Գրքեր
Քանի՞ սեղան կար վկայության խորանում:

Երեք: Առաջին սեղանը երկու կանգուն (1 կանգունը = 0,455-0,776մ) երկարություն, մեկ կանգուն լայնություն և մեկ ու կես կանգուն բարձրություն ուներ, որը չփչացող փայտից էր պատրաստված և ոսկեպատ էր, չորս ոտք ուներ, որոնց վրա հենվում էր: Սա «Սրբությունների սրբություն» կոչված տեղի առջևում գտնվելու պատճառով «Երեսի սեղան»  կամ «Առաջավորության սեղան» անվանվեց, որպեսզի հասկանան, որ Աստծո ներկայությունն է այնտեղ: Սրա վրա հաց դրվելու համար նաև «Հացի սեղան» էլ էր կոչվում:

Քանի որ իսրայելացիների տասներկու ցեղերի անունով տասներկու հաց էր դրվում այնտեղ, որոնք խմորիչով չէին պատրաստված և ոսկեզօծ թղթով էին փաթաթված, որոնցից վեցը սեղանի մի անկյունում, իսկ մյուս վեցը մյուս անկյունում իրար վրա էին դնում: Այս հացերը ամեն շաբաթ փոխվում և նորերն էին դրվում և այս առաջինները միայն քահանաները իրավունք ունեին ուտել, իսկ ժողովրդին արտոնված չէր ուտել այդ հացից: Այս սեղանի վրա նաև խունկ և աղ էր նվիրվում Աստծուն:

Երկրորդ սեղանը «Խնկերի սեղան»-ը կամ «Խնկակալ»-ն էր, որը մեկ կանգուն երկարություն, մեկ կանգուն լայնություն և երկու կանգուն բարձրություն ուներ, պատրաստված էր չփչացող փայտից և ոսկեպատ էր, սրա վրա առավոտյան և երեկոյան անուշահոտ նյութերից բաղկացած խունկ ծխելու համար «Խնկի սեղան» անունն էր ստացել:

Երրորդը «Ողջակեզների սեղան»-ն էր, որի երկարությունը և լայնությունը հնգական կանգուն էր և բարձրությունը՝ երեք կանգուն, երեսը բաց էր և ամբարի նման էր, չփտող փայտից էր և պղնձապատ: Սրա մեջ խորության կեսի չափով պղնձե մի կաթսա էր դրվում, որի վրա ողջակեզն էր այրվում, այս իսկ պատճառով «Ողջակեզների սեղան» կոչվեց, և որի տակ միշտ կրակ լինելու պատճառով բակում էր դրվում, որպեսզի կրակի ծուխը և զոհի հոտը օդում ցրվեին:

Սակայն մի՛ կարծիր, որ տապանակի, խորանների և սեղանների զարդարանքները և կահավորանքը այսքանն էին, այլ դրանց այլևայլ զարդարանքները և գործիքները նկարագրված են Աստվածաշնչում: Արդ, Աստծո պատվիրանի համաձայն այս ամենը պատրաստվելուց հետո հանձնվեց Ղևտացիներին, որոնք հատկացված էին դրանց ծառայությանը:

Եվ ահա, Աստծո կամքով, լուսավոր ամպը երևալով՝ աստվածային փառքով սքանչելապես լուսավորում է այն, այնպես է լուսավորում, որ Մովսեսը անկարող է լինում ներս մտնել: Սույն հրաշալի ամպը միշտ խորանի վրա լինելով՝ գիշերները լուսավորում էր, իսկ ցերեկները հովանի և ստվեր էր անում, և երբ խորանի վրայից բարձրանում էր, այն ժամանակ իսրայելացիները շարժվում էին:

Վերոհիշյալ նյութերի նկատմամբ և հարկ եղած պատվերներից բացի, Ղևտացիների գրքի առաջին գլխից մինչև ութերորդ գլուխը զոհերի և իսրայելացիներին հատուկ ծեսերի ու այլ սովորությունների վերաբերյալ զանազան պատվերներ էլ են ավանդված և գրված: Արդարև, հին օրենքի մեջ Աստծուն նվիրված զոհերի և ընծաների մասին զանազան պատվիրաններ են տրված և պայմաններ են նշված, բայց կարող ենք չորս գլխավոր մասերի բաժանել դրանք, և այստեղ համառոտակի հիշել:

Առաջին՝ Աստծո անհուն մեծության պատվին ողջակեզ էր մատուցվում կամ ընծա: Երկրորդ՝ յուրաքանչյուր մարդ պարտավոր էր «մեղքի համար զոհ» մատուցել՝ իր մեղքերից քավություն գտնելու համար: Երրորդ՝ Աստծո արած բարերարությունների հանդեպ շնորհակալ լինելու համար զոհ էր մատուցվում, որը կոչվում էր «խաղաղական»: Չորրորդ՝ եթե որևէ մեկը ինչ-որ խնդրանք կամ բարիք էր փափագում Աստծուց ստանալ, ապա պարտավոր էր դրա իրականացման համար զոհ մատուցել, որը կոչվում էր «խաղաղարար»:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․