Գրքեր
Ո՞ր ցեղից էին Ղևտացիները:

Հակոբ նահապետի երրորդ որդու՝ Ղևիի ցեղից, այս պատճառով էլ կոչվեցին Ղևտացի: Ահարոնը նույնպես նույն ցեղից էր, այդ պատճառով Մովսեսը, Աստծո հրամանով, Ահարոնին և նրա Նաբադ, Աբիուդ, Եղիազար և Իթամար որդիներին խորանի մոտ տանելով՝ լվացացնում է և քահանայական զգեստներ հագցնելուց հետո օծելով քահանա է դարձնում նրանց, ապա զոհ մատուցելով պատվիրում է, որ յոթ օր ընդհանրապես խորանից դուրս չգան:

Երբ յոթ օրերն ավարտվեցին, Մովսեսի հրամանով Ահարոնը և նրա որդիները, ինչպես նաև ժողովրդի ծերերը խորանի առջև զոհ մորթելով՝ ողջակեզների սեղանի վրա են դնում, և Ահարոնը խորան մտնելով խնկարկություն է անում, ապա դուրս գալով, ժողովրդի համար աղոթելու ընթացքում, խորանից սքանչելի կերպով բոց է դուրս գալիս և սեղանի վրա գտնվող ողջակեզները այրում է և մոխրի վերածում:

Ժողովուրդը, սույն հրաշքը տեսնելով, սաստիկ ահով և դողով երկրպագում են Աստծուն: Քանի որ այդ եղելությունը զոհի ընդունելի լինելու նշանն էր: Հիշյալ սեղանի տակ միշտ փայտ դնելով՝ հրաշքով առաջացած հիշյալ կրակը միշտ անշեջ էին պահում և գիշեր-ցերեկ դրա վրա զոհեր էին մատուցում:

Արդարև այն օրը Մովսեսը, Ահարոնը և բոլոր իսրայելացիները շատ ուրախացան: Քանզի Աստծո հրամանի համաձայն ավարտելով վկայության խորանի կառուցումը՝ Ուխտի տապանակը և սեղանները իրենց տեղերում դրեցին, Ահարոնը՝ քահանայապետ, իսկ նրա որդիները քահանաներ դարձան, և զոհն էլ Աստծուն հաճելի և ընդունելի եղավ, որն էլ բազմապատկեց ժողովրդի ուրախությունը:

Սակայն, ինչպես որ արժանի է ուրախանալ Աստծո ողորմությունների և պարգևների համար, նույնպես և պետք է երկնչել Նրա արդարությունից, որ չլինի թե Նրա պատվիրաններին հակառակ մի բան լինի՝ գիտությամբ, թե անգիտությամբ ընթանալով, ինչը որ իրոք պատահեց:

Քանի որ քահանաները, որ առավոտյան և երեկոյան խորանում խունկ էին ծխում, պարտավոր էին հարկավոր կրակը զոհի սեղանի կրակից դնել իրենց բուրվառի մեջ: Բայց նույն օրը, երեկոյան խնկարկության ժամանակ, Ահարոնի երկու որդիները՝ Նաբադը և Աբիուդը, անուշադրությամբ, զոհի սեղանից դնելու փոխարեն՝ շտապելով ուրիշ կրակ դրեցին իրենց բուրվառների մեջ:

Եվ երբ խնկարկում էին, հանկարծ սեղանից կրակ դուրս գալով այրեց նրանց և նրանք իսկույն մահացան (Ղևտ. 10:1): Սակայն զարմանալին այն է, որ նրանց մարմինները և հագուստները չէին այրվել և իրենց նախկին անթերի վիճակում էին մնում: Իհարկե սրա վերաբերյալ Ահարոնի, Եղիազարի և Իթամարի սրտերը չափազանց շատ ցավեցին, բայց Մովսեսը նրանց մխիթարելով՝ թույլ չի տալիս սգալ: Այս ահավոր դեպքը ոչ միայն մյուս քահանաներին, այլև ամբողջ ժողովրդի համար մի երկյուղալից խրատ եղավ:

Այստեղ մի պահ մեծ ուշադրությամբ խորհիր. նրանք, որ Հին ուխտում նույն օրն էին սկսել իրենց քահանայական պաշտոնավարությունը, մի փոքր թերության համար մահացան, ի՞նչ պիտի լինի մեր վիճակը, եթե մենք նոր օրենքի մեջ թերություններ ունենանք: Որովհետև, երբ մարդը իր մտքի և սրտի մեջ մեղսալից փափագներ է սնուցում, ասես օտար հուր է դնում իր բուրվառում, որը անպատճառ պատժի և դատապարտության կարժանանա:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․