՝ այս անգամ իր համար է խնդրում: Բայց ոչ թե մարմնական փառք, աշխարհիկ հարստություն կամ կյանքի երկարություն է խնդրում, այլ Աստծուն տեսնել է փափագում (Ելք 32:13):

Ի՞նչ ես խոսում, ո՛վ Մովսես, մտածիր, թե ինչ է խնդրածդ: Այո՛, սերդ և ցանկությունդ կատարյալ են, բայց մարդ չի կարող այս աշխարհում տեսնել Աստծուն: Մովսեսը ասում է. «Եթե Աստծուն հաճելի մարդ եմ, փափագում եմ տեսնել Նրան, մինչ այսօր Նրա շատ սքանչելիքները տեսա, այս անգամ այդ սքանչելիքները գործող Տիրոջն եմ փափագում տեսնել»:

Պահանջմունքիցդ մի՛ նահանջիր, ո՛վ Մովսես, միայն թե ժամանակը փոխիր, քանի որ դու Աստծուն հաճելի մարդ լինելով՝ ցանկությունդ պիտի կատարվի, սակայն արքայության մեջ: Եվ քանի որ այս աշխարհում հնարավոր չէ Աստծուն տեսնել, ուրեմն գոնե Նրա փառքը տեսնել է ցանկանում (Ելք 33:18):

Դու տես. ինչպես որ մինչ այդ ժամանակ Մովսեսին արված ողորմությունը ոչ ոքի չէր արվել, նույնպես էլ ոչ ոք նրա նման Աստծուն տեսնելու փափագ հայտնելու համարձակություն չէր ունեցել: Սակայն Մովսեսը բոլորից ավելի Աստծուն հաճելի լինելով՝ (Ելք 33:12) նրա խնդրանքը ընդունվեց, միայն թե երեսը ցույց տալու փոխարեն, որը անկարելի էր, նրան մի ժայռի ծերպում թաքցնելով՝ անցնելու ժամանակ Նրա հետքի փառքն է տեսնում (Ելք 33:22):

Ապա Մովսեսին հրամայում է, որ նախկին կոտրած քարե տախտակների նման երկու տախտակներ պատրաստի, որոնք իր հետ վերցնելով Սինա լեռը բարձրանա: Մովսեսը, հրամանի համաձայն, պատրաստում է երկու տախտակները, որոնք իր հետ վերցրած բարձրանում է Սինա լեռը, և հիշյալ քարերը իր համար որպես հենարան գործածելով՝ կանգնում է այնտեղ: Աստված ամպերի վրա իջնելով՝ այնտեղից անցնելու ժամանակ հայտնում է իր իշխանությունը: Հայտարարում է, որ Ինքն է ողորմած, ներողամիտ, արդար, ճշմարիտ, հավատարիմ և անհունորեն գթած ու բարերար (Ելք 34:6), որպեսզի բոլորին հայտնի դառա, և մարդիկ, ապավինելով Նրա ողորմությանը, չհուսահատվեն և արդարությունից վախենալով՝ մեղքից հեռու մնան:

Քանի որ ոչ թե Մովսեսն է ինքնին խոսում և այս հայտնում, այլ Աստված հենց Ինքը, ինչպես որ այդ կարդում ենք Թվեր 14:17  համարում: Մովսեսը քարայրի ծերպից Աստծո փառահեղ իշխանությունն ու մեծությունը տեսնելով՝ գետնամած երկրպագության ժամանակ երեսը լուսավորվում է:

Թեպետ այսպիսի շնորհ և պարգև միայն Մովսեսին տրվեց, բայց նրանք, ովքեր փափագում են տեսնել Աստծո փառքն ու մեծությունը, թող մտքով արարածներին նայեն, քանի որ արարածը Արարչի հետքը լինելով՝ Աստծո գոյության, կարողության և գիտության ապացույցները նրանցում ենք տեսնում, ինչպես որ առաջին դարի 11-րդ հարցում հիշատակեցինք:

Իսկ հոգևոր առումով սուրբ Երուսաղեմի բոլոր տնօրինական վայրերը մեր Փրկիչ Քրիստոսի ոտնակոխ սրբավայրերը լինելով՝ Աստծո կարողությունը, իմաստությունը, մարդասիրությունը և ձրիաբար պարգևած շնորհն ու ողորմությունը լիուլի հայտնվում են այնտեղ:

Քանի որ Հիսուս Քրիստոսը, թեև որպես մի աղքատ և պանդուխտ, Բեթղեհեմ քաղաքում մի այրում ծնվեց և անասունների մսուրի մեջ դրվեց, բայց միևնույն ժամանակ հրեշտակների բազմությունը երկնքից իջած՝ նրա ծնունդը հովիվներին ավետելով, Աստծո ողորմության դուռը մարդկային բոլոր ազգերի համար բացված է համարվում (Ղուկ. 2:9):

Թեպետ Գողգոթա լեռան վրա, որպես հանցագործ բարձրացավ Խաչի վրա, սակայն արևը երկնքում լույսն իսկույն իր մոտ հավաքելով և ամբողջ աշխարհը խավարի մեջ թողնելով, և երկիրը դողալով՝ վեմերի պատռվելը և գերեզմանները բացվելով բազմաթիվ սրբերի հարություն առնելը Աստծո մեծ և ահավոր զորությունն է հայտնում:

Իր կամքով Սուրբ Խաչի վրա Հայր Աստծո ձեռքն է ավանդում Իր հոգին, թեև թաղվեց գերեզմանում, սակայն երեք օր հետո հարություն առնելով՝ Աստծո փառքն ու զորությունը հայտնվեց ամբողջ աշխարհին, ինչպես որ գրված է սուրբ Ավետարանում:

Ուրեմն, ահա այս կերպով, ով փափագում է Աստծո փառքը տեսնելով՝ Նրա փառքով փառավորվել, թող հիշյալ սուրբ տեղերին հոգու աչքով նայի, և կատարյալ հավատքով ու անկեղծ սիրով երկրպագություն մատուցի: Քանի որ ինչպես Մովսեսը, վերոհիշյալ քարը իրեն ապավեն և պատսպարան դարձնելով, Աստծո անցնելու ժամանակ Նրա փառքը տեսնելուն պես՝ նրա դեմքը լույսով պայծառացավ, նույնպես էլ քրիստոնյաները, այդ սուրբ վայրերում մարդկային ցեղի փրկության համար Հիսուսի կրած չարչարանքների շուրջ խորհրդածելու ժամանակ, իրենց հոգին լույսով է պայծառանում, և իրենց հավատքի համեմատ հոգևոր մխիթարություն ստանալով՝ փառավորվում են:

Քանի որ Սինա լեռը՝ սուրբ Երուսաղեմի, հիշյալ քարը, որի ծերպի մեջ Մովսեսը պատսպարվեց՝ սրբավայրերի, և այնտեղից Աստծո անցնելը՝ Հիսուս Քրիստոսի մարդանալով աշխարհ գալու օրինակը և պատկերն է հայտնում: Այդ պատճառով քրիստոնյաները պարտավոր են Հիսուսի կրած չարչարանքների շուրջ միշտ խորհելով՝ (Ա Պետ. 4:1) մեղքից հեռու մնալ և հանուն նրա սիրո պատահած վշտերին անտրտունջ համբերել, որպեսզի Աստծո արքայության անվախճան փառքին արժանանան (Հռոմ. 8:17) և Աստվածային տեսությունը վայելեն:

Մովսեսը այս երկրոդ անգամ նույնպես Սինա լեռան վրա քառասուն օր և քառասուն գիշեր առանց սննդի մնաց, և նախկին տախտակների վրա գրված տասնաբանյա օրենքը Աստված նորից գրեց Մովսեսի տարած տախտակների վրա, ինչպես նաև այլ զանազան պատվիրաններ էլ տվեց, հրամայելով, որ դրանք նույնպես գրի առնի: Այստեղ իսրայելացիների հետ արված Աստծո ուխտը նորոգվեց: Հետո Մովսեսը օրենքների տախտակները ձեռքին լեռից իջավ:

Հիմա լավ խորհիր արդար մարդու և մեղավորի միջև եղած ահռելի տարբերության շուրջ: Մովսեսը, որ արդեն իսկ հնազանդ էր Աստծուն, ծոմապահությամբ արժանանում է Աստծո փառքը տեսնելուն, քանի որ ծոմապահությունը մարդուն հրեշտակային պատվին է հասցնում: Օրինակ՝ Ադամը դրախտում հնազանդ եղած ժամանակ ոչ միայն հրեշտակների հետ ուրախ և երջանիկ էր (դրախտի փափկության մեջ ուրախանում էր հրեշտակների հետ (շարական)), այլ նաև Աստվածային տեսությամբ և փառքով լուսավորված՝ հրճվում էր (որտեղ ցնծում էր զվարճացած անտխրական խնդությամբ, քանզի միշտ տեսնում էր Աստծուն դրախտ իջած, Որից բխած լույսի ճառագայթը տպավորվում էր իր մեջ (շարական )), բայց որկրամոլությամբ պատվիրանազանց լինելու հակված, պահեցողությունը խախտելուն պես տիրական փառքից զրկվելով՝ այնքան թշվառացավ, որ ամոթից Աստծո աչքին չերևալու համար իզուր ծառերի մեջ թաքնվելու վայր էր փնտրում:

Մի՛ զարմացիր, քանզի ինչպես հանցագործն է վախենում դատավորի մոտ գնալ, նույնպես մեղավորը, Աստծո առջև գնալուց վախենալով, խուսափելու տեղ է փնտրում, քանի որ մարդկային միտքը անկաշառ վկա է և դատախազ նրա մեջ:

Արդ, եթե Մովսեսը առաքինի լինելով այնքան համարձակություն ստացավ, որ դեռևս երկրի վրա եղած ժամանակ Աստծո լուսապայծառ կերպարանքը տեսնելու ցանկություն ունեցավ, ուրեմն ամեն առաքինի մարդ՝ սիրտը մաքուր և միտքը Աստծո շնորհքով լուսավորված, բոլոր պարագաներում հոգևոր համարձակություն կարող է ունենալ (Ա Հովհ. 3:21):

Արդարև, մինչև որ Աստծո կողմից հատուկ հայտնություն չլինի, մարդը չի կարող իր արքայության ժառանգորդ լինելը իմանալ, բայց սիրտը մեղքի արատից զերծ և մաքուր պահելը Աստծո արքայությանը արժանի լինելու մի մասնավոր նշան և ապացույց է (Մատթ. 5:8):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․